Սիրիական Կամշլուի հայերին սպառնացող վտանգը

    • Մեկնաբանություն - 12 Ապրիլի 2018, 16:16
նշանակում է «իսլամացած հայ»: 
 
Պատի գրությունը՝ «Հայ բիճեր», 2015, Դիարբեքիր
նշանակում է «իսլամացած հայ»: Պատի գրությունը՝ «Հայ բիճեր», 2015, Դիարբեքիր
Թուրքական քարոզչությամբ նրանք քրդական շարժումները սադրող և ղեկավարող «հայի վիժվածքներն են»: Սիրիական պատերազմում Թուրքիան իր սահմանամերձ տարածքները մաքրում է հայերի ներկայությունից:

Գաղտնիք չէ, որ 20-րդ դարի Թուրքիայի քրդական անհնազանդության մեկնաբանություններում թուրքական բոլոր իշխանություններն իրենց հասարակությանը միշտ հայկական նախաձեռնություն են ներկայացրել՝ դրանք համարելով քուրդ ներկայացող «կեղծ իսլամացած հայերի» ձեռքի գործ և «մեր եղբայր քրդերին» կոչ անելով չտրվել «հայկական սադրանքներին»: Այդպես է եղել անցյալ դարի քսանական թվականներին, այդպես է եղել 1937-38թթ. Դերսիմի բնակչության նկատմամբ ցեղասպանական գործողությունների ժամանակ, 80-ականներին, այդ մեկնաբանությունը շարունակվում է նաև այսօր: Այսօր էլ Թուրքիայի պաշտոնատարները հաճախ բարձրաձայն հայտարարում են, այդ թվում նաև թուրքական Մեջլիսում, որ իբր քրդական շարժումները սադրողները եւ ղեկավարողները «հայի վիժվածքներն են», ինչը թուրքական հռետորաբանութեան մէջ նշանակում է «իսլամացած հայ»:

Թուրքական հասարակությունում հայերի, այդ թվում նաև իսլամացած հայերի նկատմամբ ատելություն և անվստահություն ձևավորելու թուրքական իշխանությունների քարոզչությունը զգալի արդյունքներ է տվել մի կողմից թուրքական հակահայկական ազգայնականությունը զգաստ պահելու, մյուս կողմից՝ հայերին, նույնիսկ երեք-չորս սերունդ առաջ իսլամացած հայերին կամ հայ նախնի ունեցող Թուրքիայի քաղաքացիներին վախի մեջ պահելու գործում: Ինչպես ասում է ներկայիս ստամբուլահայերից մեկը՝ «… եթե դու նույնիսկ ուզենաս թուրք դառնալ, անոնք չեն թողնում: Անոնք արդեն կհիշեցնեն: Քեզի միշտ հայ կընդունեն, քո տեղդ վերջին տեղն է, և դեռ քանի սերունդ: Ամեն մարդ կիմանա ծագումդ: Թերևս հայ մնալը ավելի հեշտ է, քան թրքանալը: Միշտ գիտես, որ վտանգ կա, կհարմարիս վտանգին»: «Կհարմարիս վտանգին»ը տարբեր ձևեր ունի՝ ծագումը թաքցնելուց մինչև Թուրքական իշխանություններին հավերժական երախտիքի արտահայտություններն ու փառաբանումները, այդ թվում նախկին՝ երիտթուրքական իշխանություններին: Այսօր՝ նաև օսմանյան փառքին: Բայց սրանք վտանգին հարմարվելու ձևեր են, որից վտանգը չի վերանում:

Վտանգը չի վերանում ոչ միայն Թուրքիայի Հանրապետության տարածքում ապրող «թուրք», «քուրդ», «արաբ» և «հայ»՝ քրիստոնյա հայերի համար, այլև Թուրքիայի Հանրապետության սահմանամերձ՝ նախկին Օսմանյան կայսրության այն տարածքներում ապրող հայերի համար, որոնց երիտթուրքերը «վերաբնակեցրել» էին 1915-1916-ին՝ «անվտանգության նկատառումներով», և որոնցից կենդանի մնացածների մի մասը ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմամերձ տարածքներում մնալով՝ իրենց ֆիզիկական գոյությամբ խռովել են և շարունակում են խռովել Թուրքական իշխանությունների անհանգիստ հոգին:

