Նախկին նախարարի երկու վտանգավոր հայտարարությունը

    • Մեկնաբանություն - 14 Մայիսի 2018, 18:17
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացարձակ անգետ է համարել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, որը վտանգավոր էր համարել Արցախի խնդրի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Իսկ Փաշինյանն Արցախ կատարած վարչապետական առաջին այցի ընթացքում այնտեղ ունեցած ասուլիսում խոսելով խնդրի մասին, Հայաստանն էլ համարել էր հակամարտության կողմ:

Վիգեն Սարգսյանը արձագանքել էր, թե Ադրբեջանն է ցանկանում Հայաստանը կողմ դիտարկել, իսկ Հայաստանը տարիներ շարունակ խուսափել է հակամարտության կողմ ընկալվելուց:

Տեր-Պետրոսյանը հիշեցնում է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994 թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում և ավելի հստակ` ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի` 1995 թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ:

Վիգեն Սարգսյանը գիտե՞, թե՞ չգիտե այդ մասին: Դժվար է ասել: Բայց խնդիրը տվյալ դեպքում նրա իմացությունը չէ, այլեւ այն, որ Վիգեն Սարգսյանը կարծես թե չի հասկացել, թե ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում: Մինչդեռ թվում է, որ նրա ինտելեկտն ու քաղաքականության խորագիտությունը պետք է որ խնդիր չառաջացնեին այդ մասով: Միեւնույն ժամանակ, սակայն, Վիգեն Սարգսյանի այդ հատկանիշներն ըստ երեւույթին «պարտվել» են այլ, ավելի ցածր հատկանիշների, որոնցից զերծ լինելու կոչեր նա հնչեցնում էր, երբ նախարար էր, սակայն որոնք չկարողացավ զսպել, երբ արդեն թողնում էր այդ պաշտոնը:

Ընդ որում, դրա առաջին վկայությունը Նիկոլ Փաշինյանի Արցախի խնդրի վերաբերյալ հայտարարությունների մասով գնահատականը չէր, այլ նաեւ պաշտպանության նոր նախարարի դեռեւս հավակնորդ Դավիթ Տոնայանի առնչությամբ թույլ տված ոչ կոռեկտ բնորոշումները՝ «հեղափոխական շրջանում կողմնորոշվելու» մասին:

Փաստացի, Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո արել է երկու վտանգավոր հայտարարություն՝ անուղղակի, սակայն տողատակում այսպես ասած «պատեհապաշտ» ներկայացնելով Հայաստանի պաշտպանության նոր նախարարին, եւ արցախյան խնդրում բանակցային մանրամասներին «անիրազեկ» որակելով Հայաստանի նոր վարչապետին, որը դե ֆակտո նաեւ Գերագույն գլխավոր հրամանատար է:

Պաշտպանության նախկին նախարարը ամենեւին պարտավոր չէ հիացած լինել նոր վարչապետով, նրա քաղաքական մոտեցումներով, եւ պաշտպանության նոր նախարարով ու նրա մոտեցումներով: Ավելին, նա կարող է լինել նրանց ընդդիմախոսը, բայց քաղաքական, մասնագիտական, կոմպետենտություն ցուցաբերող ընդդիմախոսը, ոչ թե վարչապետին ու նախարարին «պիտակավորող»:

Վտանգավորը, այդ թվում Ադրբեջանի ուշադրության մասով, հենց դա է, ոչ թե այն, ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ եթե անգամ համաձայն չես դրանց հետ:

Վիգեն Սարգսյանը հեռանալիս արել էր կարեւոր հայտարարություն, որ պատրաստ է օգնել հետագա բոլոր պաշտպանության նախարարներին: Պարզապես դրանից հետո Սարգսյանի մի քանի քայլեր ու արտահայտություններ խիստ կասկածի տակ են դնում նրա իրապես պատրաստակամ լինելը, թերեւս ակնկալելով, որ նա գոնե չի խանգարի ոչ կոմպետենտ ընդդիմախոսությամբ:

Ինչ վերաբերում է արցախյան խնդրին եւ իրավիճակին ընդհանրապես, ապա Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները պատմական պահ են դուրս գալ «շուստրիության» տրամաբանության վրա կառուցված քաղաքականությունից եւ ձեռնամուխ լինել աշխույժ դիվանագիտական-քաղաքական գործունեության, որտեղ առաջնայինն ու անբեկանելին Հայաստանին շահն ու անվտանգությունն է, ոչ թե իշխանական լեգիտիմության արտաքին փնտրտուքը՝ ներքին լեգիտիմության բացակայության պայմաններում:

Հայաստանում տեղի ունեցողն այդ իմաստով պատմական պատեհություն է, որին սպասում են նաեւ Արցախի խնդրում միջնորդները, որոնք իրենք էլ կանգնած են փակուղու առաջ եւ ապրիլյան քառօրյայի ադրբեջանական արկածախնդրության տապալումից հետո առաջ քաշելով Վիեննայի օրակարգը, Հայաստանին տվել են քաղաքականության վերափոխման հնարավորություն, ինչը սակայն Սերժ Սարգսյանը փորձում էր օգտագործել իր վարչապետությունը հնարավոր դարձնելու համար:

Հայաստանի մոտեցումների վերափոխումն է Ադրբեջանին ռազմական շանտաժի ու սպառնալիքի քաղաքականությունից իրապես պայմանավորվածության դաշտ բերելու եւ իրականության հետ հաշվի նստեցնելու ճանապարհը: Թեկուզ հարաբերական խաղաղության եւ կայունության խնդիրը պահանջում է հայկական դիրքորոշման կոնցեպտուալ այդ վերափոխումը, որն անկասկած պետք է տեղի ունենա Հայաստանի պետական ներքին վերափոխումների եւ կառավարման արդյունավետության աճին զուգահեռ:

Քաղաքացիական լեգիտիմության ահռելի հենարան ունեցող իշխանության ձեւավորումը պատմական հնարավորություն է այդ հարցը լուծելու համար: 

Ամենաընթերցվածը