Ալիեւը կորցրել է իշխանությունը

    • Մեկնաբանություն - 14 Ապրիլի 2018, 18:44
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Փոլ Գոբլը, ով Հայաստանի ակտիվ հանրությանը հայտնի է Գոբլի պլանով, ուշագրավ հայտարարություն է արել Ալիեւի արեւմտյան հնարավոր ռեվերանսի մասին:

Գոբլը հայտարարել է, թե «ինչ որ բան իրեն հուշում է, որ Իլհամ Ալիեւը շրջվելու է Արեւմուտքի կողմ»: Նա ասել է նաեւ, թե Ալիեւն իհարկե Ռուսաստանի դաշնակից կդառնա, եթե Մոսկվան օգնի վերադարձնել արցախյան տարածքները: Գոբլը ասել է նաեւ, որ Ալիեւը երեւի թե կկարողանա շարունակել հոր քաղաքականությունն ու պահել հավասարակշռությունը: Ենթադրաբար Գոբլը նկատի ունի Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հավասարակշռությունը:

Ամերիկացի դիվանագետի գնահատականը ուշագրավ է: Գոբլի պլանը չկա, բայց Գոբլը փաստորեն կա եւ խոսում է Ալիեւի արտաքին քաղաքականության մասին: Ամենաուշագրավն այն է, որ այդ մասին խոսում է նրա վերընտրությունից կամ վերարտադրությունից անմիջապես հետո:

Հնարավոր է, որ Գոբլի շուրթերով հենց Ալիեւն էլ խոսում է, ազդակ հղելով Արեւմուտքին, որ պատրաստ է բարելավել հարաբերությունը: Տեւական ժամանակ Ալիեւը Արեւմուտքի հետ լարված հարաբերության մեջ է: Պատճառները բավական շատ են: Հասկանալի է, որ Արցախի խնդիրը չէ Արեւմուտքի եւ Ալիեւի հարաբերության լարվածության առանցքում, բայց այն մի կողմից կարող է պարզապես արտացոլել եւ իր վրա կրել այդ լարվածության ազդեցությունը, մյուս կողմից Արցախի հարցն ինքն էլ կարող է լինել անհամաձայնության եւ վատ հարաբերության պատճառ, նկատի ունենալով Արեւմուտքի եւ Ադրբեջանի ռազմավարությունների տարբերությունը այդ հարցում:

Ալիեւը Գոբլի շուրթերով ազդակ է հղում Արեւմուտքին, որ պատրաստ է շրջվել: Գոբլը խոսում է այն մասին, որ հավասարակշռությունն ապահովելու համար Ալիեւին մի քիչ էլ հաջողություն է պետք: Խոսքն ըստ երեւույթին այն մասին է, որ այլ ուղղություններով միջազգային հարաբերությունները զարգանան Ադրբեջանի համար նպաստավոր սցենարով, որպեսզի Արեւմուտքը ունենա Ադրբեջանի շրջվելու կարիքը կամ ավելի ճիշտ հետաքրքրվի դրանով:

Թվում է, թե Արեւմուտքի համար Ադրբեջանը կարեւոր էներգետիկ այլընտրանք է: Բայց դա թվացյալ է, առնվազն այն առումով, որ այդ հարցում Ադրբեջանն ինքն ավելի շատ է կախված Արեւմուտքից, քան հակառակը: Խոշոր հաշվով, սակայն, բուն խնդիրը հանգում է ներկայում համաշխարհային անվտանգության համակարգի վերափոխմանը, որին ստորադասվում են մնացյալ խնդիրներն ու առաջնահերթությունները, եւ որտեղ Ադրբեջանը հայտնվել է «փշալարից» այն կողմ: Ու պատճառների թվում առանցքայիններից է Արցախի խնդրում իր գործողությունների հանգամանքը, որը նաեւ Ռուսաստանի հետ ռազմա-քաղաքական գործակցության հետեւանք էր:

