Ագահության սահմանը

    • Մեկնաբանություն - 11 Հունվարի 2018, 11:17
Սերժ Սարգսյանը թանկացումների հարցով խորհրդակցություն է հրավիրել ու մի շարք հանձնարարություններ տվել: Մասնավորապես, նա հանձնարարել է պարզել, թե շուկաներում տատանումներն օբյեկտիվ գործընթացների արդյո՞ւնք են, թե ագահության պատճառ, եւ ինչ պետք է անել թանկացումների ազդեցությունը մեղմելու համար:

Ագահությունն իհարկե քաղաքական կամ տնտեսագիտական հասկացություն չէ, սակայն Հայաստանի տնտեսա-քաղաքական իրողությունների պայմաններում լավագույնս է բնորոշում իրավիճակը: Սա այդ խորհրդակցության թերեւս միակ առարկայական պահն էր:

Բանն այն է, որ Հայաստանում տնտեսությունը, տնտեսական հարաբերությունները դուրս են որեւէ նորմից ու օրինաչափությունից եւ գտնվում են լիովին այլ տրամաբանության մեջ: Սկսած գնագոյացումից մինչեւ տնտեսական քվոտաներ եւ արտոնություններ՝ որոշվում է ոչ թե տնտեսական օրինաչափություններով, այլ մեկ մարդու կամ մարդկանց նեղ խմբի կողմից:

Հիմա, անելով նման հայտարարություն, Սերժ Սարգսյանը պարզապես անկեղծ խոստովանությո՞ւն էր անում, թե՞ որոշել է ինչ որ բան փոխել: Չէ՞ որ ինքն է որոշում քվոտաները, որոնք ենթադրում են նաեւ ստվերային բյուջեի առկայությունը, որի շնորհիվ պահվում է իշխող համակարգը:

Հայաստանում իրար հաջորդող կառավարությունների խնդիրն ըստ էության եղել է իշխող համակարգի շահերի, գերշահույթների ու դիրքերի պաշտպանությունը: Ընդունվող օրենքները, որոշումները, բյուջեի կառուցվածքը, ընդհուպ գնագոյացումը լիովին ենթարկված են եղել այդ խնդրին:

Մյուս կողմից, գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում այդ խնդրի լուծումը թե ներքին, թե արտաքին իրողությունների հետեւանքով: Համակարգը ստիպված է գնալ երկու ճանապարհով՝ «օպտիմալացվել», որի հետեւանքն է վերջին 1-2 տարիներին մի շարք օդիոզ դեմքերի հեռացումն իշխող համակարգից, եւ մեծացնել բնակչությունից գանձվող գումարների ծավալը:

Թանկացումների պարագայում իհարկե կան օբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, եւ Սերժ Սարգսյանի հանձնարարությունից հետո մենք շուտով ականատես կլինենք մրցակցային եւ այլ մարմինների հերթական հիմնավորումներին: Իր հերթին, թանկացումներն այնքան էլ վտանգավոր բան չեն, ավելին, կարող են նպաստել տնտեսական զարգացմանը եւ պետության եկամուտների ավելացմանը, եթե իհարկե տեղի է ունենում լիովին այլ որակի ու միտվածության կառավարում: Օրինակ, զուգահեռ աճում են քաղաքացիների եկամուտները, ապահովվում է տնտեսական մրցակցությունը, գործում է բաշխման այլ համակարգ:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար Սուրեն Փարսյանը, անդրադառնալով վառելիքի գների թանկացմանը, ասել է, որ Հայաստանի բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմված գազի շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող երկու խոշոր խաղացողները կարտելային գործարք են կնքել: Նրա խոսքով՝ երկու դոմինանտների՝ FLASH- ի եւ CPS Oil- ի, գործարքի մասին վկայում է 2018 թվականի հունվարի 1-ից հարկային վճարումների աճին զուգահեռ վառելիքի գների միաժամանակյա եւ համատարած աճը: Ընդ որում, հարկային փոփոխությունների արդյունքում ֆինանսական բեռը ամբողջովին ընկավ սպառողների ուսերին:

«Ոչ մի ընկերություն արտադրանքի պահանջարկը մեծացնելու համար հարկ չհամարեց իր շահույթի հաշվին համեմատաբար ցածր գներով վառելիք վաճառել, ինչն էլ մատնանշում է, որ դա կարտելային գործարք է», ասել է Փարսյանը:

Ամեն ինչ ասված է, ընդ որում՝ այս մեխանիզմը բնորոշ է ոչ միայն վառելիքի շուկային եւ լիովին բացահայտում է հայկական շուկայի ու տնտեսական իրողությունների էությունը, կամ Սերժ Սարգսյանի ասած «ագահությունը»:

Հիմա, երբ Սերժ Սարգսյանը խոսում է կտրուկ միջոցներ ձեռնարկելու եւ թանկացումների ազդեցությունը մեղմելու մասին, արդյոք պատրա՞ստ է ձեռքն այս անգամ տանել ոչ թե բնակչության, այլ համակարգի գրպանը եւ օրինակ ակցիզային բարձրացված հարկը գանձել ոչ թե բնակչությունից, այլ ընկերությունների շահույթից: Պատրա՞ստ է իշխող համակարգը ձեռք տալ իր գոյության հիմքին ու սրբության սրբոցին՝ ստվերային տնտեսությանը եւ բացել տնտեսությունը, ապահովելով իրական մրցակցություն: Սա է հետեւանքները մեղմելու միակ իրական միջոցը:

Եթե սա չի արվում, այսինքն՝ չի կատարվում համակարգային փոփոխություն, ապա ոչինչ էլ չի փոխվի: Գործող տնտեսա-քաղաքական հարաբերությունների պայմաններում տնտեսական աճը, այս կամ այն ոլորտներում ցուցանիշների աճերը եթե նույնիսկ կազմեն երկնիշ մեծ թվեր, դրանք որեւէ կերպ չեն անդրադառնալու հանրության կենսամակարդակի վրա, այլ միայն ավելացնելու են մի նեղ խմբի եկամուտները: Փոխարենը ահագնանալու են արտագաղթը, աղքատությունը եւ այլն, թանկացումների այս եւ սպասվող նոր ալիքի պայմաններում:

Ամենաընթերցվածը