Թուրքիան պատրաստվում է վատթարագույնին. Թրամփի «արբիտրաժն» ու Սեւրը

    • Մեկնաբանություն - 07 Դեկտեմբերի 2017, 23:23
Այսօր Թուրքիայի նախագահը 65 տարվա մեջ առաջին անգամ այցելեց Հունաստան: Այցից մի քանի ժամ առաջ հունական Skai հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էրդողանը հայտարարել է, որ Լոզանի խաղաղության պայմանագիրը վերանայման կարիք ունի:

«Մենք կարող ենք քննարկել ամեն ինչ՝ ալֆայից օմեգա: Հնարավոր է, Հունաստանը որոշ հարցերից, կոնկրետ կանխատեսումներից նյարդայնանա, սակայն կարող ենք նստել եւ քննարկել», - ասել է Էրդողանը: Նա ընգծել է, որ քննարկումը վերաբերելու է ոչ թե Հունաստանին, այլ ողջ տարածաշրջանին: Լոզանի պայմանագրով որոշվել են Թուրքիայի սահմանները Հունաստանի, Իրաքի եւ Սիրիայի հետ:

Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ցանակոպուլոսը հայտարարել է, որ Էրդողանի հարցազրույցը «լուրջ մտահոգություններ ու հարցեր» է առաջացնում: Այցը, սակայն, չի չեղարկվել, եւ Հունաստանը հավանաբար ցանկանում է լսել Էրդողանին:

Էրդողանն ըստ երեւույթին Հունաստանին ու մյուսներին առաջարկում է վերանայել Լոզանի պայմանագիրը՝ հնարավոր է անգամ Աթենքին լրացուցիչ «արտոնություններ» առաջարկելով: Էրդողանը վախենում է եւ բազմիցս նշել է, որ Լոզանի պայմանագիրը վերանայվելու է առանց Թուրքիայի՝ օրինակ հօգուտ Սեւրի պայմանագրի կամ Վիլսոնի արբիտրաժի, որով Թուրքիայի տարածքն անհամեմատ փոքր է ներկայիս տարածքից: Բացի այդ, Թուրքիայի վերահսկողությունից դուրս Լոզանի պայմանագրի չեղարկումը կարող է ինքնըստինքյան հանգեցնել Քրդստանի ստեղծմանը. Իրաքյան Քրդստանում արդեն անց է կացվել հանրաքվե:

Թուրքիան ԱՄՆ-ին բացահայտ մեղադրում է տարածաշրջանում սահմանները վերանայելու մտադրության մեջ: ԱՄՆ-ն ու նախագահ Թրամփը նման մտադրություն ունե՞ն: Ըստ երեւույթին, ունեն: Թրամփը երեկ Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք: Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարում էր, որ մտադիր է հասնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը:

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեպքում պատրաստ է խզել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ: Նա պատրաստակամություն է հայտնել հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Լոզանի պայմանագրի հնարավոր վերանայումից առաջ Էրդողանը կփչացնի՞ Իսրայելի հետ հարաբերությունները: Առավել եւս, որ Իսրայելն ինքնին Լոզանի պայմանագրի «խախտում է»:

Հունաստանը կհամաձայնվի՞ վերանայել Լոզանի պայմանգիրը եւ թույլ չտալ ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքում իրագործել «Թրամփի արբիտրաժը»: Մոսկվան համաձա՞յն է Թուրքիայի հետ նոր անջատ «Կարսի» պայմանագիր ստորագրել, որով կորոշվեն Թուրքիայի եւ Հայաստանի սահմանները: Ինչպե՞ս է Հայաստանը վերաբերվում այդպիսի պայմանագրերին:

Երեւանն ուշադիր հետեւում է Երուսաղեմում իրավիճակի զարգացումներին, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար», - ասել է Նալբանդյանը՝ հիշեցնելով, որ Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։

Ամենաընթերցվածը