Ավելին, ապրիլյան պատերազմը հանգեցրեց իրավիճակը մի կետի, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը «փոխվեցին» տեղերով, համաշխարհային անվտանգության համակարգի վերափոխման ներկայիս դինամիկ փուլում իրենց դերակատարությունների մասով: Հայաստանը, որ դիտարկվում էր ռուսական քաղաքականության եւ ռազմավարության անհույս կցորդ, անսպասելիորեն դիմադրեց ռուս-ադրբեջանական խաղի արդյունք դարձած ապրիլյան ագրեսիային, Կովկասում կասեցնելով անվտանգության միջազգային համակարգի ճեղքումը:

Հատկանշականն այն է, որ իրավիճակում շատ ավելի արագ կողմնորոշվեց Ռուսաստանը, հասկանալով, որ այդ տրենդի մեջ մնալը կարող է դառնալ ճակատագրական, եւ սկսի Կովկասից անկասելի նահանջի մեկնարկը: Ռուսաստանն ավելի արագ դուրս եկավ Ադրբեջանի հետ խաղից, քան Բաքուն, մտնելով Հայաստանի անվտանգության տրամաբանության մեջ: Մարտավարական, թե ռազմավարական որոշում էր դա, այլ հարց է, սակայն Մոսկվան չուներ այլընտրանք՝ քառօրյայում Հայաստանի դիմադրությունը այլընտրանք չթողեց, իհարկե նաեւ ՌԴ հանդեպ միջազգային մեկուսացման քաղաքականության թողած ազդեցության համատեքստում, որով լայն իմաստով սահմանափակվում է ՌԴ աշխարհքաղաքական մրցունակության ներուժը:

Ադրբեջանը սկսեց պարբերաբար Մոսկվային հիշեցնել կազանյան պլանի իրագործման շուրջ պայմանավորվածությունը, եւ ի վերջո Մոսկվան Էրդողանի միջոցով ստիպված էր բաց տեքստով հայտնել Բաքվին, որ անգամ եթե Էրդողանը փորձի միջնորդել, տարածքների վերադարձի հեռանկար չկա, Մոսկվան մի շարք պատճառներով չունի դրա հնարավորությունն ու նաեւ մոտիվացիան, առնվազն առայժմ:

Այդպիսով, Ալիեւը փչացրեց հարաբերությունն Արեւմուտքի հետ, միաժամանակ չհասցրեց առաջինը դուրս գալ Մոսկվայի հետ խաղից, գործնականում մնալով փակուղում: Այժմ նա փնտրում է դրանից դուրս գալու ելք, առավել եւս լավ գիտակցելով, որ թե Մոսկվայում, թե Արեւմուտքում սկզբունքորեն չպահանջվածությունը կարող է հանգեցնել շատ ավելի լուրջ հետեւանքի, քան պարզապես անհաջողությունը Արցախի խնդրում:

Դա կարող է հանգեցնել իշխանության խնդրում գլոբալ անհաջողության, եւ Ալիեւը հենց այդ ռիսկերը նվազեցնելու պատճառով թերեւս շտապեց հերթական ընտրությունը հոկտեմբերից տեղափոխել ապրիլ: Բայց Ալիեւն ըստ երեւույթին պատկերացնում է, որ եթե սկզբունքորեն չի փոխվում իրավիճակն ու չի առաջանում խորքային պահանջվածություն եթե ոչ երկու կենտրոններում՝ Արեւմուտք եւ Ռուսաստան, ապա գոնե դրանցից մեկում, ապա նույնիսկ ընտրության խնդիրը հաղթահարելուց հետո միեւնույն է իշխանության խնդիրը նրա համար մնում է բաց՝ նա սկզբունքորեն կորցրել է իշխանությունն Ադրբեջանում եւ փնտրում է անգամ 86 տոկոսանոց ընտրությունից հետո:

Ամենաընթերցվածը