Իրանը փաստացի ճանաչեց Արցախը

    • Մեկնաբանություն - 05 Դեկտեմբերի 2017, 15:00
Օրերս իրանական մի քանի լրատվամիջոց հրապարակել է այդ երկրի հեղինակավոր վերլուծաբաններից մեկի բավական ծավալուն հարցազրույցը Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ, որտեղ խոսվում է իրան-արցախյան սահմանի, դրա հեռանկարի, Արցախի խնդրի, բանակցային ձեւաչափի եւ բովանդակության մասին:

Հաշվի առնելով Իրանի պետական եւ հասարակական կարգի առանձնահատկությունը, հնարավոր է պատկերացնել, որ ոչ ֆորմալ, դե ֆակտո մակարդակում գործ ունենք Արցախի իրանական ճանաչման որոշակի դրսեւորման հետ: Արցախի արտգործնախարարն օրինակ իրանական մեդիադաշտում հայտարարում է Իրանի հետ հարեւանության եւ սահմանի փակ ռեժիմից հաղորդակցության անցնելու անհրաժեշտության մասին: Նրան փաստացի տրվում է այդ հնարավորությունը: Ի՞նչ է դա, եթե ոչ ճանաչման յուրօրինակ դրսեւորում:

Ավելին, իրանական մեդիադաշտի միջոցով Արցախը կարծես թե հանդես է գալիս քաղաքականության ծրագրային մատուցմամբ, քանի որ արտաքին գործերի նոր նախարարի հարցազրույցի բովանդակությունը միանգամայն համարժեք է արտաքին քաղաքականության ծրագրային, հայեցակարգային ներկայացման, որը ներառում է թե անմիջական հարեւան Իրանի հետ հարաբերության վերաբերյալ պատկերացումը, թե Արցախի չճանաչված, բայց պետական սուբյեկտային վարքի հանգամանքը, թե բանակցային գործընթացի ձեւաչափը, առանցքային մոտեցումներն ու դետալները:

Ուշագրավ է, որ Արցախի արտգործնախարարի այդ հարցազրույցը հրապարակվում է Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ: Իհարկե կան միջավայրային այլ ուշագրավ երանգներ, այդ թվում Լավրովի այցը Բաքու եւ Երեւան, որտեղ նա փաստացի արձանագրեց ստատուս-քվոյի շուրջ Մինսկի խմբի համանախագահների փոխհամաձայնությունը, Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Երեւան, Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, որը ոչ անմիջական, սակայն առանցքային նշանակություն պարունակող մեսիջ է նաեւ արցախյան խնդրի մասով:

Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը հերթականն է, սակայն գուցե ոչ սովորական: Համենայն դեպս, դրան ընդառաջ, մի քանի շաբաթ առաջ ոչ շարքային ձեւակերպումներով հայտարարություն էին տարածել Մինսկի խմբի համանախագահները, ասելով, որ հանդիպման օրակարգը պատրաստելիս մշակելու են «սուբստանտիվ հարցեր», «ինչպես նաև շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված հստակ միջոցներ»:

Համանախագահները օգտագործում են «սուբստանտիվ հարցեր» բառակապակցությունը, իսկ հրադադարի պահպանման մեխանիզմների հարցում կիրառում «հստակ» հասկացությունը: Ինչո՞վ էր պայմանավորված արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ աննախադեպ ձեւակերպումներով հայտարարությունը: Դրանից հետո առիթ ունեցել եմ եզրակացնելու, որ ըստ ամենայնի ներկայում դրված խնդիրը ներառում է իրավիճակի, հետեւաբար թեկուզ հարաբերական կայունության եւ խաղաղության կառավարման քաղաքական նոր եւ արդյունավետ ձեւաչափի փնտրտուք: Ստատուս-քվոյի շուրջ փոխհամաձայնությունը, որը թեկուզ հարաբերական կայունության եւ խաղաղության հարցում միակ ռացիոնալ համաձայնությունն է, չի կարող գոյություն ունենալ ինքնին, այն պետք է «միս ու արյուն» ստանա քաղաքական ձեւաչափի, գործընթացի տեսքով: Եվ այդ շարքում դիտարկվող տարբերակներից, գուցե հիմնականներից մեկը նախագահական մակարդակից արտգործնախարարների ավելի ցածր, եւ թերեւս առավել նվազ «պարտավորեցնող» ձեւաչափի անցումն է, որը կարող է լինել առավել առաձգական եւ ճկուն ձեւաչափ, քան առաջին դեմքերի մակարդակը: Ընդ որում, բացառված չէ նաեւ, որ այդ հարցում որոշակի դեր ունենա եւ այն, որ Հայաստանում տեղի է ունենալու իշխանության եւ կառավարման մոդելի վերափոխում եւ առնվազն կա արցախյան գործընթացին համարժեք Առաջին դեմքի խնդիր: Արտգործնախարարների մակարդակը հանում է նաեւ այդ խնդիրը:

Միեւնույն ժամանակ, այստեղ առանցքային հանգամանք կարող է լինել եւ այն, որ առավել «առաձգական» եւ «նվազ պարտավորեցնող» ձեւաչափի պարագայում հնարավոր է նաեւ ներգրավել Արցախը, արտգործնախարարի մակարդակով, ինչը կարող է էապես նպաստել որպես ստատուս-քվոյի կայունության եւ հարաբերական խաղաղության կառավարման միջոց այդ ձեւաչափի արդյունավետությանն ու այսպես ասած երկարաժամկետությանը:

Այդ տեսանկյունից ուշագրավ է Արցախի արտգործնախարարի միջոցով պաշտոնական Ստեփանակերտի փաստացի «ծրագրային» հայտը Վիեննայի «սուբստանտիվ» հանդիպումից առաջ: Եվ կրկնակի հետաքրքիր է հայտը իրանական հարթակից հղելու հանգամանքը, ինչը գործնականում նաեւ կարող է լինել ստատուս-քվոյի շուրջ փոխհամաձայնությանն Իրանի միանալու կամ Իրանը ներգրավելու որոշակի ազդակ կամ նշան:

Ի վերջո, չնայած ձեւաչափային բացակայությանը, Թեհրանն արցախյան խնդրում ունեցել է եւ ունի առանցքային նշանակություն, այդ թվում նաեւ հենց հարաբերական կայունության կառավարման խնդրում, ելնելով մի շարք գործոններից, այդ թվում իրան-ադրբեջանական հարթության մեջ: Ըստ այդմ ոչ միայն հնարավոր չէ, այլ թերեւս անհաշվենկատություն կլինի Իրանը նոր իրավիճակի նախագծային աշխատանքից դուրս թողնելը:

Ամենաընթերցվածը