Կարապետյանների «տրիումվիրատն» ընդդեմ ՀՀԿ-ի. ո՞վ կդիմանա

    • Մեկնաբանություն - 12 Մայիսի 2018, 23:54
Արմինֆո գործակալությունը հայտնում է, հղում անելով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին մոտ աղբյուրին, որ նա մտադիր է Հայաստանում ստեղծել նոր կուսակցություն եւ այդ հարցում էլ Կարապետյանին աջակցելու է նրա դաշնակից միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Ավելի վաղ Ժամանակ օրաթերթն էր հայտնել, որ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ ական պատգամավոր Կարեն Կարապետյանն է պատրաստվում լքել ՀՀԿ-ն ու ստեղծել նոր կուսակցություն:

Պատգամավոր Կարեն Կարապետյանն ուշագրավ դիրքորոշում էր հայտնել վարչապետի դեռեւս մայիսի 1-ի քվեարկությունից առաջ, ապրիլի 28-ին, ասելով, որ ՀՀԿ-ն պետք է հաշվի առնի հեղափոխական վիճակը եւ որ դա նաեւ ՀՀԿ վատ կառավարման հետեւանքն է: Կարեն Կարապետյանը ասել էր նաե, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը սխալ կանի, եթե համառի վարչապետի պաշտոնի հարցում եւ այդ դեպքում ինքը կհամարի, որ լավ չի ճանաչել Կարեն Կարապետյանին:

Պատգամավոր Կարեն Կարապետյանը մայիսի 1-ին դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, իսկ մայիսի 8-ի քվեարկությանը խորհրդարան չէր եկել:

Առայժմ թե պատգամավոր, թե նախկին վարչապետ Կարապետյանները չեն հաստատել կամ հերքել կուսակցություն ստեղծելու մասին տեղեկությունները: Նախկին վարչապետն էլ ՀՀԿ անդամ է, ընդ որում նախագահի առաջին տեղակալ:

Երբ 2016 թվականի նոյեմբերին Կարեն Կարապետյանը ՀՀԿ համագումարից առաջ անդամակցում էր կուսակցությանը, նա այդ հանգամանքը բացատրեց նրանով, որ վարչապետի պաշտոնում հնարավոր չէ լինել քաղաքական թիմից դուրս, եւ բավական ուշարավ ակնարկ արեց, որ ժամանակ չունի ստեղծել նոր կուսակցություն: Այսինքն, Կարեն Կարապետյանն ակնարկեց, որ ստիպված է մտնում ՀՀԿ, ոչ թե մեծ ցանկությամբ եւ ՀՀԿ-ն իր թիմը համարելով:

Այդ առումով խոշոր հաշվով գաղտնի էլ չմնաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ն չի դիտարկում թիմ, այնտեղ թիմ չունի եւ կա ընդամենը ժամանակավոր գործարք, որը այս կամ այն դեպքում բերելու էր բաժանման: Եթե Կարեն Կարապետյանը 2018-ից հետո մնար վարչապետ, Սերժ Սարգսյանի փոխարեն, ապա կասկած չկա, որ այդ դեպքում էլ նա ժամանակի ընթացքում հրաժարվելու էր ՀՀԿ-ից: Ընդ որում, այստեղ խնդիրը ավելի լայն է, քանի որ ՀՀԿ-ից խոշոր հաշվով հրաժարվեց նույնիսկ Սերժ Սարգսյանը, որ գնում էր վարչապետի պաշտոնի, հայտարարելով, թե ունի մեկ վերապահում՝ գնում է փորձը փոխանցելու երիտասարդներին, ընդ որում անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական դիրքավորումից:

Խնդիրը տվյալ դեպքում հայտարարության անկեղծությունը չէ, այլ հենց ձեւակերպումը, որով Սերժ Սարգսյանն իրեն դուրս էր դնում ՀՀԿ շրջանակից:

Բանն այն է, որ խնդիրը հենց ՀՀԿ մեջ էր, այդ կուսակցության ծայրաստիճան վարկաբեկված «ապրանքանիշի» մեջ, որն այլեւս ըստ էության ջնջում է արդեն առանձին անունների տարբերությունը, հատկապես մայիսյան քվեարկություններից հետո:

Այդ իմաստով տարօրինակ է հնչում նաեւ այն, որ ՀՀԿ-ն ներկայում հայտարարում է ընդդիմություն լինելու մասին: Հանրապետական կուսակցության համար դա քաղաքականությունից դուրս գալու ճանապարհն է, որովհետեւ քաղաքականության մեջ մնալու թերեւս մեկ տարբերակ կա՝ լինել Նիկոլ Փաշինյանի կառավարության աջակից: Խնդիրը քավությունը չէ, այլ քաղաքական նպատակահարմարությունը եւ իմաստավորվածությունը, ոը թույլ կտա քաղաքական տեսք տալ ՀՀԿ արանքանիշին, եթե իհարկե կուսակցության մեջ կան դրա հետ երկարաժամկետ հեռանկար կապող աշխույժ խմբեր:

Բանն այն է, որ ՀՀԿ-ից տարանջատվող առանձին ուժերը, հատկապես հետագա քաղաքական այլ ֆորմատով գործունեություն ծավալելու մտադրություն ունեցողները, իրենց վարկը կառուցելու են ոչ միայն, իսկ գուցե նաեւ ոչ այնքան Նիկոլ Փաշինյանին եւ նրա քաղաքական հենարանի հաշվին միավորների վրա, որքան իրենց նախկին կուսակցության, առաջին հերթին ցույց տալու համար, թե ինչպես էին այսպես ասած ստիպված լինել այդ ուժի մեջ եւ ինչպես էին մի կերպ դիմանում դրա որակներին, ինչպես էին այդ որակները իրենց խանգարում իրականում ավելի լավ վարկ ունենալու հարցում:

Այսինքն, նրանք խփելու են նախկին յուրայիններին, որպեսզի յուրային դառնան ներկայում իրենց օտար հասարակության համար:

Ըստ այդմ, ՀՀԿ-ում կամ ոչ ոք չպետք է մնա՝ նրանց թիրախ կամ ինքնահաստատման միջոց չդառնալու համար, կամ մնացողները պետք է իրենք փորձեն գոնե այժմ յուրային դառնալ հանրության համար, որից անհամարժեք եւ կայծակնային արագությամբ օտարվեցին մայիսյան քվեարկությունների հետեւանքով: Դրա ճանապարհը Նիկոլ Փաշինյանի կառավարությանը համակարգային ռեֆորմների հարցում գործուն աջակցություն ցուցաբերելն է:

Ամենաընթերցվածը