Իսկական աղետ պետության համար

  • Մեկնաբանություն - 10 Փետրվարի 2018, 21:17
Որքան մոտենում է Հայաստանի նոր նախագահի ընտրությունների օրը, այնքան քմահաճ են դառնում գործող նախագահ Սերժ Սարգսյանի գործողությունները: Բանն այնտեղ է հասել, որ Սարգսյանը որոշել է անձամբ իր համար կազմավորել Ազգային անվտանգության ինչ-որ «կոոպերատիվ» խորհուրդ, որի կազմում չեն լինելու ո՛չ երկրի ապագա նախագահը, ո՛չ Ազգային ժողովի խոսնակը: Ընդ որում՝ ամենակարեւոր որոշումներն ընդունելու գործում այդ կառույցին տրվելու են մեծ լիազորություններ: Այսինքն՝ ծրագրվում է պետական կառավարման համակարգում ստեղծել հակասահմանադրական, իրականում ստվերային մի օղակ, որի մուտքը առաջատար գործիչների համար խստորեն սահմանափակ է. այնտեղ միայն ապագա վարչապետը կարող է տերուտնօրինություն անել: Ըստ երեւույթին՝ երկիրը դեռ ականատես կլինի նախագահի պաշտոնից հեռացող մարդու էլ ավելի արտառոց որոշումներին: Այդ մասին են վկայում Սերժ Սարգսյանի մտադրությունները՝ օրինականացնելու կառավարության նիստերի դռնփակ բնույթը եւ էլի մի շարք այլ «նորամուծություններ»: Երկրում արդեն ոչ ոք չի կասկածում, որ քաղաքական թատերաբեմում ընթանում է «բեմազարդերի ու դերասանների հերթափոխության» բուռն գործընթաց, որը կոչված է անխաթար պահել առկա քաղաքական գոյավիճակի (ստատուս-քվո) անփոփոխելիությունը:

Հարց է առաջանում. ինչի՞ վրա է հույս դնում Սերժ Սարգսյանը՝ այդպիսի բացահայտ արկածախնդրությունների գնալով: Մի երկրում, որտեղ օրենքը չի գործում, միամտություն է անօրինականությունների օրինականացմանն ապավինելը: Ամենաչնչին տարաձայնությունների դեպքում, որոնք կարող են առաջանալ իշխանական ճամբարում, այդ «օրինականացված անօրինությունները» պարզապես կպայթեն: Անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքում մեր քաղաքացիները քանիցս տեսել են, թե ինչպես են իրենց անփոխարինելի գերդեմքեր երեւակայող ղեկավարների գլուխներ թռել: Ներկայում որեւէ հիմք չկա համարելու, որ քաղաքական համակարգում հավերժական իշխանության ծրագրեր իրականացնելու համար նոր երաշխիքներ են ի հայտ եկել: Բայց Սարգսյանը, ըստ երեւույթին, կարեւոր մի հանգամանքում՝ երկրում հաստատված համընդհանուր համաձայնողականության մթնոլորտում, տեսնում է այդպիսի երաշխիքներ: Նա հիմքեր ունի դրա համար: Երկրում վաղուց ձեւավորվել է համաձայնողականների մի անձնակազմ, որը պատրաստ է համերաշխորեն փառաբանել ցանկացած կուռքի ցանկացած մարմնաշարժվածք, ով ի զորու կլինի ամուր հիմքեր ապահովել այդ անձնակազմի անձնական բարեկեցության համար: Սխալ կլինի կարծել, թե առանց այդ անձնակազմի վրա հենվելու Սերժ Սարգսյանը կկարողանար ներկայացնել «Անցումը կառավարման խորհրդարանական ձեւի» վերնագրով իր ցինիկ թատերախաղը:

Երբեմն պնդում են, թե երկրում անգաղափարայնության մթնոլորտ է հաստատվել: Բայց դա համոզիչ չէ. հասարակություններն առանց գաղափարի չեն կարող ապրել: Քաղաքականության մեջ գաղափարը շատ տարողունակ հասկացություն է: Գաղափար կարող է դառնալ նաեւ անսասան որեւէ բանի հանդեպ համընդհանուր համոզմունքը կամ հավատը:

Այս իմաստով երկրում տեղի ունեցող գործընթացները լիովին պարզ են: Առարկայորեն, թե նպատակամիտված կերպով, Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներում, քաղաքական իրողություններ են ձեւավորվել՝ հիմնված ցանկացած իշխանավորի կեղտոտ ծառայություններ մատուցելու մեթոդի անսասանության հանդեպ համընդհանուր համոզմունքների վրա: Ծառայություններ, որոնց միջոցով երաշխավորված հնարավորություններ են ստեղծվում անձնական կենսապահովման համար: Համենայն դեպս՝ իշխանավորների ցանկացած անօրինությունների հանդեպ համընդհանուր անտարբերությունը եւ դրանց արդարացման ու պաշտպանման պատրաստակամությունը վկայում են հազարավոր մարդկանց ինչ-որ չափով գիտակցված վարքագծի մասին: «Ծառայիր, որ ստանաս». սա է այդ մարդկանց վարքուբարքը:

Այս պրակտիկան բավական լավ ուսումնասիրվել է: Անձնական կյանքը կարգի բերելու այս միջոցին հակվածությունը մարդկանց աշխարհը նեղացնում-հասցնում է հարաբերությունների սոսկ մեկ գծի, որը քաղաքագիտության մեջ երբեմն անվանում են «հովանավոր-հաճախորդ»: Մարդը բացարձակ անտարբերություն է ցուցաբերում այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում: Նրան հետաքրքրում են միայն այն գործընթացները, որտեղ կա որոշակի անձի կեղտոտ ծառայություններ մատուցելու հնարավորություն: Սովորաբար նման ծառայությունները հանգում են լիազորություններով օժտված գործչի (հովանավոր) անօրինությունները ինչ-ինչ պայմաններով հիմնավորելուն ու պաշտպանելուն: Այդպիսով՝ «պայմանի» մեջ մտած յուրաքանչյուր անձի (հաճախորդ) տրվում է որոշակի գործառութային սանդղակ: Փոխադարձ ծառայությունների տվյալ համակարգը խարսխված է մարդու երեք խորքային զգացմունքների վրա` անտարբերություն, վախ եւ գայթակղություն: Այն ապահովում է գործարքների, շանտաժի եւ կաշառքի անխափան գործունեությունը ինչպես բուրգի ներսում, այնպես էլ ողջ հասարակության շրջանում: Ընդ որում՝ այդ զգացմունքները մշտապես խորացվում են՝ իրողությունների հանդեպ մարդու անզորության գաղափարը հասարակությանը ներշնչելու գործելակերպի միջոցով:

Կարելի է ավելի մանրամասն նկարագրել մարդկանց փոխհարաբերությունների այս նվաստացուցիչ ձեւը: Բայց կատարված սույն հպանցիկ վերլուծությունը եւս թույլ է տալիս հասկանալ, թե որքան վտանգավոր է Հայաստանի համար պետական ​​կառավարման համակարգի ձեւավորման նման գործելակերպը: Համաձայնողականների այս կառուցակազմը իսկական աղետ է ժողովրդի եւ երկրի համար: Մանավանդ որ, երկիրը վաղուց է հանձնված է միջազգային գործամոլներին, իսկ մարդը, ով այն հանձնել է, ուզում է մնալ հովանավորի կարգավիճակում (կամ գոնե նրա պատկերով)՝ հուսալով, որ բոլոր հավանական հաճախորդները կհամաձայնեն դրան: Ամբողջ այդ անձնակազմն, իհարկե, կհամաձայնի:

Acnis.am-ի խմբագրական

Ամենաընթերցվածը