ՀԱՅԿԱԿԱՆ ՖԱՇԻԶՄԸ

  • Մեկնաբանություն - 09 Օգոստոսի 2010, 11:39
Կամ թրքաբոլշևիզմի և քաղաքացիական պատերազմի մասին
 
Կուզենայի մի երկու դատողություններ անել Վիոլետ Գրիգորյանի “Չարենցի «Երկիր Նաիրին», թրքաբոլշեւիզմն ու մոլլա Նասրեդինի վերմակըհոդվածի մասին/ tert.am/: Հեղինակը սկզբում տալիս է սահմանումը, թե ով է “թրքաբոլշևիկը”, հետո Վահան Իշխանյանի ընկերակցությամբ մեր իրականությունում փնտրում նրանց նմաններին:
Հոդվածի իմաստը “թրքաբոլշևիկ” բառը կրկին դիսկուրս բերելն է, սա ակնհայտ է:
 
Մի դիտողություն. Հեղինակը գրում է. “Որքան էլ որ Չարենցը, էսօրվա բառերով ասած, «իշխանության պատվերն էր կատարում»` բոլշեւիկների հակառակորդներին ամենակծու ծաղրի ենթարկելով…”: Ոչ. Չարենցը իսկական պոետ լինելով նա իր համոզմունքներն էր արտահայտում: “Իշխանության պատվեր” 20-ականներին դեռ չկար, այն հայտնվեց սոցռեալիզմի սկզբունքները ձևավորելու հետ միասին: Այն չկար նաև ԽՍՀՄ վերջին տասնամյակներին, չկար 90-ականներին: Հայաստանում այն կրկին հայտնվեց վերջին տասնամյակում:
 
Ճիշտ չէ նաև, այն որ Կարսի անկման պատճառը իր նման “թրքաբոլշևիկներն” էին:  “Թրքաբոլշևիկները” չնչին ազդեցություն ունեին զանգվածների վրա, ամբողջ Հայաստանում մի հարյուր բոլշևիկ էլ չկար, և չէին կարող կազմալուծող ազդեցություն ունենալ բանակի վրա:
 
Բուն պատճառներն այլ էին: Կարսի նահանգապետ Ս. Ղորղանյանը գրում է. “Արհամարհալից և հեգնորեն, այդ գեներալները և գնդապետները ծաղրում էին “հայկակական սուվերենիտետը”, դրվատում ռուս պետական անցուդարձը, հայ մինիստրներին “խմբապետներ” անվանում և կառավարության պահանջը բանակի ազգայնացման մասին զավեշտ զառանցանք համարելով, այդ առիթով ռուսերեն էին սրախոսում… բաժակաճառերը վերջանումն էին ռուսերեն “ուռայով”, ուր բոլորի հայացքը դառնում էր դեպի հյուսիս”/ ըստ` Գևորգ Յազըճյանի “Կարսի անկման բուն պատճառները”/ http://www.ararat-center.org/index.php?p=11&l=arm/:
 
Եվս մեկ քաղվածք Գևորգ Յազըճյանից. “Թուրքական վտանգի թերագնահատումը ուղեկցվում էր սեփական կարողությունների անհիմն գերագնահատումով, որովհետև “հաղթական էինք մեր անկախության առաջին օրերից իսկ”, “լավ զինված և պարենավորված, Անդրկովկասում կռվողի հռչակ հանած, թվով գերազանց” բանակ ունեինք և “ուժեղ էինք Անդրկովկասի մյուս հանրապետությունների համեմատ”: Ըստ Կարո Սասունու` “Հայկական զինվորական անձնավստահությունն իր կարծեցյալ թվական առավելության վրա էր”: Առաջ ընկնելով նկատենք, որ այս դիտարկումները զարմանալիորեն նմանվում են Արցախյան ազատամարտից հետո ու մինչևս օրս հնչող գնհատականներին: Մյուս գործոնները` կաշառակերությունը, պարզ թալանը, սպաների վերաբերմունքը զինվորներին` իբրև երրորդ կարգի մարդկանց, տգիտությունը և այլն, բոլշևիկյան քարոզչությունը դնում են քսաներորդ տեղում: Բանակներն են քաղաքներ վերցնում և կաշառակերները` քաղաքներ հանձնում:
 
Հավանաբար կարիք չէր լինի անդրադառնալ այդ հոդվածի թեթևամիտ պնդումներին, եթե խաղադրույքը` Ե. Չարենց և Կարսի անկում, այդքան բարձր չլինեին: Բոլորիս մոտ էլ կա այն ողբերգական զգացողությունը, որ “Կարսի անկումը” կրկնվում է:
 
“Թրքաբոլշևիկ” բառը նժդեհաբանների զինանոցից է, ստեղծված է երևի ջհուդամասոն բառակապակցության նմանությամբ: Հիշում եմ Վիոլետ Գրիգորյանի նախկին հրապարակումները Շ. Կուրղինյանի կամ Ե. Չարենցի մասին: Երբեք չէի ասի, որ Հանրապետական կուսակցության ջատագովը կարող է դառնալ:
 
Երկրորդ. դա նաև քաղաքացիական պատերազմի տերմին է: Հետևաբար դա կարելի է դիտել քաղաքացիական պատերազմի հայտարարում և ջատագովություն:
 
Քաղաքացիական պատերազմ միշտ սկսում են ֆաշիստները, ինչպես դա եղավ Իտալիայում, կամ Իսպանիայում: Կամ Չիլիի օրինակը: Իր “Մահվան տեսիլում” Չարենցը սպառիչ պատասխանել է քաղաքացիական պատերազմի բուն պատճառների մասին. Այն սկսվում է, երբ մահվան բնազդը համակում է հասարակությանը: Ֆաշիզմը մահվան բնազդներ սփռող գաղափարախոսություն է:
 
