Արմեն Սարգսյանի պատասխանն Ալիեւին

    • Մեկնաբանություն - 10 Փետրվարի 2018, 16:04
Լուսանկարը ԱՐՑԱԽՊՐԵՍ-ի
Լուսանկարը ԱՐՑԱԽՊՐԵՍ-ի
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ փետրվարի 9-ին տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի նախագահի թեկնածու, կամ ինչպես ինքն է արտահայտվել՝ չորրորդ հանրապետության առաջին նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակել հակամարտության խաղաղ կարգավորումը:

Լսե՞լ էր Արմեն Սարգսյանը մինչ այդ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունը Երեւանի մասին, թե ոչ, հայտնի չէ, սակայն թերեւս էական հանգամանք է:

Բանն այն է, որ ֆորմատի առումով նա արտահայտվում է բավական հստակ, իսկ բովանդակությա՞ն մասով: Արմեն Սարգսյանը փաստորեն անհրաժեշտ չի համարում կարգավորման ձեւաչափի փոփոխությունը: Այստեղ զարմանալի, անսպասելի բան թերեւս չկա. Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը Հայաստանի համար խնդրահարույց չէ, եւ ավելին, դատելով Մինսկի խմբի եռանախագահների գործունեությունից Ադրբեջանի դժգոհությունից՝ Հայաստանի համար արդյունավետ ֆորմատ է:

Բուն խնդիրը սակայն բովանդակությունն է, որի հարցն առավել սուր կամ հերթական անգամ ընդգծված է դառնում Ալիեւի հայտարարությունից հետո: Պե՞տք է բովանդակային փոփոխություն, թե ոչ: Հայաստանը պե՞տք է Մինսկի խմբի եռանախագահների ֆորմատում հանդես գա նոր ռազմավարությամբ եւ հայեցակարգով, կամ դրա առնվազն մեկնարկով, թե՞ ոչ: Չորրորդ հանրապետությունն այդ տեսանկյունից պե՞տք է ենթադրի ռազմավարության եւ հայեցակարգի, մոտեցումների, շեշտադրումների եւ սկզբունքային հարցադրումների վերանայում եւ վերափոխում, Ալիեւի «երեւանյան» բաց տեքստով նկրտումներին համարժեք, թե ոչ: Հետաքրքիր է Արմեն Սարգսյանի կարծիքը հենց այդ մասով, հասկանալու համար՝ չորրորդ հանրապետության առաջին նախագահն ուշագրավ թվաբանական կոմբինա՞ցիա է, թե պետական ապագայի խորքային բովանդակություն:

Սարգսյանը խորհրդարանական կառավարման համակարգում չունի արտաքին քաղաքականության առանցքային լիազորություններ: Նա չի համաձայնել տեսակետին, թե նախագահը նոր համակարգում անգլիական թագուհի է, արարողակարգային պաշտոն: Ավելին, Արմեն Սարգսյանը բավական հստակ մատնացույց է արել, թե ինչ գործիքակազմով է առանցքային դերի հավակնելու հայաստանյան ներքին կյանքում՝ արտասահմանյան ներդրումների, խոշոր խաղացողների հետ կապեր, ներգրավում:

Բանն այն է, որ հնարավոր չէ Հայաստանում ունենալ դերակատարում, անմասն մնալով Արցախի խնդրից: Բանն այստեղ միայն անվտանգությունը չէ, այլ նաեւ այն, որ խորքային առումով հենց արցախյան գործոնն է հայկական պետականության միջազգային արդիականության ներկայիս հենքը եւ թերեւս այդպիսին կմնա տեւական ժամանակ: Ավելին, խորքային առումով այդ հենքը երբեք չի փոխվի, այլ հարց է, թե ինչքան ժամանակ անց Հայաստանը, հայկական «վերնախավը» վերջապես կամք եւ կարողություն կունենա կառուցել տնտեսա-քաղաքական դերը:

Նաեւ այդ հանգամանքով է պայմանավորված, որ հնարավոր չէ Հայաստանում հավակնել որեւէ դերի առանց Արցախի խնդրին կոնցեպտուալ առնչությամբ: Այլ հարց է իհարկե նաեւ այդ առնչության որակն ու քաղաքական մասշտաբը:

Այդ տեսանկյունից սակայն, Արմեն Սարգսյանի ներուժը թերեւս շոշափելի է: Այլ հարց է, թե որքան կլինի դրա ՕԳԳ-ն, ինչը կախված է մի շարք հանգամանքներից:

Այդ տեսանկյունից կա թերեւս մի ուշագրավ երանգ՝ Արմեն Սարգսյանն Արցախ մեկնեց այն ժամանակ, երբ տարածաշրջանային այցի շրջանակում Ստեփանակերտ էին մեկնել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք փետրվարի 10-ին հանդիպել են Բակո Սահակյանին:

Հետաքրքիր է, Արցախում միմյանց պատահած կլինե՞ն չորրորդ հանրապետության առաջին նախագահն ու Մինսկի խմբի երեք համանախագահները:

Ամենաընթերցվածը