Սամվել Կարապետյանի բիբլիական կրեատիվը

    • Մեկնաբանություն - 13 Հունվարի 2018, 13:31
Հայաստանի ակումբային ֆուտբոլում նորություն կա, ընդ որում բավականին հետաքրքիր ոչ միայն ֆուտբոլասերների, այլ ընդհանրապես հայրենասերների տեսանկյունից: Հայաստանում կա նոր ակումբ՝ «Արարատ Մոսկվա», որի սեփականատերը ռուսաստանցի միլիարդատեր, Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նախօրեին հաստատեց պաշտոնապես, որ Սամվել Կարապետյանը գնել է առաջին խմբում հանդես եկող Ավան Ակադեմիա ակումբը եւ այն կկոչվի այլեւս «Արարատ Մոսկվա»: Այդ ակումբը առաջին խմբից կարող է տեղափոխվել բարձրագույն խումբ:

Հետաքրքիր է այն, որ Սամվել Կարապետյանը նաեւ Մոսկվայի Արարատ ակումբի ղեկավարն է, որը հանդես է գալիս ՌԴ երկրորդ լիգայում: Ակումբները սակայն չունեն իրավաբանական որեւէ ընդհանրություն:

Սամվել Կարապետյանի հանգամանքը հուշում է, որ Երեւանի «Արարատ Մոսկվան» կարող է ոչ միայն տեղափոխվել առաջին խմբի բարձրագույն, այլ նույնիսկ բարձրագույն խմբում շատ արագ հասնել հաջողության եւ դուրս գալ օրինակ եվրագավաթային մրցաշարեր: Այդպիսով, ամենեւին անհավանական չէ տարբերակը, երբ օրինակ Չեմպիոնների Լիգայում Հայաստանը կներկայացնի երկրի չեմպիոն՝ Երեւանի «Արարատ Մոսկվան»:

Թե ինչու է Սամվել Կարապետյանը որոշել Ավան Ակադեմիան վերանվանել Արարատ Մոսկվա, ըստ երեւույթին որեւէ առիթով կբացատրի հենց ինքը, կամ նրա վստահելի որեւէ անձ, որ գիտե պատճառը: Ընդհանուր առմամբ պատճառը թերեւս հայրենասիրությունն է, ընդ որում այսպես ասած կրկնակի հայրենասիրությունը կամ երկհայրենասիրությունը: Հայաստանում գործում է երկքաղաքացիության մասին օրենք: Երկհայրենասիրությունն իհարկե օրենքով կարգավորել պետք չէ, սակայն դա շատ կարեւոր զգացում է թերեւս, որ պետք է դնել օրինակ Հայաստան 2040 զարգացման ռազմավարության հիմքում, առավել եւս, որ Հայաստանի զարգացման ռեսուրսային առանցքը կարծես թե կազմելու են Ռուսաստանի ազգությամբ հայ գործարարները:

Նրանք շատ են սիրում Հայաստանը, կասկած չկա, բայց մարդիկ շատ սիրում են նաեւ Ռուսաստանը, որտեղ հարստացել են, որտեղ պահպանում են իրենց հարստությունը: Չէ՞ որ, եթե չլիներ Ռուսաստանը, իրենք չէին հարստանա այդքան կամ այդպես ու չէին կարող օգնել Հայաստանին:

Սամվել Կարապետյանը գրեթե բոլոր իմաստներով դառնում է այդ երեւույթին հավաքական խորհրդանիշ: Նա մի կողմից շատ է սիրում Հայաստանը, եւ էլ ինչ Հայաստանի սեր առանց Արարատի, բայց նա շատ է սիրում նաեւ Մոսկվան, ըստ այդմ ինչ Արարատ առանց Մոսկվայի:

Երկհայրենասիրությունից էլ ծնվում է Երեւանի Արարատ Մոսկվան:

Երկակի զգացումներ կունենան նաեւ եվրոպացիները, օրինակ, երբ ասենք եվրագավաթային որեւէ մրցաշարում կլսեն Երեւանի «Արարատ Մոսկվայի» մասին, չիմանալով, թե ի վերջո ինչ է կատարվում, միթե՞ Մոսկվան Ռուսաստան չէր:

Իրավիճակն այստեղ ընդհանրապես հետաքրքիր է: Բանն այն է, որ Հայաստանի միջազգային ճանաչելիության մասով կա ուշագրավ մի հանգամանք, որի մասին կվկայեն թերեւս շատերը, ովքեր արտերկրում ինչ որ մի օտարերկրացու ասել են, որ Հայաստանից են: «Արմենիայի» տեղը կամ չգիտեն, կամ անմիջապես հարցնում են, թե արդյո՞ք դա Ռուսաստանը չէ: Իհարկե այդ հարցը թերեւս նաեւ խորհրդային ժամանակի հետ ասոցացվածությունից է, սակայն բոլոր դեպքերում կա այդ նկատելի ասոցացումը՝ Հայաստանը Ռուսաստանի հետ:

Ընդ որում, նույնիսկ չհասնենք քաղաքականության մակարդակ, այլ ընդամենը շարքային օտարերկրացիների: Եվ այդ առումով կա Հայաստանի այսպես ասած «սուվերեն ճանաչում» ապահովելու խնդիր: Մինչդեռ, օրինակ հայկական ակումբային ֆուտբոլի նորությունը կարող է նպաստել լիովին հակառակին՝ Հայաստանը Ռուսաստանի հետ առավել լայն ասոցացնելուն, երբ Հայաստանը որեւէ եվրագավաթում կարող է ներկայացնել «Արարատ Մոսկվան»:

Այն, որ միլիարդատեր Կարապետյանը ներդնում է անում հայկական ֆուտբոլում, միանգամայն ողջունելի է: Ակումբային ֆուտբոլը Հայաստանում ունի ներդրումների մեծ անհրաժեշտություն, ունի պարզապես ակումբների անհրաժեշտություն:

Բայց, ֆուտբոլը նաեւ քաղաքականություն է, այն էլ զգալիորեն մեծ քաղաքականություն: Սամվել Կարապետյանը չի կարող չիմանալ այդ մասին, հատկապես, երբ ներկայումս նա բավական մեծ եւ առանցքային ներգրավվածություն ունի հայկական քաղաքականության մեջ:

Ըստ այդմ, ֆուտբոլային ներդրումները չեն կարող անտեսել նաեւ ֆուտբոլի քաղաքականություն լինելու բաղադրիչը: Եվ հենց այստեղ արդեն խիստ ուշագրավ է դառնում «Արարատ Մոսկվան»:

Ադրբեջանցիները թիմ են ստեղծում եւ անունը դնում են Ղարաբաղ, միանգամայն պարզ նպատակներով, անելով ամեն ինչ, որ այդ թիմը հասնի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշար, աշխարհի ամենահարուստ հայը Հայաստանում ֆուտբոլի թիմ է ստեղծում՝ «Արարատ Մոսկվա» անվանումով, որ ի՞նչ անի:

Ի վերջո, կա իհարկե նաեւ հակառակ կողմը՝ Արարատ անվանումը, որը կրող ակումբը կարող է Հայաստանը ներկայացնել եվրագավաթներում: Բայց, եթե Կարապետյանն այդքան շատ է ցանկանում, որ ակումբը կրի Արարատ անվանումը, բայց պետք է ինչ որ կերպ այլ ձեւակերպում լինի, որ խնդիր չլինի արդեն իսկ գոյություն ունեցող Երեւանի «Արարատի» հետ, ապա, արդյո՞ք լավագույն տարբերակը Արարատի կողքին Մոսկվա գրելն էր: Չէ՞ որ կարող էին լինել հայրենասիրական եւ նույնիսկ ռազմահայրենասիրական, իսկ գուցե նաեւ ժողովրդական այլ շարունակություններ: Օրինակ, Երեւանի «Արարատ հուպ տուր»:

Ամենաընթերցվածը