Բաքուն պատերազմ հայտարարեց, որը շարունակվում է մինչ օրս

    • Մեկնաբանություն - 13 Հունվարի 2018, 23:15
2017 թվականը նշանավորվեց նրանով, որ ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես դադարեցին մի շարքում դիտարկել հետխորհրդային մյուս հակամարտությունների հետ: Այդ հակամարտությունների լուծման համար պահանջվում է տարածքային ամբողջականության վերականգնում, եւ այդ պահանջը ներկայացվում է ինչպես ուկրաինական, այնպես էլ Վրաստանի ու Մոլդովայի հակամարտությունների դեպքում:

Միջազգային փաստաթղթերում ղարաբաղյան կարգավորումը դիտարկվում է երեք սկզբունքների՝ ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման համատեքստում: Դա նշանակում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այլեւս չի ընկալվում որպես իրողություն:

Ղարաբաղյան հակամարտության առանձնահատկությունը միայն դա չէ: Այն հավանաբար միակ հակամարտությունն է, որի հետեւանքով տեղի է ունեցել «բնակչության փոխանակում», երբ Ադրբեջանից հեռացան հայերը, իսկ Հայաստանից ու Ղարաբաղից՝ ադրբեջանցիները: Մյուս հակամարտություններից ոչ մեկում այդպիսի բան տեղի չի ունեցել. աբխազները հիմա էլ են բուժվում Թբիլիսիում, վրացիները բնակվում են Աբխազիայի Գալիի շրջանում, Ուկրաինան ու Ռուսաստանը չեն փակել սահմանն անգամ Ղրիմի ու Դոնբասի բռնակցումից հետո, իսկ մերձդնեստրյան օլիգարխները թաքնվում են Քիշնեւում:

Ինչո՞վ է պայմանավորված ղարաբաղյան հակամարտության այդ յուրահատկությունը: Փորձագետները կարծում են, որ այդպիսի կտրուկ զատումը կապված է Ղարաբաղում անկախության շարժման հանդեպ Բաքվի արյունոտ արձագանքի եւ Մոսկվայի քաղաքականության հետ:

1988 թվականի փետրվարին Ադրբեջանի իշխանությունները Սումգայիթում ջարդեր կազմակերպեցին, իսկ հունվարի 13-19-ին ջարդեր տեղի ունեցան Բաքվում: Փախստականների հարցերով համակարգող Մարիամ Ավագյանն այսօր հայտնել է, որ որոշ գնահատականերով Բաքվի ջարդերի ժամանակ սպանվել է ավելի քան 9000 մարդ, իսկ Սումգայիթում՝ ավելի քան 700: 1988-90 թվականներին Խորհրդային Ադրբեջանից հեռացել է ավելի քան 660 հազար հայ:

Մոսկվան ոչ միայն չէր խոչընդոտում «զտմանը», այլ նաեւ խրախուսում էր այն. Օղակ գործողության ժամանակ ադրբեջանական զորքերը խորհրդային զորքերի աջակցությամբ կարողացան Հյուսիսային Արցախից եւ ԼՂԻՄ մի շարք շրջաններից արտաքսել հայերին: Ըստ երեւույթին, արտաքսումը Մոսկվային էր պետք, որ տարածաշրջանում պահպանի «հավասարակշռությունը» եւ այն իր ազդեցության գոտում պահպանի:

Այժմ Ռուսաստանը «հավասարակշռությունը» պահպանում է Ադրբեջանին ու Հայաստանին սպառազինություն վաճառելով: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը կարծում է, որ «դա Ադրբեջանին Ռուսաստանից կախվածության մեջ գցելու հուսահատ քայլ է»: Նա կարծում է, սակայն, որ Ադրբեջանը թուրքական պետության ձեւ է: «Սկզբունքորեն հնարավոր չէ այն Թուրքիայից պոկել», ասել է նա:

Թուրքիան չի թաքցնում, որ մտադիր չէ Ադրբեջանը Ռուսաստանին զիջել: Ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանին Թուրքիայի աջակցությունը համապատասխանում է միջազգային իրավունքին, Դեյլի Սաբահի հետ հարցազրույցում ասել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը: Դեսպանը նշել է, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում հստակ դիրքորոշում ունի:

Ուղիղ 28 տարի առաջ Բաքվում իրադարձություններ տեղի ունեցան, որոնց արձագանքները լսելի են մինչեւ հիմա: Ադրբեջանի արյունոտ արձագանքը Մոսկվայի աջակցությամբ այրեց հաշտության ու քաղաքակիրթ համաձայնության կամուրջներն ու հնարավորությունները: Հետո պատերազմն սկսվեց:

28 տարի առաջ Բաքուն պատերազմ հայտարարեց, որը շարունակվում է մինչեւ հիմա:

Ամենաընթերցվածը