Վերջնագիր Սերժ Սարգսյանին

    • Մեկնաբանություն - 11 Հունվարի 2018, 23:01
Վարչապետի արձակուրդի հակառակ կողմը

Գնաճի վերաբերյալ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունը բացի կոնկրետ երեւույթին հակազդելու անմիջական անհրաժեշտությանն առնչվող հրատապությունից, անկասկած ուներ նաեւ բավականին ուշագրավ քաղաքական տողատակ կամ շերտ:

Առաջինն իհարկե այն էր, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցությունն անցկացրեց վարչապետի «արձակուրդային» բացակայության պայմաններում, միաժամանակ փաստացի իր վրա վերցնելով գնաճի համար պատասխանատվության ծանրությունը, որովհետեւ, եթե ձեռնարկվող միջոցառումները չլինեն արդյունավետ կամ գոհացուցիչ, ապա հազիվ թե զուտ քարոզչական էֆեկտը լինի բավարար:

Ավելին, խորհրդակցության հանգամանքում քաղաքական ուշագրավ տողատակ է առաջացնում այն, որ դեռեւս 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունից առաջ հեռուստահարցազրույցում Սերժ Սարգսյանը դժգոհում էր, որ քաղաքացիները իրենց տարատեսակ սոցիալ-տնտեսական բողոքները ներկայացնելու համար գնում են Բաղրամյան 26, այն դեպքում, երբ տնտեսական վիճակի պատասխանատուն կառավարությունն է:

Իհարկե առաջին անգամը չէ, երբ Սերժ Սարգսյանն ասում է մի բան, բայց այլ բան անում, այդուհանդերձ անգամ այդ հարցազրուցային մտքի ֆոնին է ուշագրավ, որ Սերժ Սարգսյանը «բողոքը» փաստորեն ինքն է տանում կամ կանչում Բաղրամյան 26:

Այստեղ առաջ է գալիս թերեւս ուշագրավ հանգամանք՝ իսկ արդյո՞ք Սարգսյանը դա արել է այսպես ասած հոժարակամ կամ սեփական նախաձեռնությամբ, թե՞ ստիպել է իրավիճակը: Այս տեսանկյունից հանգամանքը, որ խորհրդակցությունը եւ գնաճի համար այսպես ասած ամբողջ պատասխանատվության ստանձնումը տեղի է ունենում վարչապետի բացակայությամբ:

Մի կողմից Սարգսյանը գուցե այդպիսով ցույց է տալիս, թե ով է իրականում հարց լուծողը եւ ով է լինելու լուծողը նաեւ հետագայում: Մյուս կողմից սակայն, Սարգսյանը վարչապետի վրա այսպես ասած միավոր հավաքելու համար թերեւս կարող էր խորհրդակցություն անցկացնել նրա ներկայությամբ, այդպիսով նաեւ անուղղակի ընդգծելով դե ֆակտո «փոխվարչապետի» կարգավիճակը, որ մամուլի տարբեր հրապարակումներում վերագրվում է Կարապետյանին 2018-ի ապրիլից հետո:

Բայց, Սարգսյանը խորհրդակցությունն անում է վարչապետի բացակայության պայմաններում, հետեւաբար նա կամ օգտվում է առիթից, իսկ դա նշանակում է, որ Սարգսյանն այդուհանդերձ սահմանափակ է Կարապետյանի վրա ցանկացած պահին միավոր հավաքելու կամ իշխանություն հաստատելու հնարավորությունից, կամ առկա է բոլորովին այլ ներքաղաքական կամ ներիշխանական շերտ, մոտավորապես այնպիսին, ինչպիսին եղավ ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրությունից հետո: Թերեւս այստեղ կարող է լինել նաեւ Կարեն Կարապետյանի հետտոնական անսպասելի արձակուրդի հնարավոր շարժառիթների վարկածներից մեկը:

Արդյո՞ք Կարապետյանի արձակուրդը յուրօրինակ շանտաժ կամ վերջնագիր չէր Սերժ Սարգսյանին: Այդ առումով հիշարժան է, որ տարեվերջին Կարեն Կարապետյանն իր հարցազրույցում առաջին անգամ բարձրաձայնեց, որ վարչապետի ապրիլյան հարցում անորոշությունը խանգարում է իրեն: Չի բացառվում, որ Կարապետյանը սպասում էր Սերժ Սարգսյանի որոշակի արձագանք, որի բացակայությունից հետո նա անսպասելի մեկնում է արձակուրդ, ըստ երեւույթին պայմանով, որ արձակուրդից կվերադառնա միայն այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը կամ անորոշությունը կցրի, կամ պատասխանատվությունը կստանձնի տնտեսական բարդ իրավիճակի եւ թանկացումների համար, որպեսզի դրանք չդառնան Կարապետյանին ուղղված հարվածներ:

Այդ իրավիճակին նախորդել էր Սերժ Սարգսյանի անփոխարինելիության եւ հավանական վարչապետության մասին թե տեղեկատվության, թե նաեւ ՀՀԿ մի շարք գործիչների՝ հիմնականում երիտասարդների հայտարարությունների բուռն ալիքը: Դրան հաջորդեց Կարապետյանի բացահայտ դժգոհությունն ու բողոքը՝ անորոշության խանգարող հանգամանքի մասին հայտարարության տեսքով:

Սարգսյանի անփոխարինելիության ու վարչապետության մասին բուռն ալիք սկսվեց նաեւ ապրիլի խորհրդարանի ընտրությունից հետո: Մի քանի շաբաթ անց Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Կարեն Կարապետյանը չունի հրաժարականի պատճառ, այդպիսով դադարեցնելով ընտրությունից հետո նրա դեմ սկսված գրոհը:

Սարգսյա՞նն էր նպատակահարմար գտել դադարեցնել այն՝ համարելով, որ առաջին ալիքի համար բավարար է, թե՞ Կարեն Կարապետյանը, իսկ գուցե նաեւ նրա ֆինանսատնտեսական հենարան Սամվել Կարապետյանն էին նրանից պահանջել անձամբ վերջ դնել գրոհին՝ այլապես սպառնալով չանել թեկուզ նվազագույն ֆինանսական ներարկումներ իրավիճակը պահելու համար:

Երկրորդ անգամ հայտարարել, թե Կարապետյանը հրաժարականի պատճառ չունի, առավել եւս, որ այս անգամ գրոհի շեշտադրումները ոչ թե հրաժարականի, այլ ապրիլից հետո չնալու բովանդակությամբ էին, Սերժ Սարգսյանն իհարկե չէր կարող, դա չէր հնչի: Չի բացառվում նաեւ, որ այս անգամ նրան ներկայացվող վերջնագիրը եղել է այլ բնույթի: Ընդ որում, հարց է նաեւ, թե արդյո՞ք այս անգամ դա կարող էր լինել Կարապետյանների, թե միայն Կարեն Կարապետյանի վերջնագիրը: Որովհետեւ Սամվել Կարապետյանի հետ Սերժ Սարգսյանը կարծես թե պայմանավորվել է, ինչի մասին վկայեց 1 միլիարդ դոլարի ներդրումների մասին հայտարարությունը՝ տասնամյակի կտրվածքով: Եվ հարց է, արդյո՞ք Կարեն Կարապետյանը կար այդ պայմանավորվածության մեջ եւ ի՞նչ կարգավիճակով:

Հնարավոր է, որ Կարեն Կարապետյանն այդ պայմանավորվածության մեջ իրեն տեսել է այսպես ասած զոհաբերվողի դերում, որից հետո սկսված գրոհը նրա մոտ էլ ավելի է ամրապնդել այդ համոզումը, ինչին հաջորդեց անորոշության մասին նրա հրապարակային դժգոհությունը, իսկ դրանից հետո էլ անսպասելի արձակուրդը:

Բանն այն է, որ ներկայումս վարչապետի հրաժարականը Սերժ Սարգսյանի համար ավելորդ խնդիր է, գուցե ոչ անլուծելի, սակայն ավելորդ, որը կարող է նրա համար ստեղծել ֆալստարտի իրավիճակ: Հետեւաբար, Սարգսյանն առնվազն ժամանակ շահելու համար կարող է պատասխանատվությունը վերցնել իր վրա եւ թեթեւացնել Կարեն Կարապետյանի բեռը: Բայց որքանո՞վ դա կօգնի Կարապետյանին մինչեւ ապրիլ:

Ամենաընթերցվածը