Հայրենիքից «արտաքսված»՝ Ցեղասպանությունից փրկված հայերի՝ Թուրքիայի սահմանակից տարածքներում մնացած փորաթիվ կղզյակները թուրքական քաղաքական ծրագրերում միշտ մնացին ոչնչացման կամ այդ տարածքներից հեռացման վտանգի տակ: Օրինակ, 1930ի հոկտեմբերին Համահայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ ընտրված Գ. Գյուլբենկյանը ծրագիր առաջարկեց  կողմից ցեղասպանությունից փրկված և Հունաստանում կուտակված հայ փախստականների համար Սիրիայում բնակության տարածքներ կառուցել: Խոսքն այն նույն փախստականների մասին է, որոնց Լոզանի կոնֆերանսի օրերին Ռուսաստանում և Ուկրաինայում վերաբնակեցնելու խոստում էր տվել Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը և, իհարկե, նրանց թողել էին ճակատագրի քմահաճույքին: Համահայկական Բարեգործական Ընդհանուր միությունը որոշում է Հունաստանում կուտակված և թշվառ գոյավիճակում գտնվող հայ փախստականների համար Սիրիայում Մոսուլ-Բաղդադից մինչև Տրիպոլի-Խայֆա երկաթգծի ուղղությամբ փոքր բնակավայրերի շարք կառուցել` նկատի ունենալով նաև աշխատանքի հնարավորության հեռանկարը: Թուրքիան անմիջապես ըմբոստանում է՝ Գյուլբենկյանին մեղադրելով Թուրքիայի դեմ «վրեժխնդրության հայկական օջախներ» ստեղծելու մտադրության մեջ: ԽՍՀՄը «ըմբռնումով» է մոտենում իր դաշնակցի ըմբոստությանը և 1931ի հոկտեմբերի 14ին Խորհրդային Հայաստանի ԿԿ քարտուղար Աղասի Խանջյանը ստիպված էր ելույթ ունենալ Թուրքիայի սահմանի մոտ ստեղծվելիք «հայկական օջախների» ծրագրի դեմ.

«...Սիրիայում ազգային օջախ ստեղծելու համար դաշնակների արած գործնական քայլերը, որոնք, ի դեպ, արվում են անգլո-ֆրանսիական իմպերիալիստական խմբակներին մոտ կանգնած Կյուլպենկյանների անմիջական հովանավորությամբ և հակադրվում են արտասահմանի գաղթական աշխատավորության՝ Խորհրդային Հայաստան ներգաղթելու մեր ծրագրին, նպատակ ունեն հավատարիմ ուժ տրամադրել ֆրանսիական իմպերիալիզմին Սիրիայի գաղութային շահագործման և ազգային-ազատագրական շարժումները ճնշելու, ինչպես նաև Կյուլպենկյանների նավթահանքերին կամ նավթամուղին էժան բանվորական ուժ մատակարարելու համար…»:

Վիրավորված Գ. Գյուլբենկյանը հրաժարվեց ՀԲԸ նախագահի պաշտոնից: Ավելի ուշ՝ արդեն ԽՍՀՄ փլուզումից հետո, Կառլեն Դալլաքյանը պիտի գրի. «Վստահ եմ, որ Գ. Կյոլլպենկյանն ինքը մինչև վերջ էլ չգիտակցեց, թե ինչ հայատյաց ծրագիր է հակադրվել իր գործունեությանը առարկայականորեն, այլապես այդքան դյուրավ չէր զիջի իր դիրքերը, ընկրկելով անարդար վիրավորանքի առջև… Գ. Կյոլլպենկյանի հրաժարականը համեմատաբար աննշան, միանգամայն անսպասելի և պատահական արդյունքն էր մի մեծ ու լայնածավալ քաղաքականության, որի մշակմանը ձեռնարկել էր Թուրքիան այդ ժամանակաշրջանում, որի կետ նպատակին էր՝ հայությունը հեռու վանել իր սահմա՛ններից, և որի էությանը այդպես էլ հասու չեղավ Հայաստանի ղեկավարությունը…»:

Մեկ այլ օրինակ է Ալեքսանդրեթի՝ ներկայիս թուրքական Հաթայի դեպքը: 1922ի հունիսի 12ին Թուրքիա-Սիրիա սահմանագծին ստեղծվել էր Ալեքսանդրեթի «Ալավիների պետություն»՝ Ֆրանսիական մանդատի տակ: Ֆրանսիական իշխանությունները 1936ի դեկտեմբերի 5ին սկսեցին այն Թուրքիային հանձնելու գործողությունները: 1938ին ստեղծվում է Հաթայի ինքնավար պետություն, անմիջապես լարվում են ազգամիջյան հարաբերությունները եվ Թուրքիայում «Գրեթէ բոլոր թերթերը իրենց առաջին էջերն կը տրամադրեն այն լուրին, որ Հաթայի Հայ տարրին կողմէ կը կատարուին կոտորած՝ հանդէպ Թուրքերուն, որուն պատճառաւ Պոլսահայերն ծանր ճնշման կ՚ենթարկուին: Երբ 1939 Յունիսին, Թուրքիոյ եւ Ֆրանսայի միջեւ ստորագրուող պայմանագրով Հաթայը կը միանայ Թուրքիոյ, Մեսրոպ Նարոյան Պատրիարք կ՛արտայայտուի, թէ Թուրքիոյ հայերը ուրախութեամբ կ՛ողջունեն այս միացումը, ինչպէս նաեւ Հաթայի հայերը Պատրիարքարան ուղարկուած հեռագրով կը յայտնեն իրենց խոր երախտիքըն ու հաւատարմութիւնը՝ Թուրքիոյ Հանրապետական կառավարութեան, ազգային պետ Իսմէթ Ինէօնիւի եւ համայն Թուրք ազգին: Բայց հակառակ Նարոյեան Պատրիարքի այս արտայայտութեան, յաջորդ օրուան «Սօն Թէլկրաֆ» օրաթերթը կը գրէ, թէ Հաթայի հայերը մեծամասնութեամբ կ՛անցնին Սուրիա»(Միրօղլու, Արմաւենի: Ազգային փոքրամասնութիւնները Թուրքիոյ Հանրապետութեան 1923-1939 թուականներուն (մաս II). Լրաբեր Հասարակական Գիտությունների, 2010, № 1-2. էջ 78,- http://lraber.asj-oa.am/633/1/2010-1-2__68_.pdf (Միրօղլու Արմավենին հղում է Okutan M. Cağatay, Tek Parti Doneminde Azınlık Politikaları, էջ 268-270)): Ալեքսանդրեթի հայերի մի մասը հեռացավ Սիրիա, մյուս մասը՝ մուսալեռցիները անցան Լիբանան և հիմնադրեցին ներկայիս Այնճար գյուղը: Սրանք մեծ մասամբ Մուսա լեռան այն հայերն էին, որոնց ինքնապաշտպանութեան մասին Ֆրանց Վերֆելի գրուած «Մուսա Լեռան Քառասուն Օրը» գրքի հրատարակությունը երեք տարի առաջ այնքան կրքեր էր բորբոքել Թուրքիայում, որ պոլսահայերը հարկադրուած էին եղել բարձրագոչ դատապարտումներով հանդես գալ «խեղճ թուրքերին ամբաստանող հրեա գրողի» հասցեին. «Վէպի հրատարակութեան յաջորդող օրերուն հակահոսանք մը կը ստեղծուի՝ նախ Աւստրիոյ եւ Զուիցերիոյ, ապա Թուրքիոյ մէջ: Այս հակակրանքը գագաթնակէտին կը հասնի, երբ 1934 թ. օրակարգի նիւթ կը դառնայ վէպը ֆիլմի վերածելու ձեռնարկը: Թուրք թերթերը լայն սիւնակներ կը տրամադրեն սոյն նիւթին՝ յառաջ քաշելով, թէ անհիմն են