Չեխիայի նախարարի դասը Նալբանդյանին. Ռոբսոնի վերջին խորհուրդը

    • Մեկնաբանություն - 11 Հունվարի 2018, 15:59
Չեխիայի արտաքին գործերի նախարար Մարտին Ստրոպնիցկին նամակ է հղել հինգ հետխորհրդային երկրի դեսպանների՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան եւ Ադրբեջան: Նամակն առնչվում է Պրագայում տեղադրված մի արձանի՝ խորհրդային մարշալ Կոնեւի արձանի կապակցությամբ դեսպանների ավելի վաղ հղած մի նամակի:

2017 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի դեսպանները հանդես են եկել մարշալ Իվան Կոնևի արձանի մոտ նոր ցուցանակի տեղադրման դեմ, որում նշված է ոչ միայն 1945 թվականին Պրագայի ազատագրության, այլ նաև 1956 թվականին Հունգարական ապստամբության և 1968 թվականին Չեխական գարնան ճնշմանը մասնակցելու փաստերը: Դեսպանների նամակում նշված է, որ նոր ցուցանակը նսեմացնում է հուշարձանի կարևորությունը և անարգում նացիզմի դեպ պայքարում զոհվածների հիշատակը:

Չեխիայի արտաքին գործերի նախարարը դեսպաններին հայտնում է, որ Չեխիայի կենտրոնական իշխանությունը չունի ՏԻՄ իշխանության որոշումներին միջամտելու իրավունք, իսկ արձանի տեղադրման եւ դրա մակագրության իրավասությունը ՏԻՄ իրավասություն է: Նախարարը հայտնել է, որ Կոնեւի արձանը պատկանում է Պրագայի 6-րդ թաղամասին, որն էլ իրավունք ունի համապատասխան որոշումներ կայացնել: Ստրոպնիցկիի խոսքով, Կոնևի արձանի ճակատագիրը Պրագայի իշխանությունների և քաղաքացիների ներքին գործն է:

Չեխիայի արտգործնախարարը փաստացի կառավարման համակարգի փոքրիկ լիկբեզ է անցկացնում հետխորհրդային հինգ պետությունների դեսպանների համար, այդ թվում Հայաստանի դեսպանի:

Թեեւ, Հայաստանի դեսպանը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ադրբեջանի դեսպանների նախաձեռնությանը ամենայն հավանականությամբ միացել է Հայաստանի արտգործնախարարության կամ անմիջականորեն հենց նախարարի հետ խորհրդակցելուց հետո, ոչ ինքնագլուխ: Ըստ այդմ, Չեխիայի արտաքին գործերի նախարարի լիկբեզը թերեւս վերաբերում է հենց Հայաստանի արտաքին գործերի նախարարին, որը Հայաստանի դեսպանին Ռուսաստան-Բելառուս-Ադրբեջան-Ղազախստան նախաձեռնությանը միանալուց առաջ թերեւս պետք է հուշեր, որ չարժե անել դա, քանի որ դա ՏԻՄ իրավասության դաշտից է:

Իհարկե հասկանալի է, որ եվրասիական միջավայրի պետությունների համար ՏԻՄ իշխանությունն ընդամենը ցուցանակ է, իսկ իրականում այն ենթարկվում է կենտրոնական իշխանությանն այնպես, ինչպես գործադիր համակարգը:

Բայց Էդվարդ Նալբանդյանը աշխարհ տեսած, Եվրոպայում տարիներ շարունակ ապրած փորձառու գործիչ է եւ պետք է որ իմանար, որ ի տարբերություն եվրասիականի, Եվրամիության գոտում իշխանության բաժանման սկզբունքը ցուցանակային կամ ձեւական չէ, գոնե այնպիսի հարցերում, ինչպիսին հուշարձանների տեղադրման կամ մակագրման հարցերն են:

Չի բացառվում իհարկե, որ Հայաստանի արտգործնախարարը առաջնորդված լինի իր արտահաստիքային խորհրդականի՝ Ռոբսոնի կամ Ռուբեն Թաթուլյանի խորհրդով, առավել եւս, որ Թաթուլյանը կարող էր «իր հաշիվներն» ունենալ Չեխիայի հետ: Ամիսներ առաջ հենց Չեխիայի իրավապահներն էին, համենայն դեպս ըստ համացանցում տարածված տեղեկության, ձերբակալել Ռոբսոնին՝ Պրահայում քրեական հեղինակությունների հավաք կազմակերպելու համար: Ի դեպ, այդ տեղեկատվության մեջ նշվում էր նաեւ Թաթուլյանի մոտ հայկական դիվանագիտական անձնագիր հայտնաբերելու մասին: Հենց այդ ժամանակ Հայաստանի հանրությանը հայտնի դարձավ, որ նա ունի Հայաստանի դիվանագետի անձնագիր:

Թաթուլյանն ինքը հերքեց Չեխիայում ձերբակալվելու փաստը, ասելով, թե այդ մասին տեղեկությունը մամուլում պատվեր էր իր դեմ: Բայց, որ նա ունի Հայաստանի դիվանագիտական անձնագիր, Թաթուլյանը ոչ միայն չէր հերքել, այլ օրեր առաջ էլ հայտարարել էր, որ Հայաստանի արտգործնախարարի խորհրդականն է:

Ըստ այդմ, բացառված չէ, որ Ռոբսոնն է տվել Չեխիայում մարշալ Կոնեւի արձանի պատիվը պահելու ռուս-բելառուս-ադրբեջանական նախաձեռնությանը միանալու խորհուրդը: Չի բացառվում իհարկե, որ դա եղել է Ռոբսոնի վերջին խորհուրդը արտգործնախարարին: Համենայն դեպս, Հայաստանի ԱԳՆ-ն, արձագանքելով նրա խորհրդական լինելու մասին հայտարարությանն, ասել էր, թե Թաթուլյանը եղել է արտահաստիքային խորհրդական, իսկ այժմ նույնիսկ այդպիսին էլ չէ: Թե երբվանից է եղել Ռոբսոնը խորհրդական եւ երբվանից է դադարել լինել այդպիսին, ԱԳՆ-ն չէր նշել: Չի բացառվում, որ Ռոբսոնը Չեխիայի վերաբերյալ անհաջող խորհրդից հետո է զրկվել արտահաստիքային խորհրդականի կարգավիճակից:

Ամենաընթերցվածը