10 հազարի ապրիլ. ռիսկը իշխանության սեղանին

    • Մեկնաբանություն - 02 Հունվարի 2018, 15:27
Ազգային Ժողովի ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տարեվերջին Ազատություն ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ 2018 թվականին կլինեն այնպիսի փոփոխություններ, որոնք զգալի կլինեն հասարակության համար եւ ընտրողն իրեն խաբված չի զգա: Տարեմուտի շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանն էլ հայտարարել էր, թե պետք է փոփոխությունները զգալի լինեն քաղաքացիների համար: Սերժ Սարգսյանն էլ թերեւս ակնարկում է, որ ընտրողն իրեն խաբված չի զգա:

Արփինե Հովհաննիսյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ՝իշխանությունն ամբողջությամբ, թերեւս կարող են չմտահոգվել. ընտրողը  խաբված չի զգա բոլոր դեպքերում: Իրենք էլ թերեւս շատ լավ գիտեն այդ մասին, քանի որ 2017 թվականի ընտրությունը նախորդ ընտրություններից սկզբունքային առումով տարբերվել է նրանով, որ տեղի է ունեցել ընտրող-իշխանություն անմիջական գործարք, այսինքն այդ գործարքն է բնորոշել ընտրությունը:

Մարդիկ քվեարկել են շատ կոնկրետ ֆինանսական գործարքի հիման վրա՝ մեծամասնությունը, որի ձայնով էլ կազմվել է իշխող մեծամասնություն կամ կայուն մեծամասնություն: Ոմանք քվեարկել են 10 հազար դրամով, ոմանք գուցե 20, գուցե եղել են այլ գնային դրսեւորումներ, բայց ընտրության արդյունքը ձեւավորվել է այդ ուղիղ գործարքի պայմաններում:

Ընտրողը չի քվեարկել ավելորդ ակնկալիքով, հույսով, թե ՀՀԿ-ն այս անգամ իսկապես կատարելու է նախընտրական խոստումները, որ դադարելու է գանձագողությունը, կոռուպցիան, որ ապահովվելու է օրենքի գերակայություն եւ այլն: Ընտրողը այդպիսի սպասում եւ պատրանք չունի, հետեւաբար ամենեւին չկա այսպես ասած վտանգ կամ ռիսկ, որ ընտրողը կլինի հուսախաբ:

Դա իհարկե Հայաստանի հիմնարար խնդիրներից մեկն է, որովհետեւ քաղաքական համակարգի եւ պետական կառավարման շարժիչ ուժը կամ ուժերից մեկը պետք է լինի ընտրողի հուսախաբ լինելու ռիսկը: Բայց, այդ ռիսկը կարող է գոյություն ունենալ ընտրական համակարգի, ընտրական ինստիտուտի գոյության պայմաններում, երբ կա ընտրության միջոցով իշխանափոխության մեխանիզմ:

Դրան զուգահեռ, ապրիլի 2-ի ընտրությունից հետո շատ քաղաքական ուժեր այդ մեխանիզմի բացակայության համար գործնականում սկսեցին մեղադրել ընտրողին, ասելով, թե 10 հազարը վերցնում եւ գնում են քվեարկելու, դե ուրեմն արժանի են ՀՀԿ-ին:

Քաղաքական այդ ուժերին թվում է, թե իրենք արժանի են ՀՀԿ-ից ավելիին, այսինքն ՀՀԿ-ից ավելի իշխանության հետ գործ ունենալուն: Դե ֆակտո, ՀՀԿ ընտրությունը կամ մեծամասնությունը լեգիտիմացրել է ոչ թե 10 հազար վերցնող ընտրողը, այլ այսպես ասած քաղաքական դաշտը կամ ընդդիմությունը: Որովհետեւ ընտրողը բազմաթիվ անգամներ մերժել է որեւէ ընտրակաշառք եւ զրկել իշխանությանը լեգիտիմությունից, բայց այդ քվեն ստացած քաղաքական ընդդիմությունն այդ իշխանությանը վերաբերել է ինչպես կվերաբերեր որեւէ լեգիտիմ իշխանության:

Ճի՞շտ է դա, լավ է, թե վատ, օբյեկիտիվ, թե սուբյեկտիվ, այլ հարց է, բայց տեսնելով այդ ամենը, հանրությունն ընդամենը նախընտրեց ընտրական գործընթացում առաջին անգամ հարց լուծել իր, ոչ թե առանձին ինչ որ քաղաքական ուժերի համար, որոնք հետո հանրության քվեն դարձրել են ընդամենն իշխանության հետ զանազան պայմանավորվածությունների միջոց: Հանրությունը որոշեց այս անգամ պարզապես ուղիղ պայմանավորվել իշխանության հետ, թեկուզ տասը հազար դրամով, որովհետեւ տեսել է, որ հակառակ դեպքում իրեն բան չի հասնում՝ ամեն ինչ մնում է իշխանությանն ու քաղաքական դիլերներին, որի կարգավիճակում կամա, թե ակամա հայտնվել են ընդդիմությունները:

Ահա թե ինչու է հանրությանն ուղղվում մեղադրանքը 10 հազարի կապակցությամբ: Հանրությանը մեղադրում են իշխանության հետ ուղիղ պայմանավորվելու եւ ընդդիմությանն այդպիսով խաղից դուրս դնելու համար:

Իրականում հանրությունն իշխանության հետ պայմանավորվել է, որովհետեւ ընդդիմությունն ինքն է  աստիճանաբար խաղից դուրս վիճակում դրել հանրությանը: Հասարակության ապրիլի 2-ի վարքագիծը, կամ մեծ մասի, կամ մեծամասնությունն ապահոված մասի վարքագիծը, այլ բան չէ, քան պարզ ու սովորական ընտրություն: Միաժամանակ անվստահություն ընդդիմությանը, բայց ոչ թե անձերի,այլ արդեն պարզապես այն մեխանիզմին, այն մոտեցումներին, այն մեթոդաբանությանը, որ առաջարկում է ընդդիմությունը ներկայիս իրավիճակում իբրեւ քաղաքական գործունեության եւ հանրային արդյունքի ճանապարհ:

Հանրությունը չի վստահում մեխանիզմին, հետեւաբար հանրային վստահության վերականգնման համար պահանջվում է նոր մեխանիզմ, հանրության հետ հարաբերության, հանրության հետ խոսակցության նոր օրակարգ, նոր բովանդակություն, նոր մեթոդաբանություն , որի առանցքում գուցե պետք է լինի փոքր խնդիրների լուծման տրամաբանությունը եւ այդպիսով քաղաքական գործընթացի եւ ձեւաչափերի հանդեպ հանրային վստահության վերականգնումն ու դրա աստիճանի մեծացումը, այդպիսով վերականգնելով նաեւ ընդդիմության շոշափելի դերակատարումը ներքաղաքական կյանքում:

Ամենաընթերցվածը