թուրքերու դէմ կատարուած ամբաստանութիւնները: Մամուլի արծարծմամբ նիւթը կը ներկայացուի իբրեւ «Հայ-հրեայ միասնական դաւադրութիւն մը՝ Թուրքիոյ դէմ», քանի որ թէ գրողը՝ Ֆրանց Վէրֆէլ եւ թէ MGM ընկերութեան սեփականատէրերը Հրեաներ էին՝ առաջինը Գերմանիայէն, իսկ երկրորդը Ամերիկային եւ նաեւ վէպը կը քննադատէր 1915 թ. «Հայոց Ցեղասպանութիւնը»: Թերթերը զանազան յօդուածներով կը հրահրեն երկու փոքրամասնութեանց հակազդել՝ վէպին եւ անոր ֆիլմի վերածման գործին: «Ճումհուրիյէթ» օրաթերթի խմբագիր Եունուս Նատի իր 12 Դեկտեմբեր 1935 թուակիր խմբագրականով կը յիշեցնէ Թուրքիոյ քաղաքացի Հայ եւ Հրեաներուն՝ նոյնիսկ ուշադրութեան հրաւիրել ԱՄՆ կառավարութիւնը, ուր երկու շաբաթուայ ընթացքին գիրքէն 35.000 օրինակ կը վաճառուի: Օրաթերթերուն մէջ տեղ կը գտնէ նաեւ այն լուրը, որ հայերն ու հրեաները բողոքի ցոյցեր պիտի կատարեն: Չի ուշանար Թուրք թերթերու, ինչպէս նաեւ կառավարութեան թելադրած հակազդեցութիւնները: Հրեաները կ՚արտայայտեն՝ զայրոյթ եւ խոր ատելութիւն Վէրֆէլի դէմ եւ կը յայտնեն, թէ ան Հրեայ հասարակութեան չի պատկանիր: Յաջորդող օրերուն, Պոլսահայոց վարչական ժողովը եւս կը պարտաւորուի նման որոշում մը կայացնել եւ 14 Դեկտեմբեր 1935 թ. նիստ գումարելով կ՛որոշէ Պոլսահայոց բողոքն ու ցասումը յայտնել «Քառասուն Օր Մուսա Լերան վրայ» ֆիլմին առթիւ: Յաջորդ օրն իսկ Հայ մտաւորականներու նախաձեռնութեամբ, ազգային երեսփոխան եւ հրապակագիր-երգիծագիր Աշոտ Քէչեանի, Ուսումնական Խորհուրդի քարտուղար Թորոս Ազատեանի եւ նաեւ ուրիշ ազգայիններու առաջնորդութեամբ եւ հայ բազմութեան մը ներկայութեան Բանկալթիի գերեզմանատան մէջ խարոյկի կը դատապարտուի գիրքը եւ հեղինակին պատկերը, ինչպէս նաեւ անէծք կը կարդացուի հայ անունը շահախնդրական նպատակով օգտագործող հեղինակին դէմ: Կրակը կը վառէ «Ազդարար» եւ «Նոր Լուրի» խմբագիրներէն Աշոտ Քէչեան, երբ Լուսաւորիչ երգչախումբը կ՛երգէ Հանրապետութեան Քայլերգը: 1936 թ., երբ վէպը կը թարգմանուի ֆրանսերէնի, թուրք թերթերուն մէջ նոյնպէս կը հրատարակուին հակազդեցութիւն ներկայացնող յօդուածներ»( Միրօղլու, Արմաւենի: Ազգային փոքրամասնութիւնները Թուրքիոյ Հանրապետութեան 1923-1939 թուականներուն (մաս II), էջ  73-74(Միրօղլու Արմավենին հղում է թուրք հետազոտող Bali Rıfat N., Musa Dağda Kırk Gun’un Hikayesi, Tarih ve Toplum, Şubat, 1998, էջ 21-23; Bali Rıfat N., Musa’nın Evlatları Cumhuriyet’in Yurttaşları, Istanbul, 2001, էջ 120)):

