Սկսեց թավշյա հեղափոխության երկրորդ ալիքը. Օլիգարխները պետք է լուրջ մտածեն

    • Մեկնաբանություն - 15 Մայիսի 2018, 14:11
Մայիսի 15-ին Հայաստանի միանգամից մի քանի խոշոր ձեռնարկություններում տեղի է ունեցել աշխատակիցների գործադուլ, որոնք պահանջել են բարձր վարձատրություն եւ աշխատանքային իրավունքների պաշտպանություն: Գործադուլ էին արել Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, Արարատի ոսկու կորզման գործարանը:

Ինչի կհասնեն աշխատակիցները, դժվար է ասել, սակայն երեւույթը հատկանշական է Հայաստանում տեղի ունեցող գործընթացների, թավշյա հեղափոխության, դրա ներկայիս փուլի ֆոնին:

Հեղափոխությունը կիսով չափ հասել է իշխանության՝ գործադիր կառույցում: Խորհրդարանը դեռեւս մնում է դրանից դուրս, ու թեեւ խորհրդարանում ներկայացված ուժերը, այդ թվում դե յուրե մեծամասնություն պահող ՀՀԿ-ն ստիպված են հաշվի առնել հանրային տրամադրությունը խորհրդարանից դուրս, այդուհանդերձ դե յուրե իրավիճակի փոփոխությունը պահանջում է արտահերթ ընտրություն:

Միեւնույն ժամանակ, այդ խնդիրը անշուշտ ենթակա է բավական բարդ ու բազմաշերտ գործընթացի, հենց այն պատճառով, որ պետք է անցնի խորհրդարանով, որտեղ կա հեղափոխության դե ֆակտո, ոչ դե յուրե ազդեցություն:

Իր հերթին այստեղ առկա են կարեւոր հարցեր համակարգային փոփոխության մասով, որ պահանջում է մի քանի առանցքային օրենսդրական կարգավորում՝ ընտրական խաղի կանոնները եւ համակարգը էապես բարելավելու եւ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու համար:

Դա պահանջելու է հանրության եւ օլիգարխիկ տնտեսական համակարգի բանակցություն եւ փոխհամաձայնություն՝ խաղի նոր կանոնների շուրջ:

Տվյալ պարագայում, այն, ինչ տեղի է ունենում առանձին ձեռնարկություններում աշխատանքային կոլեկտիվների գործադուլի եւ ներկայացվող իրավունքների պահանջների տեսքով, այդ գործընթացի ուղղակի թե անուղղակի, սակայն կարեւոր ու հատկանշական մաս է:

Բանն այն է, որ Հայաստանում վերափոխումները չեն կարող լինել միայն գործադիր իշխանության խնդիրը, հատկապես դե յուրե խորհրդարանական մեծամասնության բացակայության պարագայում: Եվ առավել եւս, երբ կա խոշոր կապիտալի կրող բավական մեծ ու բազմաշերտ խավի հետ պայմանավորվելու լայն խնդիր:

Փոփոխության պատասխանատվություն պետք է ունենա նաեւ հանրությունը, հանրային այն խմբերը, որոնք մի քանի օր առաջ ունեին մեկ ընդհանուր խնդիր եւ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ լուծում էին այդ խնդիրը:

Այժմ այդ խմբերը թերեւս ունեն յուրաքանչյուրն իր խնդիրն իր տեղում, որի շնորհիվ է միայն հնարավոր իրական ու խորքային փոփոխություն: Խոսքն այն մասին է, որ գործադիր իշխանությունն ունենալով փոփոխության եւ խնդիրների լուծման իր ահռելի պատասխանատվությունը, նաեւ պետք է ունենա հանրային աջակցությունը: Իսկ այդ աջակցությունը չպետք է լինի միայն Նիկոլ Փաշինյանի «կռապաշտության» տեսքով, եւ ամենեւին չպետք է լինի այդ տեսքով:

Աջակցությունը պետք է լինի այսպես ասած տեղերում, երբ խմբերը եւ կոլեկտիվները կպայքարեն օրինակ նաեւ իրենց աշխատանքային իրավունքի համար, տեղայնացնելով թավշյա հեղափոխության գործընթացը ու միաժամանակ ապահովագրելով այն, ձեւավորելով այսպես ասած յուրօրինակ պաշտպանական շերտ:

Տեղերում խոշոր գործատուներին ներկայացվող պահանջները՝ արժանապատիվ վարձատրության, աշխատանքային արժանապատիվ պայմանների մասով, մշտապես կստիպեն օլիգարխիկ տնտեսական համակարգին գիտակցել, որ գործ ունեն ամբողջ հասարակության, ոչ թե միայն Նիկոլ Փաշինյանի կամ նրա քաղաքական թիմի հետ: Ու ըստ այդմ՝ ելքը կարող է լինել ոչ միայն քաղաքական թիմի հետ որեւէ կերպ պայմանավորվելը, կամ այդ թիմի հանդեպ որեւէ հնարքով ռեւանշի հասնելը, այլ հասարակության հետ համաձայնությունն ու պայմանավորվածությունը՝ խաղի նոր կանոնների, տնտեսական արդյունքի բաշխման նոր սկզբունքների շուրջ, որոնք մի կողմից կբերեն Հայաստանում աշխատանքային գրեթե ստրկական պայմանների չեզոքացման եւ իրավունքների պաշտպանության ինստիտուտների ձեւավորման, ինչպիսին օրինակ արհմիությունները, իրապես գործող աշխատանքային տեսչությունը, իսկ մյուս կողմից կապահովեն խոշոր սեփականության հանրային լեգիտիմություն ու օրենսդրական, ինստիտուցիոնալ անձեռնմխելիությունը:

Այդ իմաստով,թերեւս կարեւորագույն հաղորդագրությունն արել էր դեռեւս վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով հրապարակում, որ մարդիկ չպետք է հավատան որեւէ քաղաքական գործչի, նրանք պետք է հավատան միայն ու միայն իրենց, որպեսզի փոխեն կյանքը: Նոր կառավարությանը պետք է դիտարկել ոչ թե սուբյեկտ, որը աշխատելու է հանրության փոխարեն, այլ սուբյեկտ, որն աշխատելու է հանրության հետ, իբրեւ դաշնակից՝ քանի դեռ Հայաստանում չի ամրագրված սահմանադրական կարգն ու հանրային քվեով ձեւավորվող ինստիտուցիոնալ իշխանությունը:

Ու նաեւ այդ կարգի ու իշխանության շուրջ լայն համաձայնությունը մոտեցնելու համար հասարակությունը պետք է շարունակի իր քայլն արդեն տեղերում, հավատալով իրեն եւ ունենալով արդեն դաշնակից գործադիր իշխանություն:

Ամենաընթերցվածը