Նիկոլ Փաշինյանի երկու ուժեղ նշանակումը

    • Մեկնաբանություն - 14 Մայիսի 2018, 12:59
Հայաստանի նոր կառավարությունը ձեւավորված է ամբողջապես եւ այն թողնում է երիտասարդական կառավարության տպավորություն, քանի որ նոր նշանակված նախարարների մեծ մասը բավական երիտասարդ են, առանց քաղաքական եւ պետական կառավարման մեծ փորձառության:

Այդուհանդերձ, կառավարության այդ տեսքը բավական ոգեւորիչ է, քանի որ փորձառության խնդիրը խոշոր հաշվով նաեւ կարծրատիպային է: Վերջին հաշվով, նախարարների խնդիրը քաղաքականությունն է, իսկ այն Հայաստանում պահանջում է հիմնարար վերափոխում, ինչը հնարավոր է անել թերեւս երիտասարդության միջոցով:

Առավել եւս, որ Հայաստանի պետականության համար առանցքային քաղաքական ուղղություններում կատարված նշանակումները ամենեւին «փորձարարական» չեն եւ նույնիսկ բավական ուժեղ են՝ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություն:

Դա ամենեւին չի նշանակում, որ մյուս նախարարությունները եւ ոլորտները պակաս կարեւոր են եւ դրանց հետ կարելի է զբաղվել փորձարարությամբ, առանց հետեւանքի մասին մտածելու: Պարզապես, դրանք ոլորտներ են, որտեղ պահպանողականությունը թելադրող է օբյեկտիվորեն, ըստ այդմ պահանջվում է կադրային այլ տրամաբանությամբ քաղաքականություն:

Այդ իմաստով, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների պաշտոններում կատարվել է երկու իրապես ուժեղ նշանակում՝ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնում, իսկ Զոհրաբ Մնացականյանը՝ արտաքին գործերի նախարարի:

Պաշտոնյաներ, որոնք շատ երիտասարդ չեն, միեւնույն ժամանակ իրենց ոլորտներում պաշտոնավարման տարիներին աչքի են ընկել առաջին հերթին քաղաքակրթական արդիականության եւ համարժեքության նկարագրով, դա է եղել նրանց քաղաքական գործունեության հիմքում:

Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի երկարամյա առաջին տեղակալի կարգավիճակում էական ազդեցություն է ունեցել զինված ուժերի ռազմա-քաղաքական նկարագրի ձեւավորման, արդիական քաղաքակրթական վեկտորների բյուրեղացման գործում: Իսկ զինված ուժերի համար կարեւորագույն ռեսուրս է ոչ միայն ռազմական մարտունակությունն ու սպառազինությամբ համակողմանի հագեցածությունը, այլ նաեւ հենց ռազմա-քաղաքական քաղաքակրթական բաղադրիչը:

Առավել եւս այժմ, երբ Հայաստանում վերափոխումները, որ օրինակելի են դիտվում ամբողջ աշխարհում, բավական հստակ ընդգծում են հայկական զինուժի արդեն երկու տասնամյակի առաքելությունը՝ պաշտպանվում է ոչ միայն Հայաստանի հանրապետության, այլ նաեւ միջազգային քաղաքակրթության սահմանը, միջազգային անվտանգության սահմանը:

Զոհրաբ Մնացականյանը արտաքին գործերի փոխնախարարի կարգավիճակում առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի եվրաինտեգրացիայի քաղաքականությունը նոր հարթության վրա դնելու գործում, լինելով հիմնական բանակցողը Ասոցացման համաձայնագրի գործընթացում: Բանակցային այդ գործընթացը արդյունավետ ու ԵՄ բարձր գնահատականով ավարտվեց 2013-ի ամռանը, որին հաջորդեց արդեն սեպտեմբերի 3-ը, որն արդեն Հայաստանի քաղաքական ղեկավարության խոշոր տապալումն էր:

Դրանից հետո Զոհրաբ Մնացականյանն ազատվեց Հայաստանի արտգործնախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվեց ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ: Ինչո՞վ էր պայմանավորված այդ նշանակումը՝ Սերժ Սարգսյանը «քավության նոխա՞զ» էր դարձրել Մնացականյանին, թե՞ նրա դիվանագիտական կարողությունը անհրաժեշտ էր ՄԱԿ-ում ադրբեջանական ավանդական աշխուժությունը չեզոքացնելու համար:

Բոլոր դեպքերում, Մնացականյանի վերադարձը արդեն արտաքին գործերի նախարարի կարգավիճակում Հայաստանում տեղի ունեցող վերափոխումների ոչ միայն կոնկրետ քաղաքական-դիվանագիտական, այլ նաեւ խորհրդանշական ուժեղ քայլ է:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի փոխելու իր արտաքին քաղաքական վեկտորը: Խոշոր հաշվով իհարկե Հայաստանի համար ներկայիս աշխարհքաղաքական իրավիճակում խնդիրը վեկտորի փոփոխությունը չէ, այլ դրանց համամասնության պահպանման դեպքում բովանդակային համակողմանի համալրումը, որտեղ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարություններն ունեն առանցքային դերակատարում:

Ամենաընթերցվածը