Հայերի խնդիրը Թուրքիայում ինչպէս միշտ, Դերսիմի բնակչության 1937-38թթ. ջարդերի դէպքում էլ մասնավոր մեկնաբանության նյութ էր: Այդ ժամանակ ոչ միայն դեռ կենդանի, այլև թուրքական Մեջլիսում Երզնկայի պատգամավոր էր Սաբիթ Սաղրօղլուն՝  1915թ.-ի հայկական կոտորածների ժամանակ Խարբերդի նահանգապետը, որն այդ ժամանակ ստանձել էր Դերսիմի հայերի կոտորածների պատասխանատւությունը (Այշէ Հյուր, «Մալթայի Աքսորեալները», Taraf, 28.02.2010): Սաբիթ Սաղրօղլուին այն ժամանակ չէր հաջողվել Դերսիմում ավարտին հասցնել հայերի լիակատար ոչնչացումը և Հայոց ցեղասպանությունից հետո Դերսիմում ոչ միայն զգալի քանակությամբ հայեր էին մնացել, այլ նույնիսկ հայկական ամբողջ գյուղեր կային, շարունակում էր գործել նաև Հալվորի Սուրբ Կարապետ անունով վանքը: Այս անցանկալի փաստին զուգահեռ Դերսիմը բնակեցված էր գլխավորապես թուրքական իշխանությունների համար մեծապես անցանկալի տարրով՝ ալևիներով, այդ թվում՝ զազախոս ալևիներով: Նրանց նկատմամբ բռնությունները Թուրքիայի հայ և հույն ազգությունների «ցեղասպան» անվանը կմիացներ ալևիների ցեղասպան անունը: Ուստի 1935ին Թուրքիայի Մեծ ժողովին ներկայացուած «Թունջելիի մասին» օրէնքով Դերսիմ անունը փոխարինվեց Թունջելիով և հայտարարվեց, որ դրա բնակչությունը նախապէս պատկանում էր «թուրքական ռասային» (Martin van Bruinessen, “Genocide in Kurdistan? The Suppression of the Dersim Rebellion in Turkey (1937-38) and the Chemical War Against the Iraqi Kurds (1988)”, in George J. Andreopoulos (ed.), Conceptual and Historical Dimensions of Genocide, University of Pennsylvania Press, 1994, էջ 9. նաեւ՝

