Կտրուկ շրջադարձ. Սերժ Սարգսյանի երկրորդ հայտարարությունը

    • Մեկնաբանություն - 26 Ապրիլի 2018, 14:53
Ապրիլի 25-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից երկու օր անց Իմ քայլը շարժումը վերսկեց նոր թափով, ինչի պատճառն այն էր, որ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել էր մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված բանակցությանը, ասելով, թե խորհրդարանի մեծամասնությունը պետք է առաջադրի վարչապետի իր թեկնածուն, ոչ թե «ժողովրդի թեկնածուին»:

Դրանից հետո իրադարձությունները զարգացան շատ արագ: Շարժմանը միանալու մասին հայտարարեց Ծառուկյան դաշինքը: Կոալիցիայից դուրս եկավ ՀՅԴ-ն: ՀՀԿ խմբակցությունն անցկացրեց նիստ եւ հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածուին եւ միակամ է այդ հարցում: Բայց չասվեց, թե ով է լինելու այդ թեկնածուն:

Սերժ Սարգսյանի հրաժարականից փաստորեն երկու օր անց իրավիճակը մտավ լիովին նոր փուլ, թե փողոցի, թե իշխանության բաղադրության կամ ուժերի հարաբերակցության որոշակի փոփոխությամբ: ԵԼՔ դաշինքի մյուս երկու կուսակցություններն էլ հայտարարեցին Նիկոլի շարժմանը միանալու մասին եւ ժամեր անց նաեւ հայտարարեցին Նիկոլի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար առաջադրելու մասին:

Խորհրդարանում այն քվեարկելու համար անհրաժեշտ է 53 ձայն: ԵԼՔ դաշինքն ունի 9 ձայն: 31 ձայն ունի Ծառուկյան դաշինքը, ՀՅԴ-ն ունի 7 ձայն: ՀՀԿ-ից կա առնվազն 5 ձայնի անհրաժեշտություն, բայց փաստացի ստացվում է, որ թե ԲՀԿ-ն, թե ՀՅԴ-ն ստանում են Նիկոլ Փաշինյանին պայմաններ թելադրելու լծակ, որովհետեւ նրա քվեարկությունը կախված է իրենցից, եթե ՀՀԿ-ն չի կայացնում Նիկոլի օգտին քվեարկելու որոշում, եւ քվեարկում են ընդամենը մի քանի ՀՀԿ-ական:

Այդ իմաստով, ապրիլի 25-ին Նիկոլը մի կողմից կարողացավ հետ մղել Կարեն Կարապետյանի հակագրոհը, մյուս կողմից սակայն նա հայտնվեց մի վիճակում, երբ շատ թե քիչ ստիպված էր ապավինել Ծառուկյան դաշինքին եւ ՀՅԴ-ին, ըստ այդմ գնալ նրանց հետ պայմաններ քննարկելու:

Այդ իրավիճակում խիստ ուշագրավ տեղեկություն ստացվեց Սերժ Սարգսյանից, որի մասին ընդամենը ապրիլի 25-ի կեսօրին ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր հայտարարել, որ չի մասնակցում գործընթացներին եւ հրաժարականից հետո չի խառնվում քաղաքական գործերին: Ընդամենը մի քանի ժամ անց տեղեկություն եղավ, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցությանը հրավիրել է քննարկման: Քննարկումից հետո խմբակցությունը տարածեց տեղեկություն, որտեղ կար Սարգսյանի խոսքը:

«Նա ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրել է իր հրաժարականի պատճառները և խոսել Ազգային ժողովում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը «ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն Հանրապետականի միասնության շնորհիվ», ասված էր ՀՀԿ խմբակցության հաղորդագրությունում:

Ի՞նչն էր Սերժ Սարգսյանին ստիպել «վերադառնալ» ներքաղաքական հարցերին, որոնցից ըստ Վահրամ Բաղդասարյանի հեռացել էր եւ չէր խառնվում: Անկասկած է, որ վտանգը, որի հետեւանքով գուցե կարող էր «Նիկոլի ճիշտ» լինելուն փոխարիներ Կարեն Կարապետյանն իր «ճշտով»՝ մի կողմից, եւ գուցե Ծառուկյան դաշինքն ու ՀՅԴ-ն իրենց «ճշտով» մյուս կողմից:

Տեղի ունեցավ կարծես թե բազմաքայլ եւ բազմաշերտ զարգացում: Ծառուկյան դաշինքը եւ ՀՅԴ-ն փաստացի մի կողմից աջակցեցին Նիկոլին Կարեն Կարապետյանի դեմ պայքարում, նրան չեզոքացնելու, անկյուն մղելու, կամ հետ մղելու հարցում, մյուս կողմից սակայն դրա հետ մեկտեղ առաջացավ վտանգ, որ ժամանակի ընթացքում կարող էր հետ մղվել նաեւ Նիկոլը:

