Սերժ Սարգսյանը փոխեց հենարանը. ցավոտ անցում

    • Մեկնաբանություն - 12 Հունվարի 2018, 12:45
Հունվարի 8-ի լուսադեմին Երեւանում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ, որը մի շարք հայտնի պատճառներով առաջացրեց հանրային բավական մեծ աղմուկ եւ ուշադրություն, նախօրեին հայտարարություն էր տարածել Քննչական կոմիտեն: Դրա բավական ակնառու նպատակը այն էր, որ կոմիտեն փորձել էր անպատժելիության համար իրեն ուղղված մեղադրանքները հետ մղել եւ ակնարկել, որ անպատժելիության համար մեղավորը ոստիկանությունն է:

Վթարից հետո ակնառու է, որ ողբերգությունը հանգեցրել է մի քանի ուղղություններով տեղեկատվական փոխադարձ գրոհների, տարբեր հաշիվների պարզաբանման,  այդ թվում նաեւ ոստիկանություն-քննչական կոմիտե տիրույթում:

Հատկապես այս հանգամանքը կամ այս «տանդեմի» փոխադարձ ակնարկները հետաքրքիր են դառնում նախորդ տարի հոկտեմբերին Սերժ Սարգսյանի երկու այցերի ֆոնին, որ տեղի ունեցան կարճ ժամանակահատվածում՝ հոկտեմբերի 9-ին Քննչական կոմիտե, իսկ հոկտեմբերի 23-ին՝ ոստիկանություն: Երկու կառույցների կոլեգիաների նիստերում Սարգսյանն ունեցավ ուշագրավ ելույթներ:

«Ձեր գործողությունների թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքի տերը դուք ինքներդ եք: Ձեր հաջողությունների և անհաջողությունների պատճառներն առաջին հերթին պետք է ներսում փնտրեք և համապատասխան հետևություններ անեք», քննչական կոմիտեում հայտարարել էր Սերժ Սարգսյանը, գրեթե բաց տեքստով ասելով, որ Աղվան Հովսեփյանի գլխավորած կառույցը չպետք է իր պատասխանատվությունը բարդի դատախասության եւ ոստիկանության վրա:

«Գաղտնիք չէ, որ ոստիկանության օպերատիվ գործունեությունն էապես կարող է օժանդակել հանցագործության բացահայտմանը: Սակայն դրա նախադրյալները, անշուշտ, պետք է ստեղծի քննիչը: Մենք այս ճանապարհին ենք, բայց վերջնականապես պիտի ջարդենք այն մտայնությունը, որ հանցագործության բացահայտումը հատկապես Ոստիկանության գործն է: Երբ մենք դրան ամբողջովին հասնենք՝ ես կհամարեմ, որ քննչական մարմինները, միասնական քննչական մարմինը ամբողջովին կայացել են: Որքան արագ և գրագետ տրվեն քննիչի հանձնարարությունները, այնքան արդյունավետ և ճշգրիտ կկատարվեն համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումները», հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Երկու շաբաթ անց նա այցելեց ոստիկանություն, որտեղ նրա ելույթի ակնառու նպատակը Քննչական կոմիտեն թիրախավորելուց հետո հավասարակշռությունը վերականգնելն էր:

«Վերջին ամիսներին հանրության շրջանում մտահոգության տեղիք են տվել հանրապետությունում կատարված մի քանի հանցագործություններ, որոնց մասին շատ է գրվել լրատվամիջոցներում, և որոնց անդրադարձ եղավ նաև հնչած զեկուցման մեջ: Ոմանց մոտ ընկալում է ձևավորվել, թե դրանք իրավապահ մարմինների կողմից հանցավորությանը ոչ արդյունավետ հակազդելու հետևանք են: Վստահ եմ, որ իրավապահներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը, և խուճապի որևէ պատճառ չկա: Այնուամենայնիվ, չեմ կարող չմտահոգվել մեր քաղաքացիների անհանգստությամբ: Ինձ համար երկրում օրինականության և կարգուկանոնի լավագույն չափորոշիչը հանրության կարծիքն է: Այո՛, շատերն են ընդունում, որ այսօրվա ոստիկանները նախկինից ավելի պատրաստված են և ավելի դրական են ընկալվում: Սակայն կա նաև տարակուսանք, որ այդ նույն ոստիկաններն իրենց հնարավորությունները լիարժեք չեն իրացնում», ոստիկանությունում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Երեւանում ողբերգական վթարից առաջացած աղմուկի եւ տեղեկատվական փոխադարձ մեղադրանքների եւ գրոհների ֆոնին Սերժ Սարգսյանի երկու ամիս առաջ ունեցած ելույթները խորհրդանշականորեն պրոյեկցվում են ներկայիս իրավիճակի վրա:

