Վիճակը բարդանում է. Վարչապետն ու Պնախարարը զգուշացնում են Սերժ Սարգսյանին

    • Մեկնաբանություն - 28 Դեկտեմբերի 2017, 09:57
Լուսանկարը Sputnik-ի
Լուսանկարը Sputnik-ի
Մինչ ՀՀԿ երիտասարդները շեփորահարում են Սերժ Սարգսյանի անփոխարինելիության ու անայլընտրանքայնության մասին, իշխանության մեջ արդեն սկսում են հնչել մտահոգություններ Հայաստանի ապագա իշխանության, պետական կառավարման սխեմաների վերաբերյալ: Օրինակ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը, Արդարադատության նախարարը եւ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն հայտարարել են, որ անփոխարինելիներ չկան:

Ինչ վերաբերվում է 2018-ի վարչապետի խնդրին, Սերժ Սարգսյանն էլ է ասել, որ դեռ կտեսնեն, թե հանգամանքներն ինչպես կդասավորվեն: Խնդիրն այն է, որ ներկայում ներքաղաքական ներկայիս զարգացումներում վարչապետի խնդիրը «երկրորդական» է, քանի որ կարծես թե դեռ պարզ չեն իշխանության ձեւավորման համակարգային որոշակի խնդիրներ: Եվ այդ մասին իրենց վերջին հարցազրույցներում բավական հստակ ասել են վարչապետ Կարեն Կարապետյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Կարեն Կարապետյանն ասում է, որ ապրիլի 9-ին իշխող կուսակցությունն իր կոալիցիոն գործընկերոջ հետ որոշում կկայացնի, թե ով որ պաշտոնը կզբաղեցնի: «Որքան հասարակությունն անձնավորված է, այնքան ռիսկերը շատ են։ Հիմա մենք փորձում ենք համակարգ ձևավորել։ Իհարկե, անձը միշտ դեր ունի։ Բայց անձի դերը որքան մինիմիզացվում է, որքան համակարգը կարողանում է անձի լավ կարողությունները մեծացնել, և հակառակը՝ ամորտիզացնել կամ սահմանափակել (եթե երկրի գլուխ որևէ պատահական մարդ հայտնվի), այդ համակարգն ավելի կանխատեսելի է և հեռանկարային», ասում է նա։

Իր հերթին, Վիգեն Սարգսյանն անդրադարձել է կառավարման սխեմաներին ու տրամաբանությանը. «Բոլոր դեպքերում՝ այն թիմը, այն մարդիկ, ովքեր ունեն խորհրդարանական մեծամասնության վստահությունը, որոնք ձեւավորել են այդ մեծամասնությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջնորդելով կուսակցությունը, առաջնորդելով նախընտրական գործընթացը, պետք է կրեն հանրային պատասխանատվություն այդ մեծամասնության կայացրած որոշումների եւ դրանց իրականացման որակի նկատմամբ: Այսինքն՝ հնարավոր չէ պատկերացնել մի իրավիճակ, երբ կա մեծամասնություն, որի իրական ազդեցության կենտրոնները դուրս են այն սխեմայից, որը ձեւավորվում է ընտրությունների արդյունքում, կամ այդ խորհրդարանի կողմից ձեւավորվող հանրային պաշտոններում»:

Այսպիսով, վարչապետն ու պաշտպանության նախարարը փաստացի մատնանշում են այն «ականները», որոնք չվնասազերծելու դեպքում իշխող համակարգը կառավարման խորհրդարանական կարգի պայմաններում կարող է պարզապես պայթել, կամ կորցնել այն դերն ու նշանակությունը, որի համար էլ փոխվել է կառավարման կարգը:

Եթե կառավարման կենտրոնը տեղափոխվում է ՀՀԿ, այսինքն ստեղծվում է կուսակցապետություն, առաջանալու են լուրջ խնդիրներ իշխանության տարբեր բեւեռների ու թեւերի միջեւ, լղոզվելու է պատասխանատվությունը եւ որոշումների ընդունման մեխանիզմը: Փաստացի, Սերժ Սարգսյանին առաջարկվում է կամ ստանձնել վարչապետությունը եւ պատասխանատվությունը, կամ իշխանությունը չկախել ՀՀԿ «պոլիտբյուրոյից», նկատի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը կարող է իշխանությունը պահել ՀՀԿ ղեկավարի դիրքից, չկրելով որեւէ հանրային-պետական պատասխանատվություն:

Վիգեն Սարգսյանը խոսում է հենց այդ վիճակի մասին, երբ կան պետական ինստիտուտներ, խորհրդարանական մեծամասնություն եւ դրա ձեւավորած կառավարություն, սակայն «իրական ազդեցության կենտրոնները դուրս են այդ սխեմայից», եւ որոշումները կարող են կայացվել այլ տեղում:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի համար ամենացանկալի տարբերակը հենց ՀՀԿ ղեկավարի դիրքից իշխանությունը պահելն է, ինչը բնականաբար խնդիրներ է առաջացնելու իշխանության տարբեր խմբերի համար:

Վարչապետն, իր հերթին, շարունակում է Վիգեն Սարգսյանի մտահոգությունը եւ խոսում այնպիսի համակարգի ձեւավորման մասին, որի պարագայում անձերի դերը նվազեցվում է, եւ եթե նույնիսկ պատահական մարդ հայտնվի իշխանության գլուխ, ռիսկերը հասնեն նվազագույնի:

Հայաստանի իշխանությունը խոշոր հաշվով պատահական մարդկանց համախումբ է, որոնք ներկայում փորձում են վերակազմակերպել այն: Այստեղով էլ անցնելու է ներքաղաքական դիմակայության գիծը քաղաքական նոր տարում:

Ամենաընթերցվածը