Ինչպես է Հայաստանում մահանում «զուգահեռ պետությունը»

    • Մեկնաբանություն - 14 Մայիսի 2018, 23:43
Հայ գործարարները զարմանքով պատմում են, թե ինչպես է հեշտացել ապրանքների մաքսազերծումը՝ 4 րոպե նախկին 4 ժամվա փոխարեն: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը պնդում է, որ մաքսատան աշխատակիցները մաքսերը գանձում են հաշիվ ապրանքագրերի հիման վրա, այլ ոչ թե կամայական կերպով՝ ում համար շուկայական, ում համար իջեցված գներով:

Գագիկ Մակարյանն ասում է, որ այստեղ են թաքնված Հայաստանում մենաշնորհների արմատները: Ավելի շատ մաքսեր ու հարկեր վճարող ներմուծողը շուկայում մրցունակ չէ: Իսկ դա նշանակում է, որ ամբողջ շուկան զբաղեցնում է այն ընկերությունը, որը հանցավոր գործարքի մեջ է մտնում ՊԵԿ-ի հետ:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո հայտարարել է, որ Հայաստանում այլեւս մենաշնորհներ չեն լինելու: Հայաստանում պաշտոնապես մենաշնորհներ չկան, կան գերիշխող դիրքով ընկերություններ: «Թղթերով ամեն ինչ կարգին է», բայց իրականում հայկական շուկան բաժանված է մենաշնորհների ու օլիգարխների միջեւ: Բաժանված է հանցավոր պայմանավորվածությամբ, հստակ քվոտաներով, «օբշակին» վճարումներով, եւ այդ պայմանավորվածություններով յուրաքանչյուրը գիտի, թե որքան պետք է բյուջե վճարի, որքան՝ ընդհանուր գանձարկղին եւ որքան պահի իրեն:

Երկրում Սահմանադրությունից ու օրենքներից բացի գոյություն է ունեցել զուգահեռ պետություն կոշտ օրենքներով, որտեղ խախտողներին պատժել են ողջ խստությամբ: Միայն կռահել կարելի է, թե ում մոտ է ստվերային պետության «կանոնակարգը» եւ գլխավորը՝ վճարումների գրանցամատյանը:

Տնտեսության այդպիսի բաշխման մասին է վկայում Վարդանյան եղբայրների վարքը, ովքեր հեղափոխության հաղթանակից հետո խորհրդարանից հետ են կանչել երկու պատգամավորների, որոնք ընտրվել էին «Գրանդ Հոլդինգի» անունից: Այսինքն, խորհրդարանը նույնպես բաժանված է եղել օլիգարխների միջեւ եւ արտացոլում էր «զուգահեռ պետության» դրվածքը:

Շատերն ապրիլյան հեղափոխությունն իշխանափոխություն են անվանում, քանի որ չի փոխվել պետության կառավարման կառուցվածքն ու ձեւը: Բայց եթե ենթադրենք, որ ապրիլին լուծարվել է «զուգահեռ պետությունը», ապա դա իրապես հեղափոխություն է:

Քաղաքական գործարքն արդեն ուժի մեջ չէ, որովհետեւ Հայաստանում այլ իշխանություն է, իսկ դա նշանակում է, որ ստվերային մենաշնորհներն ու քվոտաներն ինքնըստինքյան կորցնում են ուժը:

Նիկոլ Փաշինյանի համար հեշտ է, որովհետեւ ստվերային պայմանավորվածություններում չկա: Դրանք, իհարկե, կարող են հայտնվել, սակայն այդ դեպքում կատարված հեղափոխությունը կկորցնի իմաստը: Առաջին քայլերը, օրինակ՝ մաքսատների բացումը, վկայում է, որ զուգահեռ պետությունն աստիճանաբար լուծարվում է:

Ամենաընթերցվածը