Ումի՞ց կսկսի Ռուսաստանը՝ Ադրբեջանից, թե Հայաստանից

    • Մեկնաբանություն - 09 Փետրվարի 2018, 20:09
Արեւմտյան փորձագետները կարծում են, որ 2018 թվականի մարտին ընտրություններից հետո Վլադիմիր Պուտինը, ով «խրվել է» Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում, կփորձի իր ակտիվությունը տեղափոխել հետխորհրդային տարածք: Փորձագետները նշում են, որ դրա համար կարող են նոր ռազմական սադրանքներ անհրաժեշտ լինել:

Եվրասիական միությունը որպես «խաղաղ էքսպանսիայի» գաղափար, ըստ երեւույթին, չի արդարացրել իրեն: Հետխորհրդային երկրները չեն ցանկանում ինտեգրվել: Հատկապես Կենտրոնական Ասիան, առավել եւս այն բանից հետո, երբ Նուրսուլթան Նազարբեւը «հինգ կենտրոնասիական երկրների անունից» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է զբաղվել տարածաշրջանային անվտանգությամբ:

Ինչ վերաբերում է Ուկրաինային եւ Մոլդովային, Ռուսաստանն ամենայն հավանականությամբ արդեն հույս չունի, որ նրանք «կվերադառնան»: Մոլդովայում արդեն բաց տեքստով խոսում են Ռումինիային միանալու եւ Մերձդնեստրյան հարցի լուծման մասին, իսկ Ուկրաինան սկսել է պաշտպանության համար անհրաժեշտ զենք ստանալ ԱՄՆ-ից:

Մնում է Հարավային Կովկասը, եւ հարցն այն է, թե ումից «կսկսի» Ռուսաստանը՝ Վրաստանից, Ադրբեջանից, թե Հայաստանից: Փորձագետները հակված են այն կարծիքին, որ Ռուսաստանը դրա համար հակամարտությունների նոր բռնկում կսադրի:

Արեւմուտքում պատրաստվում են Վրաստանի հանդեպ Ռուսաստանի քայլերին: Քայլերից մեկը կարող է լինել ՆԱՏՕ-ին Վրաստանի արագացված անդամակցությունը: Մասնավորապես, ամերիկյան Heritage հիմադրամի արտաքին քաղաքականության կենտրոնի տնօրեն Լյուկ Քոֆին, ով Վրաստանում է գտնվում, ասել է, որ «ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը չպետք է բարդացվի ՆԱՏՕ-ի կանոնակարգի 5-րդ հոդվածով»: Քոֆին հրապարակած հոդվածում խորհուրդ է տվել «Վրաստանին շուտափույթ ընդգրկել ՆԱՏՕ-ում եւ Վրաստանի օկուպացված տարածքների վրա ժամանակավոր չկիրառել կոլեկտիվ անվտանգության մասին ՆԱՏՕ-ի կանոնակարգի 5-րդ հոդվածը»:

«Մենք աջակցում ենք Վրաստանի որոշմանը ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ», - ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին: Նրա խոսքով, ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, եւ ոչ ոք չպետք է դա կասկածի տակ դնի: «Մեր որոշումները չպետք է հիմնվեն այն բանի վրա, թե ինչ է մտածում Ռուսաստանը», ասել է Քելլին:

Օրերս Վրաստանում էր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրիջիթ Բրինքը, ով նույնպես աջակցել է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ձգտումներին:

Բրինքն այցելել է նաեւ Բաքու եւ Երեւան:

Երեւանը Ռուսաստանին ռազմավարական դաշնակից է անվանում եւ հեռու մնում «ռուսական սպառնալիքի» դեմ Արեւմուտքի միջոցառումներից: Վերջերս ուշագրավ միջադեպ էր եղել. Ռազմինֆոն, հղում անելով ՆԱՏՕ-ի կայքին, հայտնել էր, որ մայիսին Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ կկայանան, իսկ մեկ օր անց Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր տեղեկությունը:

Հայաստանը երաշխիքներ ունի՞, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների չի դիմի, Երեւանում կարծու՞մ են, որ Ռուսաստանի հետ դաշինքը հուսալի պաշտպանություն է այդպիսի գործողություններից:

Այն բանից հետո, երբ Իլհամ Ալիեւը նախագահական ընտրությունները հոկտեմբերից տեղափոխեց ապրիլ, փորձագետները հավանական համարեցին, որ նա նոր ռազմական սադրանքների է պատրաստվում:

Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է լավ նորություն լինել Հայաստանի համար, սակայն ի՞նչ պետք է անել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ «հեռավորությունը» կրճատելու համար:

Ամենաընթերցվածը