Օլիմպիական խայտառակություն Հայաստանում

    • Մեկնաբանություն - 14 Փետրվարի 2018, 13:05
Հարավային Կորեայի Փհենչան քաղաքում մեկնարկած Ձմեռային օլիմպիադան Հայաստանի համար ստացավ խայտառակ ընթացք: Խոսքը լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի մասին է: Հայկական մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ Փհենչանում կոտրվել է նրա դահուկը եւ նա այլեւս դահուկ չունի, որպեսզի մասնակցի մրցմանը: Պարզվում է նաեւ, ինչպես ասել է ինքը դահուկորդը, որ նա օլիմպիական խաղերի է մեկնել ընկերոջ դահուկով, որը հին էր, մաշված եւ այդ իսկ պատճառով էլ կոտրվել է մարզման ընթացքում: Մարզիկը ասել է, թե նոր դահուկ չունենալու եւ մարզվել չկարողանալու դեպքում դուրս չի գա մրցման:

Նոր դահուկը Ռուսաստանից գնել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ այն Հարավային Կորեայի ճանապարհին է, ըստ տեղեկատվության: Կհասնի՞ մարզիկին այն ժամանակահատվածում, որ նա հասցնի մինչեւ մրցման դուրս գալը նաեւ մարզումային փորձ անել, թե ոչ:

Արդեն երեւի թե կարեւոր էլ չէ, քանի որ խայտառակությունն այլեւս լիարժեք է: Ընդամենը երեք մասնակից ունեցող Հայաստանը չի կարողացել իր մարզիկներին ամբողջապես ապահովել մարզագույքով:

Դահուկային ֆեդերացիայի նախագահը՝ որը նաեւ Ծաղկաձորի քաղաքապետն է, հայտարարում է, թե մարզիկն ապահովված է եղել գույքով, նա 2017 թվականին ստացել է նոր դահուկ: Մարզիկը ասում է, որ նա այդ դահուկը չի տարել իր հետ, քանի որ վերջացել է այն մշակելու եւ մարզման նախապատրաստելու քսուքը:

Ո՞վ է եղել պատասխանատու, որ Հայաստանի երեք մասնակիցները օլիմպիադա մեկնեն մարզագույքի որեւէ խնդիր չունենալով: Շրջանառվում են նաեւ տարբեր խոսակցություններ այն մասին, որ ֆեդերացիայի նախագահը ցանկացել է, որպեսզի օլիմպիադա մեկնի իր հարազատը: Ֆեդերացիայի նախագահը հերքել է դա: Այդ ամենը սակայն խոշոր հաշվով երկրորդական է այն խայտառակության ֆոնին, որն արդեն լիարժեք է:

Կասկած չկա, որ խնդիրն այստեղ փողը չէ, այլ խիղճը, պատասխանատվությունը, կազմակերպվածությունը, բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ կառավարումը: Իսկ բուն խնդիրն ի ցույց է դնում հատկանիշներ կամ դրանց բացակայություն, որոնք խնդրահարույց են ոչ միայն տվյալ դեպքի համար, այլ ընդհանրապես պետական կառավարման որակի ցուցիչներ են:

Այդ իմաստով խորհրդանշական է նաեւ մի գրառում, որը այդ պատմությունից որոշ ժամանակ առաջ արվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում, Օլիմպիադային Հայաստանի մարզիկների մասնակցության վերաբերյալ: «Հարավկորեական Փհենչհան քաղաքում վառվում է 2018թ-ի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը: Հայաստանցի երկու դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը մասնակցում են խաղերին: Մենք հաջողություն ենք մաղթում հայաստանցի երեք մարզիկներին: Վերադարձե՜ք ոսկե մեդալներով», ասված էր ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջի գրառման մեջ, որն արվել էր փետրվարի 12-ին:

Հումորի անկասկած մեծ զգացում է պետք ունենալ, Ձմեռային օլիմպիադայի մասնակից հայաստանցի մարզիկներին ոսկե մեդալով վերադարձ մաղթելու համար: Խնդիրը ամենեւին հայաստանցի մարզիկների անկարողությունը չէ: Այստեղ օբյեկտիվ իրականություն է եւ մարզիկներն իրենք էլ ընդունում են, որ չեն հավակնում մեդալների: Ի վերջո օլիմպիադայի առանձնահատկությունը նաեւ դա է, որ գլխավոր սկզբունքը մասնակցությունն է:

Եվ այստեղ է հարցը, որ նույնիսկ այդ տարրական հարցը Հայաստանում ինչ որ մարդիկ չեն կարողացել ապահովել պատշաճ մակարդակով, եւ այդ հատկանշական տապալման կամ կառավարման անորակության ֆոնին էլ խորհրդանշական է ամերիկյան գրառումը, նկատի ունենալով այն, որ Հայաստանում կառավարման համակարգային բարեփոխումների անհրաժեշտության մասին ամենից հաճախ հիեցնում է հենց Միացյալ Նահանգները, դա գնահատելով Հայաստանի ազգային անվտանգության հարց:

Առաջին հայացքից պետք չէ դահուկի խնդիրը վերածել ազգային կամ համազգային հարցի, բայց ամբողջ խնդիրը այն է, որ գործ ունենք համապետական որակի կամ անորակության հետ, եւ այսօր դահուկն է կոտրվում, վաղը կարող է կոտրվել ասենք Բուկը:

Ամենաընթերցվածը