Ադրբեջանի սահմանների նոր փոփոխության հեռանկարը

    • Մեկնաբանություն - 08 Փետրվարի 2018, 23:20
Իլհամ Ալիեւը որոշել է նախընտրական արշավ կազմակերպել ագրեսիվ հայրենասիրության վրա: «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարին նա հերթական անգամ հայտարարել է, որ թույլ չի տա «երկրորդ հայկական պետության ստեղծում ադրբեջանական հողի վրա»:

«Մենք չպետք է մոռանանք եւ չենք մոռանում մեր պատմական հողերի մասին: Մեր պատմական հողերն են Երեւանի խանությունը, Զանգեզուր-Գյոյչան», ասել է Ալիեւը՝ կարծես թե ակնարկելով, թե ինչու է Նախիջեւանում առանձին բանակ ստեղծել:

Ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխելով՝ Իլհամ Ալիեւը փաստացի դադար է վերցրել բանակցություններում: Չի բացառվում, որ հակառակ դեպքում ապրիլին Հայաստանում իշխանության ձեւավորումից հետո մայիսին ստիպված լիներ բանակցել ոչ թե ռուս-ադրբեջանական օրակարգով, այլ Արեւմուտքի պայմաններով: Ալիեւն այդ օրակարգից շատ է վախենում:

Եթե նա վերջնականապես հրաժարվի այդ օրակարգից, Արեւմուտքը Ղարաբաղը չճանաչելու պատճառ չի ունենա: Եթե նա համաձայնվի, սեփական հանրությունը կարող է պատառոտել նրան:

Ադրբեջանը հեղաշրջումների հարուստ փորձ ունի, եւ դրանք բոլորը կապված են ղարաբաղյան պատերազմի հետ: 1992 թվականին Շուշիի դեպքերից հետո ազգայնականներն Այազ Մութալիբովին հեռացրին իշխանությունից, իսկ թուրքամետ ազգայնական Էլչիբեյին հեռացրեց հին կոմունիստական նոմենկլատուրան, որը հավաքվելով Ալիեւի շուրջ, օգտագործեց Քարվաճառի կորուստն ու պարտությունը Մարտակերտում:

Ալիեւն էլ ստիպված էր 3 շրջան զիջել, սակայն քաղաքական փորձը բավարարեց, որ դա քաղաքական կապիտալ դարձնի իր որդու համար: Իլհամ Ալիեւի փորձը հազիվ թե հերիքի պահպանել իշխանությունը, եթե ղարաբաղյան կարգավորումում կատակլիզմներ լինեն:

Չնայած Ադրբեջանում քաղաքական ընդդիմության թվացյալ բացակայությանը, բազմաթիվ դավադրությունների բացահայտմանը, Ալիեւը հասկանում է, որ ղարաբաղյան կարգավորումում ցիկլի ավարտը կարող է նաեւ իր ցիկլի ավարտը լինել:

Նրա հորը մեղադրում են 1990 թվականին Բաքվում հունվարյան դեպքերի կազմակերպման մեջ: Ադրբեջանցի իրավապաշտպան ու պատմաբան Արիֆ Յունուսովը պատմել է, որ 1990 թվականի հունվարին Բաքվում հայերի ջարդերը կազմակերպվել են Հեյդար Ալիեւի հրահանգով: «Հունվարի վերջին պետք է կայանար Ադրբեջանի ԿԿ կենտկոմի պլենումը, որտեղ Հեյդար Ալիեւն ու իր թիմը պետք է հեռացվեին կուսակցության շարքերից եւ դրանից հետո անհետանային երկրի քաղաքական ասպարեզից: Հանդիպումներից մեկում Հեյդար Ալիեւն ասել է. «Մեզ արյուն է պետք, շատ արյուն», - պատմել է Արիֆ Յունուսովը:

Ալիեւ ավագին մեղադրում են 3 շրջան զիջելու մեջ, իսկ եթե առիթ լինի, Իլհամ Ալիեւին եւս կմեղադրեն թե պետական միջոցների յուրացման, թե Ադրբեջանն իզգոյ դարձնելու, թե Ղարաբաղում զիջումների մեջ:

Առիթը կարող է ցանկացած պահի լինել՝ ելնելով աշխարհքաղաքական միտումներից: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրիջիթ Բրինգի հետ հանդիպմանն Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն ասել է, որ ուժով սահմանների փոփոխությունն անթույլատրելի է: Դա նշանակու՞մ է, որ Բրինքը հնարավոր է համարում Ադրբեջանի սահմանների փոփոխությունը:

Ալիեւն ագրեսիվ նոտայի վրա է պատրաստվում ընտրություններին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի օրը Ղարաբաղում հայ զինվոր է սպանվել, իսկ հաջորդ օրն արդեն Ալիեւը հավակնություններ է ներկայացրել Երեւանի եւ Զանգեզուրի նկատմամբ:

Էլչիբեյն ու Մութալիբովը կարող էին նրա հետ կիսվել իրենց փորձով:

Ամենաընթերցվածը