ԲՀԿ-ԻՆ ԴՈ՞ՒՐՍ ԵՆ ՄՂՈՒՄ

  • Մեկնաբանություն - 28 Ապրիլի 2011, 17:01
Հայաստանում քաղաքական դաշտի բյուրեղացումը հասնում է ծայրահեղ կետի` ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը անխնա դուրս են մղում մրցակիցներին:
 
Առաջինն իր վրա դա զգաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հասկացավ, որ ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը «օտարներին» խորհրդարան չեն թողնի, որովհետև տեղերը սահմանափակ են, իսկ ցանկացողները` շատ: Հացադուլի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրեց  չողջունել Հովհաննիսյանին, որովհետև դա հավասարազոր կլիներ Կոնգրեսի ցուցակում երկրորդը կամ երրորդը լինելու խոստման: Հովհաննիսյանի հետ խոսելուց Տեր-Պետրոսյանի հրաժարվելը նշանակեց, որ նա չպետք է հույս ունենա ՀԱԿ ցուցակում:
 
Երկրորդը սթափվեց ԲՀԿ-ն, որի դեմ, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, արշավ է սկսվել: Փետրվարին կնքված կոալիցիոն համաձայնագիրը ստորագրվել է որպես ՀՀԿ վրա ԲՀԿ չհարձակվելու վերաբերյալ «պակտ»: Սակայն, այժմ, հենց ՀՀԿ-ն, ամրապնդելով դիրքերը և «ուխտադրժորեն» խախտելով պակտը, որոշել է «հարձակվել» և դուրս մղել ԲՀԿ-ին քաղաքական դաշտից: Ամեն դեպքում, չնայած ԲՀԿ պատգամավորների հավաստիացումներին, որ ընտրություններին մասնակցելու են առանձին ցուցակով, ակնհայտ է, որ առանց ՀՀԿ օգնության և ընտրական հանձնաժողովներում նրանց «մարդկանց» ԲՀԿ-ն բոլոր «շանսերն» ունի չհաղթահարել 5 տոկոսանոց արգելքը: Ինչու պետք է ընտրողները քվեարկեն ԲՀԿ օգտին` իշխանամետները ձայնը կտան ՀՀԿ-ին, ընդդիմադիրները` ՀԱԿ-ին: Հստակ քաղաքական պլատֆորմի բացակայությունը կարող է կուսակցությանը վերջնականապես դուրս մղել ակտուալ քաղաքական դաշտից:
 
Դեռևս անհասկանալի է ՀՅԴ դիրքորոշումը, որը նույնպես կարող է իր վրա զգալ քաղաքական դաշտի բյուրեղացման գործընթացը: Սակայն, չի բացառվում, որ ՀԱԿ և ՀՀԿ միջև կարող է համաձայնություն ձեռք բերված լինի խորհրդարան ՀՅԴ-ին «մուտքի թույլտվություն» տալու համար` խորհրդարանում ազգայնական թևը ապահովելու համար, որը կարող է ցանկացած պահի անհրաժեշտ լինել: Հնարավոր է, որ ՀՅԴ որոշակի հանգստությունը կարող է պայմանավորված լինել նման պայմանավորվածության առկայությամբ:
 
Այն կուսակցություններն ու քաղաքական անձինք, ովքեր հավակնություններ են ներկայացնում վերադառանլ ակտուալ քաղաքականություն, ինչպես նաև ներկայիս քաղաքական դաշտի մարգինալացված գործիչները պետք է մի այնպիսի բան մտածեն, որով նրանց դիրքորոշումը կտարբերվի ՀՀԿ և ՀԱԿ դիրքորոշումներից: Այս 2 քաղաքական ուժերը զբաղեցրել են գրեթե ողջ քաղաքական տարածությունը` սկսած պահպանողականությունից, վերջացրած լիբերալիզմով (մի փոքր ազգայնական հատված թողնելով Դաշնակցությանը): Չեն օգնի ոչ արտաքին ու ներքին մարտահրավերներին հղում կատարելը և բարեփոխումներ խոստանալը, որոնցից այժմ օգտվում է ՀՀԿ-ն, ոչ կոշտ քննադատությունը, որը դարձել է ՀԱԿ «ապաստարանը»:
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Ամենաընթերցվածը