Ում հետ եւ ինչ հրատապ քննարկման է պատրաստվում Սերժ Սարգսյանը

    • Մեկնաբանություն - 07 Դեկտեմբերի 2017, 12:38
EADaily-ն հայտնել է, որ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 16-ին կայցելի Վրաստան: Տեղեկությունը պաշտոնական չէ, լրատվամիջոցը հղում է անում իր աղբյուրին: Պաշտոնական տեղեկություն Սերժ Սարգսյանի Վրաստան կատարելիք այցի մասին դեռեւս չկա:

Սարգսյանի հնարավոր այցը ուշադրություն է գրավում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի Հայաստան կատարելից այցի չկայանալու ֆոնին: Նոյեմբերի 30-ին Հայաստանի կառավարությունը տեղեկություն տարածեց, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Հայաստանի վարչապետի հրավերով դեկտեմբերի 1-ին կայցելի Հայաստան: Սակայն մեկ-երկու ժամ անց տարածվեց հակառակ տեղեկություն, որ Վրաստանի վարչապետի այցը չի կայանա: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, այդ թվում վրացական կողմի տարածած տեղեկատվության, Վրաստանի վարչապետի այցը ոչ թե չեղարկվել է, այլ կկայանա ավելի ուշ՝ հետաձգվել է: Իսկ հետաձգման պատճառ նշվում էր այն, որ Վրաստանի խորհրդարանը չէր հաստատել կառավարության կազմը, եւ Հայաստան այցը կայանալու էր դրանից հետո:

Իհարկե այդ հանգամանքը առաջացրեց հարցեր, մասնավորապես առ այն, որ ի վերջո նոյեմբերի 30-ին հայտնի՞ չէր, որ Վրաստանի խորհրդարանը չի հաստատել կառավարության կազմը, երբ Հայաստանի կառավարությունը տարածեց այցի մասին հաղորդագրություն: Թե՞ Հայաստանի կառավարությունը շտապել էր: Հազիվ թե հայտարարությունը լիներ «ինքնագլուխ»: Հավանական է, որ Հայաստանի կառավարությունը Վրաստանի վարչապետի այցի մասին հայտարարել էր նախապես ձեռք բերված համաձայնության եւ պայմանավորվածության հիմքով: Այդ դեպքում ինչու՞ է տարածված տեղեկատվությունից ժամեր անց եղել հակառակ, այցի չկայանալու մասին պաշտոնական տեղեկությունը: Վրացական կողմը չէ՞ր տեղեկացրել Հայաստանի կառավարությանը, որ պլանը փոխվել է, թե՞ ինչ որ բան փոխվել է վերջին պահին: Եվ որտե՞ղ է վերջին պահին փոխվել ինչ որ բան՝ հայ-վրացակա՞ն տիրույթում, թե՞ հենց Վրաստանի ներսում:

Ի դեպ, հատկանշական է, որ Վրաստանի վարչապետը նույն պատճառաբանությամբ օրերս հետաձգել է նաեւ իր սպասվող այցը Բրյուսել: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ խնդիրը ոչ թե հայ-վրացական տիրույթում է, այլ Վրաստանի ներքին կյանքում:

Բայց, Սերժ Սարգսյանի Վրաստան սպասվող կամ հավանական այցը դրանից չի դառնում պակաս հետաքրքիր: Մյուս կողմից, ի վերջո, եթե նույն պատճառաբանությամբ հետաձգվել է նաեւ Բրյուսել այցը, դա դեռեւս միարժեք չի նշանակում, որ երկու այցերի հետաձգման պատճառը իսկապես նույնն է:

Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի Վրաստան սպասվող այցը նշանակում է, որ եղել է խնդիր եւ նա որոշել է անձամբ գնալ այն հարթելու՞, թե՞ այդուհանդերձ Վրաստանի վարչապետը իսկապես ներքին պատճառներով չի կարող գալ Հայաստան, բայց հայկական կողմը ունի Վրաստանի հետ ներկայում քննարկելիք կարեւոր խնդիրներ, եւ Թբիլիսին համաձայնել է բարձր մակարդակով Հայաստանից Վրաստան այցին, Վրաստանից դուրս չգալով քննարկելով կարեւոր հարցերը Հայաստանի հետ:

Ընդ որում, հետաքրքիր է, որ Վրաստան գնում է հենց Սերժ Սարգսյանը, ոչ թե, ասենք վարչապետ Կարեն Կարապետյանը կամ արտաքին գործերի նախարարը, կամ պաշտպանության նախարարը, ըստ քննարկվելիք հարցի պրոֆիլային գերակայության: Դա նշանակում է նաեւ, որ Կվիրիկաշվիլին Երեւան էր գալիս թերեւս հենց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման համար:

Ընդ որում, պետք չէ բացառել անգամ, որ Սարգսյանի Վրաստան այցը պայմանավորված է ոչ միայն քննարկման հրատապությամբ՝ երբ Վրաստանի վարչապետը չի կարողանում գալ Հայաստան ներքին պատճառներով, սակայն կողմերը որոշում են հարցն այդուհանդերձ շատ չհետաձգել եւ քննարկել Թբիլիսիում, այլ գուցե նաեւ մասշտաբով: Ըստ այդմ, թերեւս պետք չէ բացառել, որ Սերժ Սարգսյանի այցը պայմանավորված է նրանով, որ կա Վրաստանում իշխանության բուրգի դե ֆակտո առանցքային դեմքի՝ միլիարդատեր, իշխող Վրացական երազանք դաշինքի հիմնադիր եւ թերեւս փաստացի առաջնորդ Իվանիշվիլիի հետ շփման եւ քննարկման անհրաժեշտություն: Իհարկե, այդ քննարկումը կարող է լինել ոչ ֆորմալ, ոչ հրապարակային շփման ձեւաչափում, բայց հենց դա էլ հնարավոր է հենց Սերժ Սարգսյանի Վրաստան այցի տարբերակում, ինչին էլ հանգել են Երեւանն ու Թբիլիսին:

Իսկ ի՞նչը կարող է լինել երկու հարեւանների միջեւ քննարկման այդքան կարեւոր հարցը: Անկասկած, այստեղ դիապազոնը շատ լայն է, անվտանգությունից մինչեւ տնտեսություն: Ուշադրության է արժանի թերեւս այն, որ Թբիլիսիի հետ քննարկումներից առաջ Երեւանը նախ ստորագրեց Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիրը, իսկ այստեղ շատ ուշագրավ շերտեր կարող են բացվել հայ-վրացական հարաբերության համար, ընդհուպ անվտանգության ոլորտի ներառմամբ, իսկ դրանից մի քանի օր անց Հայաստանում հյուրընկալեցին Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆին: Իսկ Հայաստան-Իրան հարաբերության օրակարգում դեպի Վրաստան հայացքն անկասկած ունի առանցքային տեղ եւ դեր:

Խոշոր հաշվով, ակնհայտ է տարածաշրջանում նոր իրավիճակի ձեւավորումը եւ այդ առումով Հայաստանի հարցում աշխարհքաղաքական ուժային հակադիր կենտրոնների կոնսենսուսային տրամադրվածության գծագրումը: Վրաստանը չի կարող իհարկե դուրս լինել այդ գծագրերից, քանի որ նոր տարածաշրջանը չի կարող ունենալ այլ առանցք, քան հայ-վրացականը:

Ամենաընթերցվածը