«Կարո՞ղ է Արցախի հետ այլևս հարևան չլինենք». Ուշագրավ իրավիճակ Արցախ-Իրան սահմանին

    • Մեկնաբանություն - 06 Դեկտեմբերի 2017, 13:08
Իրանցի քաղաքական վերլուծաբան Սալար Սեյֆոլդինին տված հարցազրույցում Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ «չնայած մեր երկու ժողովուրդների կողմից միմյանց հանդեպ բարիդրացիական տրամադրվածությանը՝ Արցախի և Իրանի միջև սահմանը մնում է փակ, ինչն անբնական է»:

«Մենք շահագրգռված ենք գործող սահմաններ և բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևան բոլոր երկրների, այդ թվում Իրանի հետ։ Համոզված եմ, որ նաև Իրանի շահերից է բխում Արցախի հետ պահպանել ընդհանուր սահմանը։ Կարծում եմ, որ դա համահունչ է նաև տարածաշրջանում հետաքրքրված այլ դերակատարների շահերին»,- ընդգծել է Մայիլյանը:

Իրանն ու Ղարաբաղը մոտ 140 կմ ընդհանուր սահման ունեն, որը փակ է: Այն հիմնականում անցնում է Արաքս գետով:

Իրանը հավասարակշռված դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության հարցում եւ միշտ կապ է պահպանել Արցախի հետ:

1992 թվականի մարտին Թեհրանում բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի ու Ղարաբաղի արտաքին գործերի փոխնախարարների մասնակցությամբ, որից հետո Հայաստանի, Ղարաբաղի եւ Իրանի ԱԳ նախարարների տեղակալները մեկ շաբաթյա հրադադարի համատեղ հայտարարություն են ստորագրել:

Համատեղ հայտարարությունից 10 օր անց 9 հոգուց բաղկացած իրանական միջնորդական առաքելությունը ԱԳ փոխնախարար Մահմուդ Վաեզիի գլխավորությամբ այցելել է Արցախ ու Հայաստան: Միջնորդական առաքելությունը տեւել է մինչեւ ապրիլի 20-ը:

Դրանից հետո Իրանից Ղարաբաղ պաշտոնական պատվիրակություններ չեն եկել, սակայն ղարաբաղյան պաշտոնյաները ցանկալի հյուրեր էին Իրանում:

2006 թվականի սեպտեմբերին հայտարարվել էր, որ Իրանի ներկայացուցիչները Ղարաբաղում կմասնակցեն գործարարների ու արդյունաբերողների ֆորումի, որտեղ պետք է քննարկվեին Իրանից հումքի եւ համապատասխան սարքավորումների ներմուծման տարբերակները: Ադրբեջանը բողոք էր հայտնել այցի կապակցությամբ, ֆորումի արդյունքների վերաբերյալ տեղեկություններ չկան:

Շփումները շարունակվել են, ավելին, 2007 թվականին Իրանն ու Հայաստանն Արաքսի վրա ՀԷԿ-ի շինարարություն են սկսել, որն այդպես էլ ավարտին չեն հասցրել:

ՀԷԿ-ի մասին հիշել են 2016 թվականին: 2016 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «պատմական» այցով Թեհրանում էր եւ տարօրինակ համաձայնագիր էր ստորագրել «Խուդաֆերին» եւ «Գըզ Գալասի» ջրային հանգույցների ու ՀԷԿ-երի շինարարարության շարունակման ու շահագործման, ջրային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ: Չնայած ջրային հանգույցները Ղարաբաղի տարածքում են գտնվում, փաստաթուղթը գնահատվել է որպես «Ադրբեջանի եւ Իրանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ հարգանքի նշան, ջրային եւ էներգետիկ ռեսուրսների օգտագործման հավասար իրավունքներ, ինչպես նաեւ ՄԱԿ բանաձեւերին համապատասխան Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտություն»:

Հայկական մամուլը դա գնահատել էր որպես Իրանի նախապայմանն Ադրբեջանին՝ կամ վերականգնում եք ամբողջականությունը, կամ էլ աշխատում ենք Ղարաբաղի հետ:

Դրանից 1.5 ամիս անց՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանը հարձակում սկսեց Ղարաբաղի վրա եւ ուղղություններից մեկն Իրանի հետ Ղարաբաղի սահմանն էր: Ադրբեջանական բլիցկրիգի հաջողության դեպքում ամբարտակը կարող էր անցնել Ադրբեջանին, սակայն հայկական կողմը պահեց դիրքերը, եւ այն շարունակում է Ղարաբաղի տարածքում մնալ:

Պատերազմից մի քանի ամիս անց ադրբեջանական Թրենդ գործակալությունն էլ ավելի տարօրինակ տեղեկություն տարածեց. «Իրանն արագացրել է Խուդաֆերինի ՀԷԿ-ի շահագործման հանձնելու աշխատանքները եւ գործնականում ավարտին հասցրել Ադրբեջանի հետ սահմանին Արազչայ գետի վրա ամբարտակի շինարարությունը», հայտնել է Թրենդը՝ հղում անելով Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին: Ամբարտակի շինարարությունը, սակայն, դեռ ավարտին չի հասցվել:

Հատկանշական է, որ Մասիս Մայիլյանի հետ հարցազրույցում իրանցի վերլուծաբանը հարցնում է. «Եթե մշտական խաղաղության պայմանագիր ստորագրվի Բաքվի հետ, հավանաբար, ըստ բանակցությունների՝ դուք այս քաղաքներից մի մեծ մաս ձեռքից կտաք։ Կարո՞ղ է նման խաղաղության պայմանագրի դեպքում Արցախի հետ այլևս հարևան չլինենք»։

Մայիլյանը պատասխանում է, որ ներկայիս սահմանները պատմական Արցախի սահմաններից դուրս չեն գտնվում, ընդհակառակը, հանրապետության տարածքի 15%-ն օկուպացված է Ադրբեջանի կողմից: «Արցախի ամբողջ տարածքն ամրագրված է Սահմանադրության մեջ եւ ամենուր տարածվում է մեկ իրավազորություն», Մայիլյանը երաշխիք է տալիս Իրանին:

Ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումների, ստատուս քվոն պահպանելու հնարավորության եւ կոմունիկացիաների վերականգնման ֆոնին Իրանը հավանաբար կցանկանար պարզել, թե սահմանի մյուս կողմում ում իրավազորությունն է:

Ամենաընթերցվածը