ԱՄՆ մեսիջը անվտանգության հայ-վրացական առանցքի մասին

    • Մեկնաբանություն - 11 Հունվարի 2018, 12:21
ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է աշխարհում ճանապարհորդելու անվտանգության վերաբերյալ ԱՄՆ քաղաքացիների իրազեկման նոր համակարգը, որտեղ պետությունները բաժանված են չորս խմբի՝ ըստ անվտանգության աստիճանի:

Հայաստանն այդ համակարգում առտաջին խմբում է, ինչը նշանակում է գնահատման սանդղակով անվտանգության ամենաբարձր մակարդակ: Ադրբեջանը, օրինակ, երկրորդ խմբում է, որտեղ ահաբեկության սպառնալիքը գնահատվում է առավել բարձր: Անվտանգության առաջին խմբում են թե Հայաստանը, թե Վրաստանը:

«Սա անվտանգության ռիսկի համար ամենացածր խորհրդատվական մակարդակն է: Ցանկացած միջազգային ճանապարհորդություն որոշակի ռիսկ է պարունակում: Մյուս երկրների պայմանները կարող են տարբերվել Միացյալ Նահանգների պայմաններից եւ ցանկացած պահի փոփոխվել», նշվում է առաջին խմբի պետությունների բնորոշման մեջ:

Ռուսաստանը ու Թուրքիան, համեմատության համար, երրորդ խմբում են, որտեղ ահաբեկության սպառնալիքը գնահատվում է ավելի բարձր եւ այդ երկրներ ճանապարհորդելուց առաջ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում լուրջ մտածել:

Այդպիսով, Հայաստանն ու Վրաստանը ստանում են անվտանգության տեսանկյունից ԱՄՆ բարձր գնահատական: Որքան էլ այդ հանգամանքը դիտարկվի ընթացիկ պետական անվտանգության միջոցառումների տրամաբանության շրջանակում, որ ԱՄՆ կառավարությունն իրականացնում է իր քաղաքացիների համար, այդուհանդերձ ԱՄՆ համաշխարհային դերակատարության համատեքստում ակնհայտ է, որ այդօրինակ միջոցառումներն ունեն նաեւ քաղաքական կարեւորագույն համատեքստ:

Այդ տեսանկյունից, Հայաստանն ու Վրաստանը Կովկասում ստանում են անվտանգության եւ ահաբեկության դեմ հակազդման առումով ԱՄՆ քաղաքական բարձր գնահատական: Այդ գնահատականը հատկանշական է թե Հայաստանում, թե Վրաստանում իշխանության այսպես ասած հակաահաբեկչական աշխուժության շրջափուլի ֆոնին: Արդեն մի քանի ամիս Վրաստանի իրավապահները իրականացնում են հակաահաբեկչական գործողություններ թե Թբիլիսիում, թե Վրաստանի այլ տարածքներում, մասնավորապես իսլամադավան բնակչությամբ Պանկիսի կիրճում: Նրանք ձերբակալում կամ պարզապես չեզոքացնում են անձանց, որոնք կապ ունեն Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության հետ:

Ընդ որում, ուշագրավ է այն, որ Վրաստանի իրավապահները գործել են ամերիկացի մասնագետների աջակցությամբ, ինչի մասին հայտարարվել է պաշտոնապես:

Ահաբեկության դեմ պայքարի ուժգնացման մասին հայտարարել է նաեւ Հայաստանը: Մի քանի շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը հրավիրեց անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էր ահաբեկության դեմ պայքարի ռազմավարության արդիականացումը: Հետո Սարգսյանը թեման առավել հանգամանալից շոշափեց ԱԱԾ աշխատողի օրվա առիթով կառույցում ունեցած ելույթում: Հայաստանում իհարկե հակաահաբեկչական ուժային օպերացիաներ չեն իրականացվել, սակայն ուշագրավ էր այդ ֆոնին տեղեկությունը, որ Հայաստանի սահմանը հատելիս հայտնաբերվել է ԻԼԻՊ հետ առնչություն ունեցող քաղաքացի, որի մուտքը Հայաստան արգելվել է:

Միեւնույն ժամանակ, ԱԱԾ-ն հայտնել էր, թե այդօրինակ միջոցառումներ իրականացվում են պարբերաբար եւ առաջին անգամ չէ, որ ԱԱԾ-ն կանխում է այդօրինակ անձանց մուտքը Հայաստան:

Բայց կարծես թե առաջին անգամ էր, որ հայտարարվեց այդ մասին: Ավելին, ոչ պաշտոնական աղբյուրները հավաստիացնում են, որ Հայաստանի սահմանին իսկապես բարձրացել է աչալրջությունը ԻԼԻՊ հետ կապ ունեցող կամ այդպիսի հավանականությամբ անձանց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքի իմաստով:

Դրան զուգահեռ, Հայաստանում հակաահաբեկչական աշխուժության շրջափուլի մասով ուշագրավ էր ԱԱԾ տեղեկությունը, որի «հերոսը» ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն էր: ԱԱԾ-ն տարածեց տեղեկություն, որ նա սոցիալական ցանցերով փորձել է հավաքագրել անձանց, որպեսզի Հայաստանում իրականացնի իրավիճակն ապակայունացնող ահաբեկություններ: ԱԱԾ-ն հայտնել էր, որ նրա մասին տեղեկացրել է ԱՄՆ իրավապահներին, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էլ հետո հայտարարեց, որ այդ հարցով գործակցում է Հայաստանի իրավապահների հետ: ԱԱԾ հենց այդ հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը հրավիրեց ԱԽ նիստը ահաբեկության դեմ պայքարի թեմայով:

Եվ մեկ այլ ուշագրավ հանգամանք, հայ-վրացական այսպես ասած հակաահաբեկչական շրջափուլից: Դեկտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանն այցելեց Վրաստան: Այցի օրակարգում ահաբեկության թեմա չկար, սակայն այդ այցին զուգահեռ եղավ ուշագրավ տեղեկություն, որ Վրաստանից Հայաստանին է փոխանցվել հայտնի «Իգլայի գործով» մեղադրյալներից մեկը, որը ձերբակալվել էր դեռեւս գարնանը եւ մինչ այդ Վրաստանի իրավապահների ենթակայության տակ էր:

Գործնականում, ԱՄՆ քաղաքացիների համար համաշխարհային անվտանգության նոր սանդղակում Հայաստանին եւ Վրաստանին տրվող պետքարտուղարության գնահատականը ինչ որ իմաստով ամփոփում է հակաահաբեկչական հայ-վրացական յուրօրինակ «կոոպերացիոն» մի փուլ:

Ընդ որում, այստեղ տողատակերը բավական հետաքրքիր են, իսկ խնդիրը՝ երկարաժամկետ, քանի որ անվտանգության լայն, ընդհուպ տարածաշրջանային համատեքստում հայ-վրացական ընդգրկուն թե տնտեսական, թե ռազմա-քաղաքական կոոպերացիան մի խնդիր է, առանց որի հնարավոր չէ ձեւավորել Կովկասի անվտանգության նոր համակարգ, ըստ այդմ միջազգային անվտանգության համակարգի կարեւորագույն օղակի ֆունկցիոնալ նոր դերակատարում:

Ահաբեկության դեմ պայքարի շեշտադրումներն այդ իմաստով ունեն առավել խորը նշանակություն եւ տարածում, քան զուտ անվտանգության ճանապարհորդական ուղեցույցերը: Գործնականում, ԱՄՆ պետքարտուղարության ուղեցույցը քաղաքական յուրօրինակ մեսիջ է անվտանգության հայ-վրացական առանցքի մասին:

Ամենաընթերցվածը