Պահը մոտենում է. Հայաստանին կարող է հաշիվ ներկայացվել

    • Մեկնաբանություն - 10 Հունվարի 2018, 22:21
Հայաստանը չի կարող հեռու մնալ Ռուսաստանի «թունավոր» քաղաքականությունից

Հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն), որին ԱՄՆ-ն 2017 թվականի դեկտեմբերին ընդգրկել է պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակում՝ որպես «օրենքով գողերին» աջակցող, Սոչիից բլոգեր Ալեքսանդր Վոլովի հետ զրույցում նա ասել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացի է, դիվանագիտական անձնագիր ունի եւ տեղաշարժվում է հայկական դիվանագիտական համարանիշերով ավտոմեքենայով, քանի որ Հայաստանի ԱԳ նախարարի խորհրդական է:

ԱԳՆ-ն չի պատասխանել հարցին, թե ինչու է Ռոբսոնը Հայաստանի դիվանագիտական անձնագիր ստացել, միայն նշել է, որ Ռոբսոնն այլեւս խորհրդական չէ: Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուբեն Թաթուլյանը Հայաստանի ներդրողների ակումբի անդամ չէ: Սակայն Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունենալու փաստը ոչ ոք չի հերքել:

Հայաստանի ԱԳՆ-ն չի նշում, թե ինչ սկզբունքով է դիվանագիտական անձնագրեր ու պաշտոն տալիս Ռուսաստանում ապրող եւ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ ուղիղ կապ չունեցող անձանց: ԱԳՆ-ն, իհարկե, կարող է հաշվետու չլինել Հայաստանի հանրությանը, սակայն ստիպված է լինելու Թաթուլյանի դիվանագիտական անձնագիրը պաշտպանել ԱՄՆ պատժամիջոցներից կամ էլ հետ վերցնել այն՝ «նեղացնելով» Ռոբսոնին:

Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների քաղաքականությունն արդեն չի կարող շրջանցել հայերին ու Հայաստանը: ԱՄՆ նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի նկատմամբ կարող են ստիպել երրորդ երկրներին հրաժարվել ռուսական սպառազինության գնումներից, Ամերիկայի ձայնի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը:

Բլանկի խոսքով, ռուսական սպառազինության խոշոր գնորդները, այդ թվում՝ Ադրբեջանը ու Հայաստանը, կարող են անակնկալի գալ. «պատժամիջոցներ կարող են կիրառվել նաեւ կառավարությունների դեմ»:

Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբստը նույնպես կարծում է, որ «պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների հետ գործարքի մեջ մտնողները պետք է պատրաստ լինեն որոշակի հետեւանքների»:

Սթիվեն Բլանկը կարծում է, որ Հայաստանի շահը պահանջում է ազատվել ռուսական տնտեսական ձեռնաշղթաներից ու հավասար հարաբերություններ հաստատել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ ու ԱՄՆ հետ:

ԱՄՆ-ն պաշտոնական պահանջներ չի ներկայացրել Հայաստանին ու նրա արտաքին քաղաքականությանը, սակայն թե Ռուսաստանի, թե Հայաստանի համար մոտենում է իքս ժամը, եւ այդ պահը կարող է օգտագործվել Հայաստանին հաշիվ ներկայացնելու համար:

Մարտին Ռուսաստանում նախագահական ընտրություններ են կայանալու, իսկ փետրվարին ԱՄՆ-ն հնարավոր է հրապարակի Պուտինի մերձավոր օլիգարխների ու արտասահմանում նրանց ունեցվածքի մասին տվյալները: Չնայած քչերն են կասկածում Ռուսաստանի ընտրությունների ելքի վրա, սակայն նոր պատժամիջոցները կարող են շատ ցավոտ լինել:

Ապրիլին Հայաստանում նախագահականից անցում է կատարվելու խորհրդարանական կառավարման համակարգի: Այստեղ վաղուց արդեն հասունանում է հակառուսական հանրային-քաղաքական դիսկուրս: Խոսքն այն մասին չէ, որ Ռուսաստանը վատն է, այլ այն, որ Հայաստանում տնտեսական խնդիրները, թանկացումները եւ մնացած այլ բաները Ռուսաստանի իրավիճակի պատճառով են, ինչպես խոստովանում են անգամ պաշտոնյաները, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ստիպված է կրել պատժամիջոցների ողջ ծանրությունը, որոնք մտցվել են Ռուսաստանի «կայսերական քաղաքականության» պատճառով, ինչպես գրում է Դոյչե վելլեն:

Դժվար է ասել, թե արդյոք մինչեւ ապրիլ կձեւավորվի այդ դիսկուրսը եւ արդյոք դրա վրա կկառուցվի Հայաստանի նոր քաղաքականությունը: Ակնհայտ է, սակայն, որ Հայաստանի նոր իշխանությունները պետք է հեռավորություն պահեն ռուսական «թունավոր» քաղաքականությունից գոնե ինքնապահպանման բնազդից ելնելով: 

Ամենաընթերցվածը