Իսկ այդ հարցում Նիկոլին կարող է օգնել արդեն ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանի քայլը, ամեն ինչում երկրի կայունությամբ եւ անվտանգությամբ առաջնորդվելու հորդորը եւ այդ հարցում միասնական լինելու անհրաժեշտության մասին խոսքը, ըստ երեւույթին Նիկոլի թեկնածությանը միասնաբար աջակցելու հորդոր է, որպեսզի այդ հարցում Նիկոլը կախված չլինի «մնացող» Ծառուկյան դաշինքից եւ ՀՅԴ-ից, այլ կախված լինի հեռացող ՀՀԿ-ից:

Պետության կայունության եւ անվտանգության տեսանկյունից դա թերեւս ամենանպաստավոր դասավորությունն  ու հարաբերակցությունն է՝ Նիկոլ Փաշինանը ընտրվի վարչապետ, սակայն հենց ՀՀԿ մեծամասնության միասնական քվեարկությամբ:

Այդ ֆոնին ուշագրավ հայտարարություն արեց նախագահ Արմեն Սարգսյանը, որը ստեղծված իրավիճակում միջնորդական աշխույժ ջանքի մեջ է ապրիլի 21-ից եւ գործնականում կատարել էր Հայաստանի համար աննախադեպ քայլ, բանակցության կամ հանդիպման գնալով բազմամարդ հրապարակ:

Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ մենք ապրում ենք Նոր Հայաստանում, որի դարպասը սթափ գնահատակով բացեց Սերժ Սարգսյանը: Արմեն Սարգսյանն իր հայտարարության մեջ ընդգծված աջակցություն եւ ողջույն է փոխանցում Հայաստանի քաղաքացուն, հանրությանը, ինչը տվյալ պահին նույնն է թե Նիկոլին, որը այդ հանրության առաջնորդն է արդեն գրեթե երկու շաբաթ:

Միաժամանակ, ապրիլի 25-ի երեկոյան հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կարեն Կարապետյանն առավոտյան ունեցել է արտակարգ դրության եւ քաղաք տեխնիկա մտցնելու մտադրություն, որը չի հաջողել: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է, որ Կարեն Կարապետյանը չի ներկայացնում ՀՀԿ խմբակցությունը, որը պետք է քվեարկի վարչապետի թեկնածությունը: Եւ հենց դրա համար է ինքը պահանջել, որ բանակցությանը ներկա լինեն խորհրդարանի նախագահն ու ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Նախ, նա բավական հստակ հերթական անգամ հայտարարեց, որ ոչ ոք չունի հաշվեհարդարից վախենալու անհրաժեշտություն, բավական հստակ նշելով նաեւ Սերժ Սարգսյանի պահը, որը գուցե այդ պահին խորհրդակցում էր ՀՀԿ խմբակցության հետ: Նիկոլը հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցածը իբրեւ ժողովրդական հեղափոխություն բացառիկ է նրանով, որ հեռացող ղեկավարը կարիք չունի փախչել երկրից, ապաստան փնտրել այլ տեղ, այլ մնում է Հայաստանում եւ ճիշտ է անում: Սերժ Սարգսյանին ուղղված այդ կարեւոր մեսիջը հեռակա երկխոսություն ու բանակցություն էր թե նրա, թե ՀՀԿ խմբակցության հետ:

Գործնականում, ապրիլի 25-ի առավոտյան Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցության տապալումից հետո՝ Կարեն Կարապետյանի հակագրոհի կամ պարզապես հակահեղափոխության փորձի հետեւանքով, երեկոյան արդեն հեռակա, բայց բավական նշանային երկխոսություն եղավ Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան ձեւաչափով, անուղղակի, մեսիջների մակարդակում, սակայն իշխանության սահուն փոխանցման շատ ավելի շոշափելի տրամաբանությամբ:

Որքանո՞վ է այդ «երկխոսության» արդյունքը ամուր եւ անշրջելի: Կասկած չկա, որ Կարեն Կարապետյանը չի հանձնվելու: Այստեղ հարց է առաջանում, թե ինչ են անելու ժողովրդական շարժմանը միացած Ծառուկյան դաշինքը եւ կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ն: Նրանք հիմա էլ գնալու են Կարեն Կարապետյանի՞ հետ պայմանավորվելու:

Ամենաընթերցվածը