Արմեն Սարգսյանը փոխում է կոնֆիգուրացիան

    • Մեկնաբանություն - 14 Ապրիլի 2018, 10:53
Նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 13-ին ընդունել է չինական Syntszyan company Chen and Agrotechnology Co.LTD ընկերության ղեկավարին: Ընկերությունը մասնագիտացած է գյուղատնտեսության ոլորտում գործունեությամբ եւ զբաղվում է հայկական գյուղմթերքի արտահանումով, ինչպես հայտնում է նախագահի նստավայրի պաշտոնական հաղորդագրությունը: Արմեն Սարգսյանն այդ ընկերության ղեկավարին հորդորել է քայլեր ձեռնարկել նաեւ Հայաստանում գյուղմթերքի վերամշակման ուղղությամբ:

Արմեն Սարգսյանը դեռեւս նախագահի թեկնածուի կարգավիճակում հայտարարում էր, որ նախագահ լինելու դեպքում իր կարողություններն օգտագործելու է Հայաստան ներդրում բերելու համար:

Այդ հայտարարությունից հետո շատերը նկատեցին, որ խորհրդարանական կառավարման մոդելում նախագահի պաշտոնը չի ենթադրում ներդրումների ներգրավման ուղղությամբ գործունեություն, չկա այդպիսի լիազորություն, իրավասություն:

Մյուս կողմից, իհարկե, որեւէ բան չի արգելում Արմեն Սարգսյանին զբաղվել դրանով, եթե անգամ չունի այդ բանն անելու սահմանադրական պարտավորություն կամ գործառութային լիազորություն, եթե իհարկե դա չի արվում իր անմիջական պարտականությունների եւ գործի հաշվին:

Միեւնույն ժամանակ, խորհրդարանական կառավարման մոդելում Հայաստանի նախագահի լիազորությունները շատերը դիտարկում են իբրեւ արարողակարգային, որից գործադիր իշխանության գործունեությունը կախված չէ:

Արմեն Սարգսյանն ինքն էլ փաստացի խոստովանել է, որ վարչական իշխանություն չի ունենա, բայց իշխանությունը կամ առաջնորդելը չի լինում միայն վարչական լծակներով, այլ նաեւ խոսքով, գաղափարներով, մտքերով:

Սարգսյանն անշուշտ իրավացի է, բայց այստեղ կա մի նրբություն: Խոսքը տվյալ պարագայում հնարավոր է դիտարկել երկու ասպեկտով: Մեկը խոսքն է, որը ուժեղ կշիռ ունի հանրության շրջանում եւ հետեւաբար ինքն էլ ուժեղանում, ամրանում եւ իշխանության մնացյալ մասի մոտ կշիռ ու ազդեցություն է ստանում դրանով: Մյուս դեպքում, Արմեն Սարգսյանի խոսքը իշխանության մնացյալ սեգմենտի համար ազդեցիկ կարող է լինել տնտեսական ստատուս-քվոյում նրա դերի եւ կշռի հաշվին:

Հանրության մոտ խոսքի արժեքով իշխանության մեջ կշիռ եւ ազդեցություն ձեռք բերելու առումով Սարգսյանը բավական բարդ վիճակում է, նկատի ունենալով, որ նրանից դրա համար կպահանջվի բավականին կոշտ հռետորաբանություն, ինչը գործնականում անհնար է, առավել եւս Սերժ Սարգսյանի վարչապետության պարագայում:

Այդպիսով, մնում է մյուս տարբերակը՝ ձեռք բերել կշիռ տնտեսական բալանսում տեղի եւ դերի ավելացման հարցում, քանի որ Հայաստանում իշխանությունը դե ֆակտո ձեւավորվում է ըստ տնտեսական ստատուս-քվոյի: Այդ իմաստով, ներդրումների ներգրավման խնդիրը Արմեն Սարգսյանի համար քաղաքական ազդեցության խնդիր է, իշխանության մեջ կշիռ ձեռք բերելու եւ խոսքի ուժ ապահովելու խնդիր: Սարգսյանը փաստորեն անհապաղ ձեռնամուխ է լինում այդ խնդրի լուծմանն ու կոնֆիգուրացիայի փոփոխությանը:

Ամենաընթերցվածը