Սերժ Սարգսյանի նոր տարվա անակնկալը

    • Մեկնաբանություն - 01 Հունվարի 2018, 10:52
Սերժ Սարգսյանն ինչպես ամբողջ տարվա ընթաքում իր ելույթներում եւ հարցազրույցներում, այնպես էլ տարվա վերջին ելույթում՝ տարեմուտի ուղերձում, չցրեց իր այսպես ասած հետնախագահական պլանների վերաբերյալ անորոշությունը: Իհարկե հազիվ թե իրատեսական էր սպասել կամ պատկերացնել, որ Սարգսյանը այդ մասին լռելով ամբողջ տարի, խաղաքարտերը կամ պլանները բացահայտելու էր տարեմուտից հինգ րոպե առաջ:

Մյուս կողմից, 2018-ի տարեմուտի շնորհավորական ուղերձը վերջինն էր Սարգսյանի համար նախագահի պաշտոնում, բայց տասնամյակի վերջին նախագահական ամանորյա ուղերձի տեքստում Սերժ Սարգսյանը որեւէ ակնարկի տեսքով անգամ կարծես թե չհիշատակեց այդ հանգամանքը:

Հետաքրքիր համեմատությամբ, ՌԴ նախագահ Պուտինն, օրինակ, 2007 թվականի դեկտեմբերի 31-ի իր տարեմուտի ուղերձում, որը նրա համար էլ վերջինն էր նախագահական առաջին երկու ժամկետի ավարտին, շնորհակալություն էր հայտնում ռուսաստանցիներին անցնող ութնամյակին ցուցաբերած աջակցության համար, ասելով, որ առանց դրա այն ամենը, ինչ ձեռք են բերել, չէր լինի հնարավոր:

Իհարկե, Պուտինի այդ ընդգծված հրաժեշտի խոսքը ամենեւին չխանգարեց նրան չորս տարի անց վերադառնալ նախագահի պաշտոնի: Հետեւաբար հրաժեշտի խոսքը, ակնարկը դեռեւս իրական հրաժեշտի երաշխիք չէ, եւ մյուս կողմից էլ թերեւս դրա բացակայությունն ամենեւին չի կարող լինել այսպես ասած չհեռանալու վկայություն կամ կնիք:

Առավել եւս, որ Պուտինն ի վերջո հրաժեշտ տալով գնաց վարչապետի պաշտոնին՝ չորս տարի, որից հետո վերադարձավ նախագահական կարգավիճակի: Սերժ Սարգսյանի դեպքում էլ ինտրիգը այն է, թե արդյո՞ք նա էլ կգնա վարչապետի պաշտոնի, թեեւ արդեն ի տարբերություն Ռուսաստանի՝ Առաջին դեմքի կարգավիճակով:

Բայց հենց այդ հանգամանքն էլ ուշագրավ է դարձնում, որ Սերժ Սարգսյանի նախագահական վերջին ուղերձում չկային հանրությանը հրաժեշտի երանգներ: Հակառակը, կային շեշտադրումներ, որոնք ուղղակի արձանագրում էին իշխանության ղեկը պահելու մտադրության եւ հավակնության մասին:

Բայց, դա էլ անկասկած ամենեւին միարժեք չի դարձնում այն, որ Սերժ Սարգսյանը ղեկը պահելու է վարչապետի պաշտոնում: Համենայն դեպս, ՀՀԿ նախագահի պաշտոնը նրան տալիս է այդ խնդիրը նաեւ առանց վարչապետի կարգավիճակի արդյունավետ եւ լիարժեք լուծելու հնարավորություն: Իշխանության, կառավարման մոդելի ներկայիս փոփոխությունը խոշոր հաշվով համակարգը պատրաստում կամ հարմարեցնում է հենց այդ մեխանիզմին, քանի որ ձեւավորվում է բազմակենտրոն կառավարման համակարգ, մի քանի հակակշիռներով:

Սարգսյանը շարունակեց անորոշությունը, որի բացասական ազդեցության մասին տարեմուտից մի քանի օր առաջ հայտարարել էր վարչապետ Կարեն Կարապետյանը, առաջին անգամ: Սարգսյանի տարեմուտի ուղերձը այդ իմաստով փաստորեն վարչապետի համար չավելացրեց որեւէ դրական բան:

Մյուս կողմից, դա էլ իր հերթին դառնում է մի հանգամանք, որը այսպես ասած քաղաքական ալիբի կարող է լինել Կարապետյանի համար, երբ ապրիլին կչափվի նրա էֆեկտիվությունը:

Իհարկե այլ հարց է, թե՝ ապրիլի վերաբերյալ որոշում կայացնողների կամ որոշում ձեւավորողների, եւ ի վերջո որոշումը հաստատողների շրջանակից ու՞մ կարող է հետաքրքրել այդ ալիբին: Առավել եւս, որ այդ ալիբին Կարապետյանին կարող է տալ նաեւ Սերժ Սարգսյանը՝ մարտավարական նկատառումներով: Բոլոր դեպքերում, Սերժ Սարգսյանը կարծես թե հասունացնում է իր հերթական քաղաքական անակնկալը, որպիսին մի քանի ուշագրավ հարցերում մատուցել է նա իր նախագահության տասնամյակի ընթացքում, եւ նրա տարեմուտի ուղերձը հերթական քայլն էր այդ ճանապարհին:

Ամենաընթերցվածը