ԱՄՆ չի պատժի Հայաստանին. Երեւանի առաջարկը

    • Մեկնաբանություն - 10 Հունվարի 2018, 13:25
Արտաքին քաղաքականության ամերիկյան Խորհրդի փորձագետ, վերլուծաբան Սթիվեն Բլանկի հայտարարությունը, թե Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցները կարող են ներառել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմա-տեխնիկական հարաբերությունը ՌԴ հետ, Հայաստանում դարձել է ուշադրության առարկա:

ԱՄՆ պատժամիջոցները, որոնք ուժի մեջ կմտնեն 2018-ին, չեն ենթադրում Ռուսաստանից Հայաստանի կամ Ադրբեջանի ռազմական գնումների սահմանափակում: Իսկ կարո՞ղ են ենթադրել ապագայում: Տեսականում հնարավոր է ենթադրել շատ բան, սակայն որքա՞ն է գործնական հավանականությունը, որ ԱՄՆ-ն պատժամիջոց կտարածի Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ՝ սահմանափակելով գնումները Ռուսաստանից:

Կան ռուսաստանցի փորձագետներ, որոնք ասում են, թե չկա մեխանիզմ, որով հնարավոր լինի այլ կառավարության արգելել զենք գնել Ռուսաստանից: Իհարկե, այստեղ թերեւս չկա առանձնապես ծավալվելու կարիք: Նախ, կա իրավական մեխանիզմ, օրինակ ՄԱԿ անվտանգության խորհրդի որոշումը: Բացառվում է, որ վետոյի իրավունք ունեցող մշտական անդամ Ռուսաստանը չարգելափակի իրենից զենք գնելու արգելք սահմանող որոշումը: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ կառավարությունն իհարկե չի կարող Հայաստանին ու Ադրբեջանին արգելել զենք գնել Ռուսաստանից, բայց եթե պատժամիջոցը ներառի այդ տարածությունն էլ, եւ Երեւանն ու Բաքուն խախտեն այն, ապա դե յուրե նրանք պարտավորություն չունեն ԱՄՆ առաջ, բայց դե ֆակտո մեղմ ասած ցանկալի չէ խնդիր ունենալ թիվ մեկ գերտերության հետ:

Սակայն, խոշոր հաշվով դա էլ թերեւս տեսական հարթության վրա է, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի, կամ պարզապես արցախյան խնդրի համատեքստում իրավիճակը բավական նուրբ է:

ԱՄՆ թերեւս լավ պատկերացնում է, որ երբ Հայաստանին ու Ադրբեջանին հավասարապես «արգելվի» ձեռք բերել ռուսական սպառազինություն, ապա բանն այստեղ այն չէ, որ նրանք կխախտեն արգելքը, այլ այն, որ դա հղի է տարածաշրջանում հավասարակշռության խախտման հեռանկարով: Թե ինչ է լինում հավասարակշռության խախտման դեպքում, պարզ երեւաց ապրիլյան քառօրյայի ընթացքում: Իսկ դա էլ իր հերթին բերում է ոչ միայն մարդկային կորուստների, այլ շատ ավելի ընդգրկուն պայթյունավտանգ իրավիճակի եւ ռազմա-քաղաքական հետեւանքի:

Խնդիրն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունները հավասար չեն: Ադրբեջանն ունի ավելի շատ փող: Ընդ որում, այստեղ իրավիճակը ընդհանուր առմամբ օբյեկտիվ է՝ Ադրբեջանն ունի ավելի շատ ռեսուրս, եթե անգամ հանենք Հայաստանում ռեսուրսների անարդյունավետ կառավարման եւ կոռուպցիայի հանգամանքը: Նույն հանգամանքը կա նաեւ Բաքվում, գուցե ավելի շատ:

Ռեսուրսների, ֆինանսական հնարավորությունների, այսպես ասած վճարունակության անհավասարությունը Հայաստանը փոխհատուցում է Ռուսաստանի հետ ռազմա-տեխնկական գործակցության առանձնահատուկ պայմաններով: Արգելքի դեպքում, Ադրբեջանն իր վճարունակությամբ կարող է գտնել ռազմական մատակարարումների այլ աղբյուր, իսկ Հայաստանի համար այդտեղ մրցակցելն ու բալանսը պահելը կլինի առավել դժվար:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանն իհարկե երկակի քաղաքականությամբ ինքն էր բերել նրան, որ խախտվել էր հավասարակշռությունն ապրիլի պատերազմից առաջ, իր քաղաքական տեսանելի դարձած եւ նաեւ ապրիլյան քառօրյայում «մերկացված» հաշվարկներով: Սակայն, քառօրյայի ընթացքում հայկական զինված ուժերի ցուցաբերած խիզախությունն ու պատրաստվածությունը, նաեւ Հայաստանի հանրության կամավորական բարձր պատրաստակամությունը Ռուսաստանին դրեցին փաստի առաջ, եւ ապրիլից հետո հայ-ռուսական ռազմա-տեխնիկական գործակցության բնույթը զգալիորեն փոխվեց, բերելով Հայաստանի համար ռազմական հավասարակշռության ապահովման արդյունավետ վիճակի, այդ թվում նաեւ ռազմա-տեխնիկական այլ աղբյուրների հասանելիության իմաստով:

Նահանգները չի գնա հետապրիլյան հավասարակշռությունը խախտելու ճանապարհով, հատկապես որ այդ հավասարակշռությունն ամրացնելու հարցում հենց ինքն է զգալի ջանք գործադրել եւ մասնակցություն ունեցել, այդ թվում հայկական կողմի ռազմա-տեխնիկական կարողությունների համալրման գործում: Այլապես, Հայաստանի եւ Ադրբեջանի վրա Ռուսաստանի հետ ռազմա-տեխնիկական գործակցության արգելքի տարածումը կնշանակի ավելի շուտ Հայաստանի պատիժ, քան Ադրբեջանի: ԱՄՆ չի պատժի Հայաստանին:

Առավել եւս, որ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի, եւ ընդհանրապես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռազմավարական խնդիրը բոլորովին այլ է: Ընդ որում, ստեղծված տարածաշրջանային հավասարակշռությունն ու Ռուսաստանի վարքագծի ոչ սկզբունքային եւ խորքային, բայց նշմարելի փոփոխությունը նաեւ այդ պատժամիջոցների ռազմավարության արդյունք է:

Տվյալ դեպքում, կոնկրետ արցախյան խնդրի համատեքստում, ռազմա-տեխնիկական բաղադրիչի խնդիրն այլ է՝ ոչ թե ագելել Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինություն ձեռք բերել Ռուսաստանից, այլ հասնել իրավիճակի, երբ ընդհանրապես պատժամիջոց սահմանվի հակամարտության գոտի սպառազինության մատակարարման որեւէ ուղղության վրա՝ ոչ միայն ռուսական:

Ընդ որում, այդ գաղափարը Հայաստանում ունեցել է նույնիսկ պաշտոնական բարձրաձայնում, եւ Հայաստանի ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանն է դեռեւս ապրիլյան պատերազմից հետո հայտարարել, որ լավ կլիներ սահմանել տարածաշրջան զենքի մատակարարման ընդհանուր արգելք:

Ներկայում, երբ կարծես թե գործ ունենք հավասարակշռության որոշակի ամուր մի իրավիճակի հետ, թերեւս պատեհ պահն է այդ համընդհանուր արգելանքը, որի շնորհիվ հնարավոր կլինի էապես սահմանափակել թե Հայաստանի, թե տարածաշրջանի, թե միջազգային անվտանգության համակարգի համար Ադրբեջանի սպառնալից ագրեսիվությունը, նաեւ էապես սահմանափակել Թուրքիայի երկդիմիության հնարավորությունն ու ամրացնել թեկուզ հարաբերական կայունությունն ու խաղաղությունը՝ ստեղծելով դրա առավել երկարաժամկետ հեռանկարում ամրացման եւ պահպանման մեխանիզմի արդիականացման հնարավորությունը:

Ամենաընթերցվածը