Անսպասելի հայտարարություն Բաքվից

    • Մեկնաբանություն - 07 Փետրվարի 2018, 17:39
Ի՞նչ է մտածել Ալիեւը ապրիլի համար

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը փետրվարի 7-ին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի բանակցությունը կշարունակվի Ադրբեջանում եւ Հայաստանում նախագահի ընտրություններից հետո:

Հաջիեւը այդ մեկնաբանությունն արել է Մինսկի խմբի երեք համանախագահների եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանդիպման առիթով: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 7-ի առավոտյան: Բաքվից համանախագահները ժամանելու են Հայաստան:

Հաջիեւը ասել է, թե Ալիեւի եւ համանախագահների հանդիպմանը ներկայացվել են կարգավորման կոնկրետ առաջարկներ, որոնք հիմնված են եղել հունվարի 19-ին Կրակովում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն արված առաջարկների վրա:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ բանակցությունը նախագահական ընտրություններից հետո, որ կանցկացվեն Ադրբեջանում եւ Հայաստանում», ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարել է Հաջիեւը:

Հաջիեւի հայտարարությունը հետաքրքիր է Ալիեւի հրամանագրի ֆոնին, որով նա նշանակեց նախագահի արտահերթ ընտրություն, վեց ամիս առաջ բերելով հոկտեմբերին նախատեսված հերթական ընտրությունը: Ալիեւը արտահերթ ընտրությունը նշանակեց ապրիլի 11-ին: Որն է այդ որոշման հիմնական շարժառիթը կամ շարժառիթները, բավական բարդ է ճշգրտորեն ասել: Հնարավոր վարկածների շարքում կան թե արտաքին, թե ներքին գործոններ: Այդ թվում դիտարկվում է նաեւ այն, որ Ալիեւը փաստորեն Ադրբեջանի նախագահի ընտրությունը զուգահեռ է դարձրել Հայաստանում վարչապետի նշանակման ժամանակահատվածին:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, թե ինտենսիվ բանակցությունը կշարունակվի Հայաստանում ու Ադրբեջանում ընտրություններից հետո, կարծես թե հուշում է, որ Հայաստանի զարգացումների հետ զուգահեռը եղել է Ալիեւի շարժառիթների շարքում: Թե հատկապես ինչն է դրա նպատակը, արդյոք մեկնարկային պայմանները այսպես ասած հավասարեցնելը, եւ արդյո՞ք Ալիեւը մինչ արտահերթ ընտրության մասին հրամանագիրը հարցը քննարկել է համանախագահների հետ, թե՞ հենց նրանցն է եղել առաջարկն ու Ալիեւը դրա համար էլ նրանց այցի շեմին կայացրել որոշումը: Այդ ամենը բնականաբար շատ բարդ է արձանագրել, սակայն Հաջիեւի հայտարարությունն իրապես ուշագրավ է:

Ուշագրավ է այն նաեւ մի առաջին հայացքից տեխնիկական թվացող, սակայն հետաքրքիր նրբերանգի առումով: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խոսում է Հայաստանում եւ Ադրբեջանում «նախագահական» ընտրությունների մասին: Մինչդեռ, Հայաստանում չկա նախագահի ընտրություն: Ապրիլին Հայաստանում պարզապես պետք է նշանակվի նոր վարչապետ եւ կառավարություն: Իհարկե խորհրդարանի կառավարման մոդելը գործադիր թիվ մեկ պաշտոնյա դիտարկում է վարչապետին, նրան է տրվում իշխանության գործադիրի ղեկավարումը, բայց դա այդուհանդերձ նախագահի ընտրություն չէ:

Ավելին, ըստ նոր Սահմանադրության՝ պետության գլուխ հանդիսացող նախագահի ընտրություն Հայաստանում լինելու է մինչեւ մարտի 2-ը, եւ իշխող մեծամասնությունն էլ հայտարարել է, որ հենց մարտի 2-ին խորհրդարանում կլինի նախագահի ընտրությունը: Այսինքն, եթե խոսքը հենց նախագահի ընտրության մասին է, ապա Հայաստանում այն լինելու է ոչ թե ապրիլին, այլ մարտին: Իհարկե նախագահը իր պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ին, երբ լիազորությունը վայր կդնի Սերժ Սարգսյանը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի նախագահի թեկնածու է առաջադրվել Արմեն Սարգսյանը՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը, թեեւ պաշտոնական առաջադրում, որպես այդպիսին, դեռ հնչեցված չէ: Այդուհանդերձ Արմեն Սարգսյանն արդեն ունենում է հանդիպումներ այդ թեմայով, իր վերջնական որոշումը կայացնելու համար: Եվ այստեղ խիստ ուշագրավ մեկ այլ հանգամանք է նաեւ այն, որ նախօրեին Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպման նպատակով գտնվող Արմեն Սարգսյանը հանդիպել էր նաեւ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերի Պետնախարար Ալան Դանքընի հետ ու քննարկել նաեւ Արցախի հարցի կարգավորման գործընթացը:

Այդպիսով, Հաջիեւը ի՞նչ նախագահական ընտրություն նկատի ունի Հայաստանի մասին էլ խոսելիս՝ բու՞ն նախագահի ընտրությունը, թե՞ նա այդպես է խոսել իրականում վարչապետի նշանակման մասին:

Ի դեպ, մեկ այլ առաջին հայացքից դարձյալ տեխնիկական, այդուհանդերձ ուշագրավ հանգամանք էլ կա: Արտահերթ ընտրությունից հետո Ալիեւը կպաշտոնավարի արդեն ոչ թե հինգ, այլ յոթ տարի ժամկետով: Հայաստանի նոր նախագահն էլ պաշտոնավարելու է 7 տարի ժամկետով:

Այդ ամենով հանդերձ, շարունակում է բաց մնալ հարցը, թե արդյոք Սերժ Սարգսյանը կլինի ապրիլին նշանակվող վարչապետը, թե ոչ: Եվ Հաիջեւի հայտարարությունից հետո այդ հարցը ստանում է նոր երանգ:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է պնդել «տարածքների վերադարձի», ստատուս-քվոյի փոփոխության պահանջը: Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ ապրիլյան պատերազմից հետո առավել քան անհրաժեշտ է կարգավորման գործընթացում Հայաստանի նոր մոտեցումն ու գործընթացի տրամաբանության փոփոխությունը:

Ապրիլը Հայաստանի համար դրա լավ հնարավորություն է, որն օգտագործելու տեխնիկական միջոցը թերեւս կարող է լինել բանակցողին, այսինքն Սերժ Սարգսյանին փոխելը: Շարունակելու դեպքում Սարգսյանին մի շարք առումներով շատ դժվար կլինի դուրս գալ այն տրամաբանությունից, որում է արդեն տասնամյակից ավելի: Ըստ այդմ, տրամաբանությունը փոխելու եւ որակապես նոր, համարժեք քաղաքականության անցնելու համար կա Սերժ Սարգսյանի հեռանալու անհրաժեշտությունը: Ապրիլից հետո Սարգսյանը ենթարկել է Հայաստանի քաղաքականությունը նվազագույն անհրաժեշտ մարտավարական վերանայումների, երկու տարի անց ապրիլը ռազմավարական վերանայման հնարավորություն է, եթե Սարգսյանը դրսեւորի հեռանալու կամք եւ հեռատեսություն:

Ամենաընթերցվածը