(http://www.hum.uu.nl/medewerkers/m.vanbruinessen/ publications/Bruinessen_Genocide_in_Kurdistan.pdf):

Այսինքն՝ օրենքով որոշվեց, որ Դերսիմի զազախոս և քրմանջախոս ալևիները նախկին թուրքեր են: Նույն օրենքով Թունջելին դրվեց զինվորական վերահսկողության տակ, իսկ ռազմական գավառապետին արտակարգ լիազորություններ տրվեցին մարդկանց եւ ընտանիքների ձերբակալությունների ու տեղահանությունների նկատմամբ` այս իրավունքը բացատրելով գավառի հետամնացությամբ եւ ցեղերի սանձարձակությամբ (Martin van Bruinessen, 15 12-13): Ցեղերի սանձարձակությունը պիտի «լուծվեր» ձերբակալություններով, «գավառի հետամնացությունը»` բնակիչների տեղահանությամբ, «երկրի ընդհանուր զարգացմանը մասնակցելու նպատակով» նրանց առավել քաղաքակիրթ վայրեր` արևմտյան թրքալեզու հատված տեղափոխելով: Առաջին տեղահանութիւններն իրականացուել էին 1934-ին:

1937թ. Դերսիմի բնակչության նկատմամբ բառի ուղղակի իմաստով սկսվեց արդեն սովորական դարձած ջարդ: Ջարդը պատճառաբանվեց Դերսիմի բնակչության խռովարարությամբ, բայց պետք էր բացատրել, թե ինչու՞ էր Դերսիմ/Թունջելիի «թուրք բնակչությունը» ապստամբել թուրքական իշխանության դեմ: Ահա ուրեմն զինվորականների ձևավորած վարկածի համաձայն իբրև թե նախկին դերսիմցի հայերը, որոնց Առաջին աշխարհամարտի ժամանակ «թուրքական իշխանություններն ստիպված էին դավաճանության պատճառով աքսորել»,  քուրդ ազգայնականների հետ վերադարձել են Սիրիայից և տեղի «նախկին թուրք» ցեղապետերին սադրել ապստամբության (Bruinessen, էջ 5, թիւ 10 ծնթ. (աղբիւրը` Reşat Hallı, Türkiye Cumhuriyetinde Ayaklanmalar (1924-1938) [Ապստամբութիւնները Թուրքիայի Հանրապետութիւնում (1924-1938)], Ankara: TC Genelkurmay Başkanlığı Арфа Tarihi Dairesi, 1972, էջ 377)): Բայց պաշտոնական վարկածներով խճճված թերթերն, այնուամենայնիվ, գրում էին ալևիների և հայերի մասին՝ «վերադարձած հայերի» առասպելին զուգահեռ մահմեդական բնակչության ատելությունը թե ալևիների, թե հայերի դեմ բորբոքելու նպատակով քարոզչական զինանոցից հանելով հայ-ալևիական մտերմութեան թեման:  Օրինակ, «Ուլուս» թերթը գրում էր. «Սեիդ Ռիզան Սոսան ամրոցի մոտ Վանք անունով մի գյուղ ունի: Այս գյուղի ամրացված եկեղեցում ստորին մասը` արծաթե նախշով, իսկ վերին մասը` ոսկեպատ, մոտ երկու կգ կշռող խաչ կա: Այս խաչի մեջտեղում՝ ապակու մեջ, պնդուկի մեծությամբ առարկա կա, որը սուրբ Հուսեինի մեծ մատի ոսկորն է: Դերսիմի ավազակապետը հաճախ այս խաչից օգնություն ստանալու համար գալիս է եկեղեցի, խոնարհությամբ և հանգստությամբ համբուրում է խաչը: Դժվար հղիություն ունեցող կանայք, հիվանդությանը դարման չգտնող հիվանդները գալիս են Վանք, քահանային աղաչում և խաչը համբուրում: Անգամ Սեիդ Ռիզան, երբ հիվանդանում է, գալիս  է այս եկեղեցի: Այս գյուղի քահանան ով գիտե թե երբվանից ողջ Դերսիմի բնակիչներին փորձում է սովորեցնել, թե ինչպես պաշտեն խաչը»( Ulus Gazetesi, 07.10.1937): Այս փոքր «հաղորդագրութիւնը» հայատյացության վարժեցված մոլեռանդ մահմեդականներին գրգռող բազմաթիվ շերտեր ունի. Դերսիմի ցեղապետերի ըմբոստ առաջնորդ Սեիդ Ռզան թերևս հայկական ծագում ունի, կամ՝ հայկական ազդեցութեան տակ է, հայերը («գյուղի քահանան») Թուրքիայում շարունակում են քրիստոնեական քարոզչությունը, հայերն ու Դերսիմի ալևիները գերել են և պղծում են մահմեդականների սիրելի սրբի մասունքը՝ «սուրբ Հուսեինի մեծ մատի ոսկորը», և, իհարկե, «հայերի անչափելի հարստության» մասին ակնարկը՝ «երկու կգ կշռող ոսկեպատ խաչ»ի  հիշատակումը: «Հայ քեշիշի» և «Հազրեթ Հուսեյինի» մասին պատմվող ավանդազրույցները Դերսիմում հին ավանդոյթներ ունեն(Խառատեան Հ. Հայ ալեւիական սոցիալ-կրոնական սինթեզը Դերսիմի ալեւիների աւանդազրոյցներում, «Հանդէս Ամսօրեայ», Վիեննա-Երեւան, 2014, էջ 135-233), բայց տվյալ դեպքում սույն «հաղորդագրութկան» նպատակը մեկն էր՝ բացատրել Դերսիմի բնակչութկան դեմ գործողությունների իշխանության իրավացիությունը՝ նրանք հայերին և հայկական ազդեցությունն են ոչնչացնում: Դերսիմի բնակչութեան կոտորածներում թուրքական իշխանությունները նույնիսկ նոր ձև չմտածեցին, պարզապէս վերարտադրեցին հայերի Ցեղասպանութեան ձևերը` մարդկանց զինաթափում են, «տեղափոխում ենք, աքսորում ենք» ասելով տեղահանում են, կուտակում են մի վերահսկելի վայրում եւ ոչնչացնում այրելով, գետերը նետելով, իսկ դիմադրության դեպքում` ուղղակի կոտորում սրերով: Ավելացել էին միայն տեխնիկական հնարաւորությունները. այս անգամ թունավոր նյութերով լցոնված ռումբեր նետվեցին լեռնային, անհասանելի թվացող բնակավայրերի վրա: Դերսիմի բնակչության ցեղասպանությունը վերջնարդյունքում ներկայացվեց որպես «թուրքական խռովության» ճնշում՝ միանգամից կանխելով այլէթնիկության խնդիրը, ուրեմն նաև ցեղասպանության մեղադրանքը:

