Հակահայկական հաղորդումները հասան նպատակին

    • Մեկնաբանություն - 02 Դեկտեմբերի 2017, 10:47

Հայաստանում մեծ աղմուկ հանած ռուսական պետական հեռուստաալիքների թոք-շոուները կարելի է ասել հասան նպատակին: Դրանց թեման Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրումն էր եւ դրա հետեւանքները Ռուսաստանի համար:

Թե Հայաստանը, թե Եվրամիությունը եւ թե Ռուսաստանը չէին էլ թաքցնում, որ համաձայնագիրը փաստացի համաձայնեցված է Մոսկվայի հետ: Այն ինչ որ առումով «եռակողմ» համաձայնագիր էր, եւ խնդիրը միայն ԵՏՄ-ում Հայաստանի պարտավորությունները չէին: Եվ հարց է առաջանում՝ ինչի համար էին պետք այդ աղմկոտ թոք-շոուները, եթե Մոսկվան ոչ միայն դեմ չէր համաձայնագրին, այլեւ ստորագրման նախօրեին հատուկ հայտարարություն արեց ՌԴ ԱԳՆ-ն, այդպիսով պաշտոնապես հայտնելով իր համաձայնությունը:

Իրավիճակն իհարկե միարժեք չէ, հատկապես Ռուսաստանի դիրքորոշման մասով: Կարելի է համաձայնվել այն տեսակետին, որ Ռուսաստանը չէր կարող խոչընդոտել, կամ նպատակահարմար չէր խոչընդոտել համաձայնագրի ստորագրմանը մի շարք առումներով: Նախ, Հայաստանի մասով կար որոշակի քաղաքական բեռ թոթափելու խնդիր թե երկկողմ հարաբերությունների, թե Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ պարտավորությունների առումով:

Հաջորդ էական պահն այն էր, որ Հայաստանը եւ հայկական խնդիրները Մոսկվայի համար մնացել էին միակ հարթակը, որտեղ քիչ թե շատ համագործակցություն կար ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ: Սա իհարկե տհաճ հանգամանք էր Կրեմլի համար, քանի որ Հայաստանի դերն այդպիսով կամա-ակամա դառնում էր որոշիչ:

Մյուս հանգամանքը կապված էր միջազգային քաղաքականության մեջ նոր իրավիճակի հետ, որն արտահայտվեց Սիրիայում եւ Ղարաբաղում միջազգային որոշակի համաձայնություններով: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը որոշակի պայմանավորվածությունների հասան, որի մասին խոսեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Բաքվում ու Երեւանում:

Այս եւ անկասկած ավելի «ստվերային» հանգամանքների հանրագումարում էլ ստորագրվեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որը միջազգային քաղաքականության նոր իրավիճակի արտահայտությունն էր կամ տարրը: Բոլոր այս իրադարձությունները տեղի ունեցան նոյեմբերին, եւ չի բացառվում, որ ստորագրման շուրջ հստակության բացակայությունը մինչեւ վերջին պահը կապված էր հենց այս իրադարձությունների «ելքից»:

Համաձայնագիրը տարբեր մեկնաբանություններ ունեցավ նույն ռուսական եթերում, եւ պետք է նշել, որ թոք-շոուներին բնորոշ աղմուկի ու վիրավորանքների միջից այնուամենայնիվ հնչում էին էական կարծիքներ ու գնահատականներ, որոնք վերաբերվում են նոր իրավիճակին: Սրանք են արժեքավորը, եւ թերեւս այստեղ է թաքնված հարցի պատասխանը, թե ինչու Մոսկվայի դեմ չլինելու պայմաններում ռուսական պետական հեռուստաալիքներով նման շոուներ կազմակերպվեցին:

Սակայն այդ էական կարծիքներն ու գնահատականները հանրությանը հասցնելու խնդիր կա, որը, ելնելով ռուսական քաղաքականության ու քարոզչության բնույթից, կարելի է հասցնել միայն հայհոյանքների, սպառնալիքների ու վիրավորանքների միջոցով: Մի կողմից, այդպիսով բաց է թողնվում «կայսերական» գոլորշին, մյուս կողմից ասվում են ռուսական հանրության համար «վայրի» բաներ, օրինակ, որ Հայաստանն ի վերջո պետություն է, որն ունի շահեր, եւ այդ շահերը երբեմն հակասում են Ռուսաստանի շահերին: Եվ եթե Ռուսաստանը շարունակի իր նախկին քաղաքականությունը, ապա նրա համար հերթական կորուստը լինելու է Հայաստանը: Եվ ամենակարեւորը՝ թոք-շոուների միջոցով դա փաստացի ասում է Ռուսաստանի իշխանությունը:

Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում վաղուց եկել է «անկեղծության պահը», ինչը ենթադրում է կամ հարաբերությունների խզում, կամ դրանց վերակառուցում գործընկերության հիմքով: Նոր իրավիճակում դրա հնարավորությունները կան, եւ շատ բան կախված է Հայաստանի իշխանությունից: Հայաստանին տրվել են գործիքներ ինքնիշխան որոշումներ կայացնելու համար, մասնավորապես Ղարաբաղում ստատուս-քվոյի համաձայնությունը եւ ԵՄ հետ համաձայնագիրը:

Ամենաընթերցվածը