Սերժ Սարգսյանի պատրաստած անակնկալը

    • Մեկնաբանություն - 12 Հունվարի 2018, 11:23
ՀՀԿ գործկոմի հունվարի 11-ի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն առաջիկայում կքննարկի ՀՀ նախագահի թեկնածուի հարցը եւ այդ թեկնածուն կլինի լուրջ ճանապարհ անցած, լուրջ կենսագրություն ունեցած, հետք թողած եւ բարձր հեղինակություն ունեցող անձնավորություն:

Ինչպե՞ս է ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանից բացի գտնելու լուրջ ճանապարհ, կենսագրություն եւ հետք ունեցող անձնավորության, դժվար է ասել, բայց թերեւս ստիպված է, որովհետեւ Սահմանադրությունը թույլ չի տալիս Սարգսյանին առաջադրել բոլոր բարձրագույն պաշտոններում միաժամանակ:

Մյուս կողմից, գտնողն իհարկե լինելու է ոչ թե ՀՀԿ-ն, այլ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ն ընդամենը հավանության կարժանացնի Սարգսյանի գտած թեկնածուին: Իսկ Սերժ Սարգսյանն այդ առումով սովորաբար մատուցում է անակնկալներ, եւ չի բացառվում, որ առաջիկայում նախագահի թեկնածության մասով սպասվում է այդպիսին:

Բանն այն է, որ այդ կապակցությամբ շատ ավելի ուշագրավ մի դրվագ եղավ դեկտեմբերին, ոչ թե ՀՀԿ գործկոմի նիստում, այլ Սերժ Սարգսյանի հարցազրույցում, որ նա տվեց Արմենիա հեռուստաընկերությանը:

Մոտ մեկ ժամ տեւած ծավալուն հարցազրույցի վերջնամասում Սարգսյանին ուղղվեց ուշագրավ հարց՝ հեռացած կամ նախկին պաշտոնյաների մասին. «Կառավարությունում կան անդամներ, որոնք երկարակյաց են՝ 2008թ-ից աշխատում են, մյուսները հեռացել են։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում հեռացած պաշտոնյաներին: Կարծո՞ւմ եք, որ նրանք հեռացել են, և այսպես ասած նրանց ժամանակը անցել է, պետք չէ, որ վերադառնան, թե, այնուամենայնիվ, նորից կարող են վերադառնալ՝ երկրորդ կամ երրորդ անգամ շանս տալ»:

Էլ ավելի ուշագրավ էր Սերժ Սարգսյանի պատասխանը .«Ես շատ խորը հարգանք ունեմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր երբևէ ծառայել են Հայաստանի Հանրապետությանը, բայց իմ ասածը չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են, կամ այդ մարդիկ մշտապես պետք է լինեն ծառայության մեջ։ Իմ ասածը չի նշանակում, որ ովքեր գնացել են, գնացել են հավերժ, հավիտյան: Տրամաբանությունը հետևյալն է՝ նախ ցանկացած կառույց, այդ թվում նաև պետական կառույցները պետք է թարմացվեն, լճացումն անթույլատրելի է։ Երկրորդ՝ մենք այդ թարմացումը պետք է զուգակցենք փորձի հետ։ Լավ գաղափարները միշտ փայլուն հնարավորություններ են, ես շատ հարգանքով եմ վերաբերվում լավ գաղափարներին, նորարարություններին, բայց նորարարությունները չպիտի լինեն այնպիսիք, որպեսզի հետագայում խոշոր պրոբլեմներ հարուցեն։ Եթե կարճ պատասխանելու լինեմ Ձեր հարցին, ապա հետևյալն է՝ այստեղ բոլոր դեպքերում անհատական մոտեցում է ցուցաբերվում»:

Միամտություն կլինի կարծել, թե Սարգսյանին տրվել են պատահական կամ հերթապահ հարցեր: Ըստ այդմ, կա հիմք ենթադրելու, որ Սարգսյանն ակնարկել է հեռացած որեւէ պաշտոնյայի վերադարձի մտադրության մասին: Իհարկե պարզ չէ, թե ի՞նչ կարգավիճակում կարող է լինել վերադարձը եւ արդյոք նախագահի թեկնածությունը կարող է լինել հնարավոր տարբերակների շարքում:

Միեւնույն ժամանակ, հետաքրքիր է, թե ո՞ր հեռացած պաշտոնյան կարող է դիտարկվել, թե՞ Սերժ Սարգսյանն այսպես ասած հայտարարեց հեռացած կամ հեռացված պաշտոնյաների «վերադարձի տենդեր», ասելով, որ ամեն ինչ անհատական է եւ ըստ այդմ ակնարկելով, որ կվերադառնա լավագույն «առաջարկի» հեղինակը: Ընդ որում հնարավոր է, որ խոսքը ամենեւին էլ մեկ տեղի մասին չէ:

Իսկ ովքե՞ր են հեռացած պաշտոնյաները կամ նախկին պաշտոնյաները: Խոսքը թերեւս առանցքային պաշտոնյաների մասին է: Բայց նրանք էլ քիչ չեն: Օրինակ, Հայաստանն ունի առնվազն երկու նախկին նախագահ, ունի նախկին մի քանի վարչապետներ: Բայց Սարգսյանին ուղղված հարցը կարծես թե շոշափում է որոշակի «հաշվարկային կետ»՝ 2008 թվական: Իսկ 2008-ից մինչ այժմ հեռացած կամ նախկին պաշտոնյա են դարձել օրինակ Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը, Սեյրան Օհանյանը, նույնիսկ Արթուր Բաղդասարյանն ու Տիգրան Թորոսյանը: Դա իհարկե ամբողջական ցանկը չէ, սակայն հնչեղության առումով թերեւս հիմնական դեմքերն են, որոնք որեւէ կարգավիճակով այլեւս դե յուրե իշխանության մեջ չեն: 

Ամենաընթերցվածը