Գեներալի հեռացումը. Վիգեն Սարգսյանը հավասարվեց Կարեն Կարապետյանին

    • Մեկնաբանություն - 05 Դեկտեմբերի 2017, 16:01
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել իր հորդորով, աշխատանքում թերանալու, ծառայության անհամատեղելիության համար:

Բաղմանյանի պաշտոնանկության մասին մամուլը գրում է տեւական ժամանակ եւ ահա ստանում է պաշտոնական հաստատում: Այն էլ ինչպիսի հաստատում: Վիգեն Սարգսյանը փաստորեն հայտարարում է, որ ինքն է հեռացրել Հայկազ Բաղմանյանին: Որոշում կայացնողը, այսինքն նրա այսպես ասած հրաժարականն ընդունողը իհարկե լինելու է Սերժ Սարգսյանը, բայց Վիգեն Սարգսյանը փաստորեն ակնարկում է, որ ինքն է դրել Բաղմանյանին հեռացնելու հարցը:

Սերժ Սարգսյանը չի մերժել, բայց հետաքրքիր է՝ որովհետեւ չի՞ ունեցել այլընտրանք եւ Վիգեն Սարգսյանը հարցը դրել է կամ-կամ, թե՞ Սերժ Սարգսյանը պարզապես օգտագործել է առիթը եւ իրականում Բաղմանյանին հեռացնելու որոշումը իրենն է, որեւէ պատճառով, պարզապես այդ հանգամանքը օգտագործվում է Վիգեն Սարգսյանի քաղաքական կշիռը բարձրացնելու համար՝ թե զինված ուժերում, որտեղ նա ունի որոշակի հակասական ընկալում, որպես պատերազմող բանակի նախարարին ոչ համարժեք ֆիգուր, եւ թե իշխող համակարգում ընդհանրապես:

Իսկ Բաղմանյանին հեռացնելը անկասկած կապ ունի քաղաքական կշռի հետ, որովհետեւ Բաղմանյանը ոչ միայն զինված ուժերի, այլ իշխող համակարգի առանցքային ներկայացուցիչներից է, օդիոզ նշանային կերպարներից մեկը: Եվ եթե Վիգեն Սարգսյանը հեռացնում է այդ կերպարին, ապա կշիռ է ձեռք բերում թե բանակում, թե իշխանության մեջ ընդհանրապես:

Նաեւ իհարկե հասարակության շրջանում ձեռք է բերում որոշակի վարկանիշ եւ «հատկանիշ», քանի որ Հայկազ Բաղմանյանը այն ֆիգուրներից է, որոնց վերաբերյալ հանրության շրջանում գերակշռում է մեղմ ասած բացասական կարծիքը:

Հարցն այստեղ այն է իհարկե, թե արդյոք զինված ուժերը, իշխող համակարգը կամ հանրությունը կհավատան, որ հեռացնողն իրոք Վիգեն Սարգսյանն էր եւ ոչ թե Սերժ Սարգսյանը, որը պարզապես իր քայլը ծառայեցնում է Վիգեն Սարգսյանի վարկին ու վարկանիշին, քանի որ այդ վարկն ու վարկանիշն էլ ծառայեցնելու է իր քաղաքական ծրագրերին:

Համենայն դեպս, տեղի ունեցածը հետաքրքիր է նաեւ վերջին շրջանում Վիգեն Սարգսյանի շուրջ որոշակի մթնոլորտի գեներացման ֆոնին: Մի կողմից նա դարձավ թիրախ տարկետման չեղարկման դեմ շարժման համար, մյուս կողմից դրան զուգահեռ ՀՀԿ խմբակցության ղեկավարը Վիգեն Սարգսյանին հռչակեց իրենց առաջնորդ, որի գլխավորությամբ են բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում: Դա այն դեպքում, երբ Վահրամ Բաղդասարյանն անկասկած լավ գիտեր, որ դե ֆակտո նախընտրական պրոցեսը առաջնորդում էր Կարեն Կարապետյանը:

Ի դեպ, Հայկազ Բաղմանյանի հեռացման պարագայում էլ թերեւս կա Կարեն Կարապետյանի հետ ուշագրավ զուգահեռի տեղիք: Նոր նշանակվելուց հետո կարճ ժամանակ անց պաշտոնից հեռացվեց համակարգի մեկ այլ նշանային կերպար Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան: Նրա հեռացումը քարոզչա-տեղեկատվական դաշտում վերագրվեց նորանշանակ վարչապետին: Իհարկե, օդիոզների շարքը մեծ հաշվով շարունակություն չունեցավ, սակայն ներկայում կարծես թե Վիգեն Սարգսյանի անվան դիմաց էլ գրվում է Հայկազ Բաղմանյանի հեռացումը, եւ ստացվում է, որ այդ իմաստով վարչապետն ու պաշտպանության նախարարը՝ որոնք 2018 թվականի ապրիլին վարչապետի պաշտոնի հավակնորդ են, ունեն այսպես ասած հավասար միավոր:

Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանի խնդիրը գուցե նրանց միջեւ այդ հավասարությունը պահելն է, սեփական առավելությունն ապահովելու համար:

Ամենաընթերցվածը