Պուտինի ծանր որոշումը

    • Մեկնաբանություն - 06 Դեկտեմբերի 2017, 18:23
ՌԴ նախագահ Պուտինը դեկտեմբերի 6-ին մասնակցելով Կամավորական 2017 համառուսաստանյան ֆորումին, անդրադարձել է նաեւ 2018 թվականի նախագահի պաշտոնի համար առաջադրվելու իր որոշման վերաբերյալ հարցին: Ֆորումի հաղորդավարը Պուտինին տվել է հարցը, ինչին Պուտինը պատասխանել է հարցով՝ դիմելով ֆորումին: «Դուք կպաշտպանե՞ք այդ որոշումը»: «Այո», հնչել է պատասխանը: Պուտինը շնորհակալություն է հայտնել եւ ասել է, թե իր որոշումը կայացնելիս հաշվի կառնի նրանց դիրքորոշումը:

Ռուսաստանի նախագահն ըստ ամենայնի կկայացնի առաջադրվելու որոշում: Համենայն դեպս դրան են հակվում ռուսաստանյան փորձագիտական շրջանակները: Պուտինը իր առաջադրման հարցը սակայն պահում է ինտրիգի վիճակում:

Խաղու՞մ է Պուտինը, կիրառվում է նրա առաջադրումը այսպես ասած «թանկացնելու» քաղտեխնոլո՞գիա, թե այդուհանդերձ Պուտինը դժվարանում է, շատ է ծանրութեթեւ անում, քանի որ իրավիճակն է դժվար եւ ծանր:

Ռուսաստանը միջազգային պատժամիջոցների եւ նավթի գնանկման հետեւանքով կորցնում է ահռելի ռեսուրսներ: Միեւնույն ժամանակ, ռեսուրսների կորստի պայմաններում Մոսկվան ստիպված էր ավելի շատ ռեսուրս ծախսել իր աշխարհքաղաքական հավակնությունների համար՝ ուկրաինական պատերազմ, Սիրիայի հակամարտություն, այլ՝ ավելի հանդարտ, բայց ռեսուրս պահանջող ուղղություններ:

Դրան զուգահեռ իրավիճակը բարդ է Ռուսաստանի ներսում, նվազում է բնակչության եկամուտը, բայց թերեւս ամենաբարդը ՌԴ նախագահի համար այն կորուստներն են, որ ունենում են խոշոր կապիտալիստները:

Արեւմուտքի հետ դիմակայության հետեւանքով նրանք կորցնում են միլիարդներ եւ դա անխուսափելիորեն բերում է Պուտինի հանդեպ ներքին դժգոհության: Օրերս Ռոյթերզի հետ զրույցում այդ մասին խոստովանել էր ռուսաստանցի գործարարներից մեկը, ասելով, որ օլիգարխները ուզում են հեռու մնալ Պուտինից, պատժամիջոցների տակ չընկնելու համար:

2018 թվականի հունվարից ուժի մեջ է մտնում ՌԴ դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների ալիքը, որն առնչվում է Ռուսաստանի տնտեսության սյուներից մեկին՝ ռազմարդյունաբերությանը: Օրերս ռազմարդյունաբերական համալիրի վերաբերյալ խորհրդակցության ընթացքում Պուտինը հայտարարել էր, որ ամբողջ տնտեսությունը, արդյունաբերական բոլոր ձեռնարկությունները՝ մասնավոր թե պետական, անհրաժեշտության դեպքում պետք է պատրաստ լինեն արագ ռազմական արտադրանք տալուն: Պուտինը ռազմարդյունաբերական մոբիլիզացիայով թերեւս փորձում է պատրաստվել այդ ոլորտին ուղվող հարվածին, որն ուժի մեջ կմտնի 2018-ի հունվարից:

Ռիսկերն ու խնդիրները Պուտինի համար ահռելի են, եւ այդ պայմաններում իհարկե դժվար է կայացնել առաջադրվելու վերաբերյալ որոշում: Մյուս կողմից, Պուտինը չունի նաեւ այլընտրանք, կամ Պուտինին այլընտրանք չունի ռուսական համակարգը: Խոշոր հաշվով Պուտինին այլընտրանքի խնդիր կա նաեւ աշխարհում, այսինքն ուժային այն բեւեռների համար, որոնք աշխարհքաղաքականության հիմնական դերակատարներն են:

Ռուսաստանին թուլացնելը նրանց ռազմավարությունն է, բայց թուլացնելը եւ ոչ փլուզելը, քանի որ փլուզումը կարող է իր հետ բերել խնդիրներ արդեն ոչ միայն ՌԴ իշխանության, այլ նաեւ աշխարհքաղաքական մասշտաբով: Կա՞ այլ ֆիգուր, որը կկարողանա, կամ որի միջոցով հնարավոր կլինի ապահովել Ռուսաստանի այսպես ասած «կայուն եւ սահուն» թուլացումը, միաժամանակ թույլ չտալով, որ այն հասնի փլուզման:

Իրավիճակն անկասկած բարդ է ոչ միայն Պուտինի, այլ աշխարհքաղաքական մասշտաբով: Բացառված չէ, որ նաեւ այդ հանգամանքն է փորձում խաղարկել Պուտինը, ձգելով իր առաջադրման ինտրիգը եւ փորձելով դրա վրա առեւտուր անել ուժային մյուս կենտրոնների հետ, թեեւ հնարավոր է առեւտուրը չի էլ ստացվում:

Այսպես թե այնպես, Ռուսաստանի 2018 թվականի նախագահի ընտրությունն ինքնին կարծես թե զուրկ է լինելու ինտրիգից, եւ այստեղ թերեւս ամենահատկանշական հանգամանքը կարող է լինել էպոտաժային Սոբչակի առաջադրումը:

Բանն այն է, որ այդ առաջադրումն ուղղակիորեն կապում են Կրեմլի հետ: Նույնիսկ եղավ տեղեկություն, որ մինչ առաջադրման մասին հայտարարությունը Սոբչակը դեմ առ դեմ զրուցել է Պուտինի հետ, երբ BBC-ի խմբի հետ ֆիլմ էր նկարահանում հոր մասին եւ դրա շրջանակում նկարահանել են նաեւ Պուտինին:

Ուշագրավը Սոբչակի առաջադրման հարցում այն է, որ նա հանդես է գալիս հայտարարություններով եւ մոտեցումներով, որոնք լիովին հակառակ են ՌԴ ներկայիս պաշտոնական գաղափարախոսությանն ու քարոզչությանը, պաշտոնական գծին: Սոբչակն օրինակ կարող է հայտարարել, որ ճիշտ են ՌԴ հանդեպ պատժամիջոցները, արդարացի, որովհետեւ Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը, եւ այլն:

Փաստացի ստացվում է ուշագրավ պատկեր՝ Կրեմլի նախագիծը հանդես է գալիս Կրեմլի քաղաքականության դեմ կարգախոսներով: Իհարկե հարց է առաջանում, թե ո՞վ է Սոբչակին լսողը, եւ գուցե հենց այդ կարգախոսները վարկաբեկելու համար էլ ընտրվել է Սոբչակի թեկնածությունը: Մյուս կողմից, սակայն, դժվար է հաշվարկել՝ այդուհանդերձ Սոբչակը ավելի շատ «վարկաբեկու՞մ» է այդ կարգախոսները եւ մտքերը, թե՞ հնչեցնում, պարզապես կառավարելի ձեւով:

Խոշոր հաշվով, ներկայիս Ռուսաստանը կանգնած է կամ պահվում է այդ հակասականության երկու «հենակների» վրա՝ մի կողմից պաշտոնական «կայսերական» գիծը, մյուս կողմից Սոբչակի «ազատ եւ արդիական» մոտեցումները: Պուտինը թերեւս լավ է պատկերացնում, որ «կայսերական» գիծը Ռուսաստանը պահում է, բայց «գերեզմանի» համար, մյուս կողմից սակայն Կրեմլում գտնված չէ Ռուսաստանն առանց փլուզման արդիականության եւ աշխարհի հետ համակեցության հոգեվիճակի բերելու բանաձեւը: Իսկ առանց հոգեվիճակի այնտեղ չի ստացվելու ոչինչ:

Դրա համար էր նաեւ Պուտինը ձգում որոշումը, որովհետեւ քաղաքական հաշվարկի տեսանկյունից այն անայլընտրանք է վաղուց, բայց ոչ մի կերպ չի ձեւավորվում հոգեբանորեն:

Հ.Գ. Հոդվածն արդեն հրապարակվել էր, երբ հայտնի դարձավ, որ ֆորումից մեկնելով Գազ գործարան, Պուտինը հայտարարել է առաջադրվելու որոշման մասին:

Ամենաընթերցվածը