ԱՄՆ-ն նման բան չէր արել. Նիկոլը ստացավ այն, ինչ մյուսները չստացան

  • Մեկնաբանություն - 16 Մայիսի 2018, 09:04
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու կապակցությամբ: Ակնկալում եմ Ձեզ հետ աշխատել մեր երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր կուսակցությունների ջանքերը միավորելը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը կնպաստեն այդ ջանքերին և կապահովեն Հայաստանի պայծառ ապագան», ասվում է ուղերձում:

Նիկոլ Փաշինյանն, այսպիսով, ստացավ երկու բան, որ Հայաստանի նախորդ ղեկավարները չունեին՝ ժողովրդի աջակցությունը եւ աշխարհի առաջին գերտերության ղեկավարի շնորհավորանքը:

Ընդ որում, իրավիճակը ուշագրավ է նրանով, որ Նիկոլն իշխանության եկավ ոչ թե ընտրությունների միջոցով, այլ ժողովրդական ալիքի, այսինքն՝ գործ ունենք ժողովրդի ուղիղ կամարտահայտության հետ, եւ չնայած շատերը սա համարում են օրինակարգության խնդիր, մյուս կողմից՝ Հայաստանում տեղի է ունեցել թերեւս եզակի երեւույթ, որը տեղավորվում է թե ՀՀ Սահմանադրության, թե մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաներով ձեւակերպված ժողովրդի իշխանության տրամաբանության մեջ:

«Հայկական մոդելը» դեռ իր ազդեցությունն ունենալու է նոր աշխարհակարգի կառուցման վրա, եւ համաշխարհային առաջնորդները չէին կարող չարձանագրել այս հանգամանքը: Իսկ մինչ այդ Հայաստանի նոր իշխանությունը խնդիր ունի ինստիտուցիոնալացնել նոր իրավիճակը Հայաստանում եւ այն դարձնել անշրջելի:

Այսպիսով, ավելորդ է նույնիսկ ասել, թե ինչ մեծ պատասխանատվություն ու առաքելություն է ստանձնում նոր իշխանությունը, միաժամանակ՝ ինչպիսի հնարավորություններ են բացվում Հայաստանի առաջ՝ թե ներքին, թե արտաքին խնդիրներում: Նախեւառաջ՝ Հայաստանի ժողովրդի իրավունքների հաստատման իմաստով:

Ամենաընթերցվածը