Կաթողիկոսն ընդդեմ թանկացումների. Անսպասելի այց

    • Մեկնաբանություն - 10 Հունվարի 2018, 11:37
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տարածել է տեղեկություն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հունվարի 9-ին մեկնել է ԱՄՆ, որտեղ, ըստ տարածված պաշտոնական տեղեկության, նա հանդիպում կունենա «Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող զանազան ծրագրեր»:

Կաթողիկոսի հունվարի 9-ի այցն ԱՄՆ՝ բարերարներին հանդիպելու նպատակով, տեղի է ունենում Հայաստանում սոցիալական լարվածության աճի ռիսկեր պարունակող թանկացումների ֆոնին: Հունվարի 1-ից Հայաստանում սկսել է գնաճի նոր ալիք, որը կարող է շարունակվել: Պատճառը մի շարք ապրանքների ակցիզային հարկի ավելացումն է: Միեւնույն ժամանակ, չի ուրվագծվում տնտեսական այնպիսի հնարավորությունների ավելացում, որը կբերի եկամուտների աճի: Դա նշանակում է, որ բավական մեծանում է սոցիալական լարվածությունը, ինչը կարող է բերել իշխող համակարգի համար բավական անցանկալի մետաստազների:

Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունն իշխող համակարգի բաղադրիչներից է, ընդ որում բավական կարեւոր եւ պատասխանատու: Այդ իմաստով էլ ուշագրավ է դառնում բարերարների հետ հանդիպելու նպատակով Գարեգին Երկրորդի ԱՄՆ կատարած այցը: Ըստ ամենայնի, նա փորձելու է նրանց համոզել ավելացնել տրվող փողի չափը եւ ընդլայնել ծրագրերը, սոցիալական լարվածությունը մեղմելու,  հետեւաբար համակարգի համար ֆորս-մաժորային ռիսկերը չեզոքացնելու նպատակով:

Մյուս հանգամանքն այն է, որ հոգեւոր իշխանությունն էլ կարծես թե միանում է տարվա սկզբից ինչ որ որոնումների մեջ գտնվող աշխարհիկ իշխանությանը: Մասնավորապես, հունվարի 5-ին եւ 6-ին Սերժ Սարգսյանը չէր մասնակցել Սուրբ Ծննդյան տոնի առիթով եկեղեցական միջոցառումներին, որոնք նա բաց չի թողնում երբեք: Նախօրեին տեղեկություն տարածվեց, ոչ պաշտոնական աղբյուրից իհարկե, որ պատճառը կարող էր լինել ոչ միայն նրա մրսածությունը, այլեւ այն, որ Սարգսյանը տոնական առաջին իսկ օրերից բացակայել է Հայաստանից, եղել է Մոսկվայում, Եվրոպայում:

Չի բացառվում, որ Սարգսյանը փորձում է փնտրել փող, որը կգա Հայաստան եւ ինչ որ կերպ կմեղմի բարդ սոցիալ-տնտեսական կոնյուկտուրան: Հունվարի 8-ին անսպասելի արձակուրդի մասին հայտարարեց նաեւ վարչապետը: Տարվա առաջին աշխատանքային օրը նա գնաց քառօրյա արձակուրդի, ընդ որում ասելով, որ այն կանցկացնի արտերկրում: Թե հատկապես որ երկրում, չի նշվել, սակայն բացառված չէ, որ Կարեն Կարապետյանն էլ կարող էր գնալ փողի հետեւից՝ թանկացումների հարվածը մեղմելու համար: Առավել եւս, որ այդ հարվածը կարող է ճակատագրական լինել հատկապես իր համար:

Ահա այդ ֆոնին արտերկիր է մեկնում նաեւ Գարեգին Երկրորդը, բարերարներին հանդիպելու համար: Միեւնույն ժամանակ հնարավոր է նաեւ, որ իշխող համակարգը անցնում է «ինքնաֆինանսավորման», եւ համակարգի բաղադրիչներն այլեւս ամեն մեկն ինքը պետք է տեսնի իր գլխի ճարը, քանի որ ռեսուրսները բավարար չեն «կենտրոնացված» կամ «բրգաձեւ» ֆինանսավորման համար, հետեւաբար թույլ օղակը կարող է ուղղակի զոհաբերվել հանուն համակարգի դիրքերի:

Գարեգին Երկրորդի ամերիկյան այցի մեկ այլ ուշագրավ տողատակ, կամ հնարաոր տողատակ, կարող է արդեն առնչվել մեծ քաղաքականությանը, Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում իրադարձությունների բուռն զարգացման նոր ալիքի պայմաններում, որտեղ կարծես թե բավականին աշխույժ նախաձեռնողականություն է փորձում ցուցաբերել ԱՄՆ: Բանն այն է, որ ամերիկյան տարածաշրջանային քաղաքականությունը ներառում է նաեւ կրոնական կամ պարզապես քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությունը, որպես բաղադրիչ կամ ուղղություն: Այդ մասին հայտարարել եւ ԱՄՆ նոր քաղաքականության մասին ազդարարել էր այդ երկրի փոխնախագահ Մայք Փենսը: Նա պատրաստվում է այց կատարել տարածաշրջան, նաեւ այդ թեմաներով քննարկումների համար:

Իսկ Հայաստանը տարածաշրջանում ներկայացված է ոչ միայն հայկական տարբեր համայնքներով, այլ նաեւ եկեղեցով: Ընդ որում, եկեղեցու ներկայության մասին հատուկ ընդգծված էր Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ որոշման կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ արձագանքում:

Ըստ այդմ հետաքրքիր է, թե արդյոք բարերարներից բացի, Գարեգին Երկրորդն ԱՄՆ-ում կարող է հանդիպումներ ունենալ նաեւ այդ՝ տարածաշրջանային-աշխարհքաղաքականության թեմայով:

Ամենաընթերցվածը