Հայաստանում էլ է այդպես եղել: Դաշնակները, ինչպես բոլոր ձախ էսեռները, բոլշևիկների հետ էին և, օրինակ, ծառայում էին Շահումյանի մոտ: Դաշնակները ինչպես հիմա, այնպես էլ այդ ժամանակաշրջանում, հակում ունեին հաճախ փոխելու կողմնորոշումները և էսեռական խռովությունից հետո միայն դարձան հակաբոլշևիկ, դաշնակցեցին Դենիկինին: Այդ կանխելու համար 'թրքաբոլշևիկ' Վ. Տերյանը եկավ Հս. Կովկաս: Առաջին հանրապետության բանակի սպաների մեծ մասը համարում էր, որ հայկական բանակը սոսկ Դենիկինի բանակի մի զորամաս է:
 
Ինչպես ամենուր Ռուսաստանում և Եվրոպայում, Հայաստանը ևս չխուսափեց քաղաքացիական պատերազմից: Կային օբյեկտիվ պատճառներ: Աշխարհում կապիտալիստական համակարգի ճգնաժամի և, հետևաբար, լիբերալիզմի պարտության տարիներն էին, գաղափարախոսական բևեռացման տարիներ: Ոմանք համակրում էին բոլշևիզմը, նույնիսկ ստալինիզմը, ինչպես Արշիլ Գորկին, մյուսները` ֆաշիզմը, ինպես Կ. Զարյանը կամ Հ. Օշականը: Դա մի իրադրություն էր, որ բոլորովին նման չէ ներկային: Կրկնություն տեսնում է միֆոլոգիական մտածողությունը:
 
“Թրքաբոլշևիզմը” մի աշխարհայացք է, որը գրականության մեջ արտահայտել են Չարենցը և Մահարին, և ուրիշները, պատմագրության մեջ Լեոն, Աշ. Հովհանիսյանը և այլն: Դա մի աշխարհայացք է, որ հետագայում մեր մշակույթի համար հզոր ազդակներ տվեց և շարունակում է տալ: “Թրքաբոլշևիկներին” ազգի թշնամի անվանելը մեր մշակույթի մի զգալի մասից հրաժարվել է նշանակում:Այն ուներ իր համոզիչ քաղաքական փիլիսոփայությունը: Անշուշտ, Լևոն Տեր Պետրոսյանը ազդված է այդ քաղաքական փիլիսոփայությունից: 1937-ին “թրքաբոլշևիկներին” կամ գնդակահարեցին, կամ աքսորեցին: Ստալինը նրանց “տրոցկիստ” էր անվանում:
 
Կարծես Երկրորդ համաշխարհայինը լուծեց այն հարցերը, որոնք առաջ էր բերել քաղաքացիական պատերազմը: Բայց Հայաստանում ֆաշիզմը վերադարձել է և իր հետ բերել է քաղաքացիական պատերազմ: Դա ֆաշիզմի էությունն է` “նույնի անվերջ վերադարձը”: Վերադարձել է պոստմոդեռնիզմի լայն փեշի տակ պահված: Վերադարձել է “պահպանողական հեղափոխություն” ամաչկոտ ցուցանակով: Եկել է ռազմավարական դաշնակից Ռուսաստանից. “պահպանողական հեղափոխություն” եզրը Ա. Դուգինի օրհնությամբ է տարածում ստացել Հայաստանում: Հայկական ֆաշիզմի մյուս ձևը, որը հանդես է գալիս “Հայկական ուրույն քաղաքակրթություն”, “Հայկական բեկումնային քաղաքակրթություն” պիտակներով, ակնհայտորեն ազդված են Ա. Պանարինից, ևս մեկ ռուսաստանյան ֆաշիստից:
 
Կա մի լավ ֆիլմ` “Սարոյան եղբայրներ”: Դաշնակը և “թրքաբոլշևիկը”: Երկուսն էլ ազնիվ, Հայկը` մի քիչ ավելի, երկուսն էլ հմայիչ, բայց Խորենը ավելի արտիստիկ, երկուսն էլ համոզիչ, Հայկը` մի քիչ ավելին: Լուծումը “մի քիչի” մեջ է: Երկուսն էլ անհաշտ հակառակորդներ են: Նրանց խորհրդանշորեն հաշտեցնում է մահը:
 
Հոբսը ասում էր, որ քաղաքացիական պատերազմը ավարտվում է, եթե կողմերը համարյա հավասար ուժեր են: Ուժեղը մի քիչ է ուժեղ, թույլը մի քիչ է թույլ: Հենց դրա համար էլ կինոնկարը նկարահանվեց այն տարիներին, երբ լիբերալիզմի ուժերը և ազգայնականության ուժերը համարյա հավասար էին, երբ կյանքի բնազդներն ավելի ուժեղ էին, քան մահվան բնազդները: Դա ստեղծագործական ուժերի վերելքի տարիներ էին: Դա հասարակական գիտակցության ներդաշնակության, հասունության դրսևորում էր: Կինոնկարը նկարահանեց բացահայտ լիբերալ կինոռեժիսոր: Հիմա նրան երևի “թրքալիբերալ” կասեին' “թրքաբոլշևիկին” համակրելու համար:
 
Նացիստները խոսում էին “հրեական հարցի վերջնական լուծման մասին”: Հոդվածը կարելի է հասկանալ որպես “Թրքաբոլշևիկների և թրքալիբերալների հարցի վերջնական լուծման” հայտ:
 
ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ

Ամենաընթերցվածը