Օրինակ, Սարգսյանը ոստիկանության կոլեգիայում հայտարարում էր, թե ոստիկանության կարեւոր երկու առաքելություններն են՝ մեկը հասարակական կարգի ապահովումը, մյուսը՝ հանցավորության եւ իրավախախտումների կանխարգելումը:

«Ակնհայտ է, որ կանխարգելիչ աշխատանքների նշանակությունը գործնականում չափազանց մեծ է: Պատահական չէ, որ Սահմանադրությունը թույլ է տալիս առանձին իրավունքներ սահմանափակել ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես էլ դրանց կանխման նպատակից ելնելով: Մենք պետք է ընդունենք, որ հանցագործությունների կանխարգելման ոլորտում ոստիկանների անելիքները շատ են: Առկա վիճակը դեռ հեռու է ցանկալի մակարդակից: Այս առումով չափազանց կարևոր է ձեր սերտ համագործակցությունն իրավապահ այլ մարմինների, այդ թվում՝ ազգային անվտանգության և քննչական մարմինների հետ», ոստիկանությունում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Ամբողջ խնդիրը սակայն այն է, որ իրավապահ համակարգից Սերժ Սարգսյանի առանցքային ակնկալիքը քաղաքական դիրքերի ամրությունն ապահովելն է: Ընդ որում, ոչ միայն, եւ գուցե նույնիսկ ոչ այնքան հանրային մարտահրավերներից, որքան համակարգային: Իրավապահ համակարգը Սարգսյանի համար դարձավ նախագահության տասնամյակի գործնականում գլխավոր մարտավարական հենարանը, խոշոր կապիտալի շրջանակում լեգիտիմության եւ հասկանալիության բավական թույլ վիճակի պատճառով: Միեւնույն ժամանակ, Սարգսյանն ինքը ձգտեց հենվել ոչ թե այդ կապիտալի, այլ հենց իրավապահների վրա, թերեւս ընդհանուր արտաքին քաղաքական կոնյուկտուրայի ոչ բացասական սպասումներից ելնելով, ինչի դեպքում խոշոր կապիտալը ոչ միայն չէր կարող լինել հուսալի հիմնական հենարան, այլ դառնում էր նույնիսկ մարտահրավեր եւ ներքին ռիսկ:

Ներկայում սակայն իրավիճակը խորապես փոխվում է, Սարգսյանը փոխում է համակարգն ու իշխանության կառուցվածքը եւ մարտավարական հենարանի առանցքային հավակնորդ դիտարկում է բանակը, ինչը մատնանշել է դեռեւս 2013 թվականից:

Դա թերեւս ենթադրում է իրավական համակարգում խոշոր տրանսֆորմացիաներ եւ փոփոխություններ, ժամանակի ընթացքում, երբ Սերժ Սարգսյանն այլեւս լիովին կհենվի պաշտպանական համակարգի վրա՝ բանակի արդիականացման յոթնամյա ճանապարհային քարտեզը ձեռքին:

Ըստ ամենայնի, իրավապահ համակարգի բարձրագույն օղակներում ներկայում զգալի է այդ խնդիրը՝ թե հատկապես որ կետի վրա է ընկնելու տրանսֆորմացիաների ծանրությունը:

Այստեղ թերեւս այլ հարթությունում է ԱԱԾ-ն, որը Սարգսյանի համար կլինի անփոխարինելի ռազմավարական հենարան, եւ որպես այդպիսին, դրա վերաձեւավորումը սկսվել է դեռեւս 2016-ի փետրվարից՝ ԱԱԾ պետի ինչ որ առումով անսպասելի կադրային նշանակումով, որին հաջորդում է թերեւս կառույցում նրա թիմի ձեւավորման բավական տեւական եւ բարդ գործընթացը, որը ուղեկցվեց նաեւ այնպիսի դրամատիկ իրադարձությամբ, ինչպիսին 2016ի հուլիսյան դեպքերը: Հենց այդ շրջանում Սերժ Սարգսյանը կատարեց ԱԱԾ բարձրաստիճան եւ կարեւոր մի շարք կադրային փոփոխություններ:

Ամենաընթերցվածը