Երկու կարեւոր իրադարձություն Արցախի խնդրում. հարվածի ուժը

    • Մեկնաբանություն - 03 Հունվարի 2018, 17:33
Իրանում տեղի ունեցող զարգացումները հայաստանյան դիտանկյունից ուշադրության են արժանանում նաեւ արցախյան խնդրի պրիզմայով, նկատի ունենալով այն, որ Իրանը սահմանակից է Արցախին, եւ այդ շրջաններն էլ առավելապես ադրբեջանաբնակ են: Ըստ այդմ առաջանում է հարց, թե իրանական լարումը ինչպիսի ռիսկեր կարող է առաջացնել այդ առումով: Դրանք ներկայումս գուցե հիպոթետիկ են, սակայն անկասկած է, որ դրանով հանդերձ ավելացրել են հարցերը արցախյան խնդրի կապակցությամբ, կապված 2018 թվականի հետ:

Հարցերն իհարկե քիչ չեն, թե ընդհանրապես ինչ օրակարգով է զարգանալու Արցախի կարգավորման գործընթացը: Հայաստանում հնարավոր է առաջին դեմքի փոփոխություն, ինչը կնշանակի՞ նաեւ կարգավորման շրջանակում Առաջին դեմքերի հանդիպումների կազմի փոփոխություն: Ֆորմալ առումով նախագահի ընտրություն է սպասվում նաեւ Ադրբեջանում: Այստեղ կարծես թե առանձնապես ինտրիգ չկա, գոնե առայժմ, թեեւ Ադրբեջանում իշխանության երկփեղկումը, այն էլ Ալիեւների ընտանիքի շրջանակով, կարծես թե ունի ժամանակի ընթացքում առավել ընդգծվելու միտում:

Միեւնույն ժամանակ հարց է, թե կլինի՞ արդյոք բանակցության մակարդակի փոփոխություն, առանցքային հարթություն դարձնելով արտգործնախարարների մակարդակը: Դա առավել ճկուն եւ առաձգական մակարդակ է, ինչը հատկանիշ է, որն առավել անհրաժեշտ է բանակցային ձեւաչափին ներկայիս փուլում: Բանն այն է, որ բանակցային կոչվող գործընթացից միջնորդների գլխավոր ակնկալիքը թերեւս այն է, որ դրա շնորհիվ կառավարվի ստատուս-քվոն, հնարավորինս երկարաժակետ, քանի դեռ ինչ-ինչ պատճառներով չի հաջողվում ներդնել ստատուս-քվոյի կառավարման միջազգային ինտիտուցիոնալ  պատասխանատվությամբ մեխանիզմ:

Այդ ամենով հանդերձ, Արցախի խնդրում առանցքային իրողությունները արդեն վաղուց ոչ թե բանակցային գործընթացում են, այլ առաջնագծում եւ երկու կողմերի ռազմա-քաղաքական հաշվեկշռում: Այդ առումով, Արցախի խնդրում 2017 թվականին տեղի ունեցած գլխավոր իրադարձությունն օրինակ ոչ թե Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից մեկուկես տարի անց Ժնեւում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպումն էր, այլ փետրվարին եւ նոյեմբերին տեղի ունեցած երկու իրադարձություն՝ ռազմական եւ քաղաքական:

Փետրվարի 25-ին Ադրբեջանը ստացավ հայկական զինուժի կանխարգելիչ հարվածը եւ դրանով խափանվեց հայկական դիրքերի ուղղությամբ ադրեջանական գրոհի եւ դիվերսիայի նախապատրաստումը: Ադրբեջանը ունեցավ հինգ զոհ, որոնց դիերը մնացել էին չեզոք գոտում: Առանցքայինը թե կանխարգելիչ հարվածի հանգամանքն էր, թե այն, որ հարվածը նախապատրաստվել է խորքային հետախուզության տեսադիտարկման հնարավորության կիրառումով: Դա առաջնագծում սկզբունքորեն նոր իրավիճակի եւ ուժերի նոր հաշվեկշռի արձանագրումն էր, որը բեկումնային ազդեցություն ուներ ռազմա-քաղաքական առումով:

Գործնականում նաեւ այդ ազդեցությունն ամբողջացրեց մյուս իրադարձությունը՝ նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը: Այստեղ Արցախի խնդրում դրա նշանակալիության առումով բանն ամենեւին լոկ Արցախի հարցի վերաբերյալ ձեւակերպումները չեն, որոնք լիովին համահունչ են Հայաստանի շահին: Համաձայնագիրն ինքնին ամբողջությամբ արտացոլում է ռազմա-քաղաքական նոր իրավիճակը տարածաշրջանում, փաստացի հանդիսանալով դրա շուրջ առավել լայն շահեր ներառող իրավա-քաղաքական պամանագրային համաձայնություն:

Գործնականում, 2017 թվականի այս երկու առանցքային իրադարձություններն են, որ կանխորոշող նշանակություն կարող են ունենալ 2018-ի եւ հետագա տարիների համար՝ հայկական զինուժի կանխարգելիչ հարվածն ու առաջին հերթին այդ հարվածի քաղաքական ուժը, եւ գործնականում այդ ուժի միջազգային ձեւակերպումը՝ Հայաստան-ԵՄ պայմանագիրը:

Այստեղ է, որ առանցքային է դառնում պայմանագրի իմպլեմենտացիայի հարցը: 2018 թվականին Արցախի խնդրում կարեւոր նշանակություն ունենալու է հենց այդ, ոչ թե բանակցային գործընթացը: Իմպլեմենտացիայի, այսինքն Հայաստանի արդիականացման եւ գործընկերային պատասխանատվության գործընթացն է կանխորոշելու նաեւ Արցախի խնդրում հայկական դիրքերի ամրությունը:

Ամենաընթերցվածը