Շատ է գրվել և խոսվել այն մասին, թե Բեռլինի կոնգրեսից սկսած «հայկական հարցը», լինելով Թուրքիայի նկատմամբ եվրոպական վերահսկողության առիթ,  դարձել էր Օսմանյան կայսրության գարշապարը, և «անկյուն քշված» Թուրքիան Հայերի Ցեղասպանութեան ծայրահեղ քայլին գնաց՝ «Հայկական հարցի» եվրոպական-ռուսական շահարկումներից ազատվելու համար: Դերսիմի հարցում որևէ «շահարկում» չկար, աշխարհը ոչ միայն խուլ ու համր էր Լոզանի դաշնագրից օրեցօր հեռացող Քեմալի կամայականությունների, բնակչության աքսորների,  ագրեսիվ ազգայնականութեան նկատմամբ, այլև շատ բարեհաճ էր քեմալական Թուրքիայի նկատմամբ: Ֆրանսիան վերադարձնում էր Ալեքսանդրեթի սանջակը: Խորհրդային Ռուսաստանը զբաղված էր ստալինիզմի քաղաքական բռնաճնշումներով և իր արևմտյան սահմանի հարևանների նկատմամբ քաղաքական ծրագրերի կառուցումներով: Թաներ Աքչամի տեսությունը, թե հայերի Ցեղասպանությունն իբրև թե թուրքերի դժվար կայացող էթնիկական ինքնության բարդույթավորված արժանապատվության և թուրքական «օթևանի» կրճատումների տագնապների հետևանք էին՝  այլևս գործոն չէին: «Ազգային ուխտով» սահմանուած «թուրքական օթևանը» կայացել էր, ոչ ոք և ոչինչ չէր խանգարում Քեմալի պատկերացումներով «ազնվակիրթ թուրքի» կերպարի ձևավորմանը, ոչ ոք չէր կշտամբում Քեմալի բռնատիրությանը, իսկ Հիտլերը իր Նացիզմի տեսությունը արդարացնում էր Մուստաֆա Քեմալի «ազգակերտման» քաղաքականությամբ: Ոչինչ, ոչինչ չէր խանգարում այդ երկրի իշխանությանը իր հպատակների մի մասի գոնե սոցիալական խնդիրները մասամբ լուծելու, նրանց «մարդու տեղ դնելու»: Բայց ընտրվեց համատարած կոտորածի տարբերակը:

2015ին «Դերսիմի դեպքերը» դարձան թուրքական խորհրդարանի քննարկման թեմա, և նոյնիսկ ենթահանձնաժողով ստեղծվեց այդ դեպքերը «քննելու»: Ենթահանձնաժովին «Դերսիմի դեպքերին» իր մասնակցության մասին պատմել է նաև Դերսիմում այն տարիներին պատժիչ գործողություններ իրականցնող թուրքական ռազմական ուժերի 4-րդ բրիգադի ռազմական քննիչ Մեհմետ Ալի Դողաները:  Կոնյա նահանգի բնակիչ, 103 տարեկան Մեհմետ Ալի Դողաները Դերսիմի պատժիչ ջոկատների սպա քննիչներից կենդանի միակ վկան էր:  Ըստ նրա ցուցմունքի, «Խոզաթի բնակչության մեծամասնությունը հայեր էին: Ռուսական և ֆրանսիական լրտեսների ազդեցությունը մեծ էր: Մենք 15 հայ բռնեցինք, ովքեր ռուսական լրտեսներ էին: Կամրջից ցած նետելով սպանեցինք: Սակայն մեկին հաջովեց փախչել»: Այսպիսին էր քննութիւնը՝ հայ լինելը բավական էր լրտեսութեան մեջ մեղադրուելու և առանց քննութեան ու դատական վճռի՝ կամրջից ցած նետելով սպանելու համար: Բայց նախկին քննիչի ցուցմունքներից պարզվում է, որ կարճ ժամանակ անց «քննչական գործողությունները» դադարեցվել են, Դերսիմում անելիքը հանձնարարվել է 3-րդ բանակային կորպուսին, որը մեկ շաբաթվա ընթացքում մաքրել է տարածքը, ինչպես Դողաներն է ասել՝  գյուղերն ու մարդկանց կուտակման վայրերը մեկ շաբաթ շարունակ ռմբահարվել են օդից եւ ցամաքից (Թուրք քննիչ. 1937թ-ին ռուսական լրտես հայերին կամրջից նետելով սպանում էինք,- http://www.armweeklynews.am/n/na/10/a351.php [30.04.2015] ): 

