Վիգեն Սարգսյանի հաջորդ հեղափոխական քայլը

    • Մեկնաբանություն - 28 Դեկտեմբերի 2017, 14:29
«Միջավայրը: Գիտեք՝ սոցոլոգիայի մեջ շատ արդիական է «կոտրված պատուհանների» հայեցակարգը: Մի շրջապատում, որտեղ շատ չվերանորոգված տներ և կոտրված պատուհաններով տներ կան, հանցավորության մակարդակը կտրուկ բարձրանում է: Դա ապացուցված է: Եվ հակառակը, ավելի բարվոք միջավայրը ձևավորում է ձգտում: Մենք տեսնում ենք այդ ձգտումը մեր սաների մեջ: 11, 12-րդ դասարանցիները, ովքեր եկել են հին Մոնթեից, երևանյան Մոնթեից, նրանց աչքերում փայլ ենք տեսնում, մենք տեսնում ենք ձգվածություն, մենք տեսնում ենք նոր վերաբերմունք իրենց ընտրած մասնագիտությանը և գործին», օրերս Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, խոսելով Դիլիջանում կառուցված ՊԵԿ արդեն նախկին շքեղ ուսումնական կենտրոնը Մոնթե Մելքոնյան վարժարանին հատկացնելու մասին:

Այդ կենտրոնը կառուցվեց ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ: Դրա վրա ծախսվել է մոտ 30 միլիոն դոլար: Մամուլը բազմաթիվ անգամներ գրել է այդ շինարարության, հետո կահավորման չհիմնավորված շքեղության եւ թանկարժեքության մասին:

Գագիկ Խաչատրյանը գնաց, կենտրոնը՝ մնաց: Կենտրոնի ճակատագրի հարցում աշխուժորեն շրջանառվում էր հանրային այն կարծիքը, որ այդ թանկարժեք՝ չհիմնավորված թանկարժեք կառույցը, որ փաստացի կառուցվել է պետական, հանրային փողով, թեկուզ ՊԵԿ պահուստային միջոցների հաշվին, պետք է վաճառել հենց այն ղեկավարին, որի նախաձեռնությամբ կառուցվել է այն: Այսինքն, Գագիկ Խաչատրյանն էլ թող գնի այն, ըստ էության վերադարձնելով փողը պետությանը: Նաեւ դիտարկվում էր այդ տրամաբանության մեջ, բայց առավել զուսպ տարբերակ՝ պարզապես կենտրոնը դնել մասնավորեցման:

Մյուս կողմից, սակայն, խիստ հարցական էր, որ այդ գերթանկարժեք կառույցը որեւէ մեկը կգներ հետո բիզնեսի նպատակով, քանի որ ինքնարժեքը կարող էր թանկ ստացվել:

Եղավ Վիգեն Սարգսյանի առաջարկը, որի հանդեպ վերաբերմունքը միարժեք չէ՝ շքեղ կենրոնը դարձնել Մոնթե Մելքոնյան ռազմա-կրթական համալիրի շենք, տեղափոխել համալիրը Երեւանից Դիլիջանի այդ կառույց: Գործնականում ստեղծվեց երկակի վիճակ: Մի կողմից կոռուպցիայի, պետական միջոցների չարաշահման գրեթե իրեղեն ապացույց դարձած կառույցը «լեգիտիմացվեց» բանակի, ռազմական ոլորտի հաշվին, որի հանդեպ Հայաստանի հասարակությունն ունի իհարկե զգայուն վերաբերմունք, մյուս կողմից, սակայն, այդ գերթանկ ծախսը գոնե այս տարբերակում ծառայում է կարեւոր նպատակի:

Այստեղ Վիգեն Սարգսյանը զուտ կառույցի ճակատագրին առնչվող խնդրից դուրս, շոշափում է իրապես կարեւորագույն, ավելի խորքային՝ միջավայրի խնդիրը: Այդ իմաստով, միջավայրի արդիականացումը գործնականում հեղափոխական նշանակություն է ունենում գործունեության բերումով դրանում գտնվող սուբյեկտների վարքագծի տեսանկյունից:

Այդ ազդեցությունը միակ վճռորոշը չէ, սակայն ունի կարեւորագույն նշանակություն:

Մոտ մի օրինակ: Վրաստանում Սահակաշվիլիի իշխանության կարեւոր ձեռքբերումներից մեկը, որ ընդունում էին եւ ճանաչում անգամ նրա քաղաքական, գաղափարական հակառակորդները, դա ոստիկանության բերափոխումն էր: Այդ բարեփոխման առանցքային տարրերից մեկը այն էր, որ ոստիկանական հաստատությունները, լոկալ հենակետերից ընդհուպ ներքին գործերի նախարարության շենքը, ենթարկվեցին ճարտարապետական տեսքի արմատական փոփոխության, արդիականացման, կիրառելով ապակեպատության, ըստ այդմ թափանցիկության սկզբունքը, որպես նաեւ ռեֆորմի փիլիսոփայության խորհրդանիշ:

Այդ հանգամանքը շատ բան է փոխում թե ապակու այն, թե այս կողմում գտնվող անձանց վարքի, մտածողության, հոգեբանության հարցում: Հեղափոխությունները չեն կատարվում միայն այսօր եւ այստեղ, զենքով կամ եղանով:

Հայաստանում միջավայրային խնդիրը ունի բավականին սուր դրսեւորում, այդ թվում նաեւ պաշտպանական ոլորտում: Ընդ որում, խոսքը թե զորամասերի, թե նույնիսկ այսպես ասած դրանց «շեմի»՝ զինկոմիսարիատների մասին է:

Զորակոչիկը, կամ ընդհանրապես որեւէ քաղաքացի, հայտնվելով այդ հաստատություններում, միայն դրանց տեսքից, բնույթից, կառուցվածքից կարող է հայտնվել հոգեբանական ճնշվածության եւ անգամ ընկճախտի մեջ, կորցնելով բացարձակապես որեւէ նախաձեռնողականություն եւ որեւէ առաքելություն իրականացնելու ցանկություն՝ այդ հաստատություններից արագ դուրս փախչելու ցանկությունից բացի:

Իսկ եթե թատրոնը սկսվում է հանդերձարանից կամ կախիչից՝ ինչպես ասում են, ապա բանակն էլ սկսվում է զինկոմիսարիատից: Այդ միջավայրերը ունեն արմատական, հեղափոխական փոփոխության կարիք, որը կփոխի թե այդ կառույցնրում աշխատողների վարքը, թե այդ կառույցների եւ բանակի հետ գործ ունեցողների՝ զորակոչիկների, նրանց ծնողների, պահեստազորի ենթակա քաղաքացիների:

Դա թերեւս պետք է լինի Հայաստանի պաշտպանական ոլորտում միջավայրի փոփոխության կամ հեղափոխության հաջորդ քայլը, առավել եւս հռչակված ազգ-բանակ հայեցակարգի եւ հատկապես բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակում:

Խնդիրը դնելու դեպքում անհրաժեշտ ֆինանսավորման հարցը լուծելը թերեւս չի լինի մեծ հարց: Այդ գործում Հայաստանն օրինակ արդեն իսկ ունի աջակցության օրինակ՝ ԱՄՆ օժանդակությամբ ԶԱՌ խաղաղապահների ուսումնական կենտրոնի կառուցումը: ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ն, ՆԱՏՕ անդամ այլ երկրներ թերեւս պատրաստակամ կլինեն Հայաստանին բանակի «շեմն» արդիականացնելու եւ միջավայրային վերափոխման գործին աջակցելու հարցում:

Ամենաընթերցվածը