Այս և բազմաթիվ այլ նյութեր դառնում են և դեռևս պիտի դառնան Դերսիմում «ցեղասպանական գործողությունների» ապացույցներ, բայց փաստն այն է, որ 1937-38-ին Թունջելի դարձած Դերսիմում հայերի գոյությունն ամբողջովին վերացավ, ալևիները երկար ժամանակով դադարեցին բորբոքել թուրքական իշխանությունների անհանգիստ արյունը, իսկ Թուրքիայի սահմանամերձ տարածքներում հայերի ֆիզիկական գոյությունը որպես Թուրքիայի դեմ վտանգի աղբյուրի քարոզչությունը խորապես արմատավորվեց հասարակության գիտակցության մեջ:

Թուրքիայի ներկայիս «Սիրիական գործողությունները» նույնպես պարունակում են այս բաղադրիչը: Հայկական Քեսապի դեմ գործողությունների մասին բավականաչափ խոսվել է: «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակներում մարտի 18-ին Աֆրինի առումը նոր զարգացումների սկիզբ դրեց: Շատերն էին խոսում այն մասին, որ Աֆրինը նախնական խոստումով Թուրքիային տրված «նվեր է», որից հետո այս երկիրը պետք է կանգ առներ: Բայց Աֆրինի առումով և դրա նկատմամաբ միջազգային ներողամտությամբ թուրքական կանոնավոր, լավ զինված բանակը Սիրիայում ամուր հաստատվելու մեծ հնարավորություն ստացավ: Էրդողանն արդեն խոսում է Մանբիջում, Այն-էլ Արաբում, Ռաս-էլ-Այնում, Կամիշլիում «քուրդ տեռորիստներին վերջնականապես ջախջախելու մասին»:

Աֆրինը ցեղասպանության շրջանում տարհանվող հայերի հանգրվաններից մեկն էր, որտեղ թե շատ հայեր են զոհվել, թե որոշ քանակությամբ հայեր են մնացել ու հետագայում քրդացել: Հարյուր տարի անց նրանք վերջնականապես ոչնչացվեցին կամ կրկին հարկադրվեցին փախչել: Մանբիջը, Այն-էլԱրաբը, Ռաս-էլ-Այնը նույն շարքում են, իսկ Կամիշլին Սիրիայում Հալեպից հետո Ցեղասպանությունից փրկված հայերի հիմնական բնակության վայրն էր: Դժվար է այսօր խոսել նրանց թվի մասին, հատկապես եթե հաշվի առնենք, որ այստեղ տասնյակ հազարավոր քրդացած հայեր նույնպես կան: Թուրքական քարոզչությամբ նրանք հենց քրդական շարժումները սադրող և ղեկավարող «հայի վիժվածքներն են», և, հաշվի առնելով ետցեղասպանական Թուրքիայի հարյուրամյա պահվածքը՝ Կամիշլուի հայերը՝ քրդացած թե քրիստոնյա, ոչնչացման կամ վերջնական տարհանման վտանգի տակ են: Այլևայլ ծրագրերից զատ Թուրքիան վերջնականացնում է իր երկրի սահմանամերձ տարածքները հայերի ֆիզիկական ներկայությունից մաքրելու ծրագիրը:

Ամենաընթերցվածը