Արա Աբրահամյանի նամակը Պուտինին. Խուճապ եւ դատավճիռ

    • Մեկնաբանություն - 01 Դեկտեմբերի 2017, 15:48
Ռուսաստանի հայերի միությունը, որ գլխավորում է Արա Աբրահամյանը, անդրադարձել է ռուսական հեռուստաեթերով, մասնավորապես ՆՏՎ հեռուստաընկերությամբ հեռարձակված աղմկոտ հաղորդմանը, որը առաջացրել է Հայաստանի հանրության զայրույթը: Հայաստան-ԵՄ համաձայնագրին առնչվող այդ հաղորդմանը թե հաղորդավարները, թե փորձագետները տուրք են տվել Հայաստանի հասցեին վիրավորական, քամահրական հռետորաբանության:

Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում իշխանական կառույցներին, ԶԼՄ ղեկավարներին, որպեսզի եթերից հեռացնեն «ծախու» հաղորդավարներին, փորձագետներին եւ քաղաքական գործիչներին:

Բավական կոշտ հայտարարություն է, Ռուսաստանի հայերի միության համար նույնիսկ անսպասելի, քանի որ Արա Աբրահամյանի եւ այդ կառույցի գործառույթը տարիներ շարունակ եղել է Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականության արդարացումը, «Պուտինը միշտ ճիշտ» է հայտնի սկզբունքով, որը Արա Աբրահամյանը Երեւանում բարձրաձայնել է անգամ մամուլի ասուլիսի ընթացքում:

ՌՀՄ անդրադարձը առաջին հայացքից չի տեղավորվում այդ տրամաբանության մեջ, որովհետեւ ստացվում է, որ Պուտինը կամ չունի Ռուսաստանում իշխանություն եւ օրինակ հեռուստաալիքները չեն ենթարկվում նրան, կամ Պուտինը միշտ չէ, որ ճիշտ է:

Այդուհանդերձ, Արա Աբրահամյանն անկասկած զգում է, որ ինչ որ բան կատարվում է՝ Պուտինը չունի իշխանություն, թե Պուտինի ճիշտն այլեւս հինը չէ եւ Պուտինը ձեռք է բերում նոր ճիշտ, բայց ինչ որ բան կատարվում է, եւ Աբրահամյանը բնազդով արձագանքել է կատարվածին:

Այդ իսկ պատճառով, արձագանքը մի կողմից բավական կոշտ է, մյուս կողմից սակայն դրա տողատակում իսկ առկա է Հայաստանի արժանապատվությունը ոտնահարող երանգ: Բանն այն է, որ Ռուսաստանի հայերի միությունը հիշատակում է, որ Հայաստանն այն քիչ երկիրներից է, անգամ ԵՏՄ շրջանակում, որ Ղրիմի ու Ռուսաստանի համար այլ զգայուն հարցերում աջակցել է հետեւողականորեն:

Այլ կերպ ասած, Արա Աբրահամյանը փորձում է ներկայացնել Ռուսաստանի «հավատարիմ ծառա» Հայաստանի կերպար, որը արժանի չէր նման վերաբերմունքի: Այսինքն, եթե Հայաստանը չաջակցեր Ղրիմի հարցում, կամ այլ զգայուն հարցերում, ապա Արա Աբրահամյանի կառույցի արձագանքի տրամաբանությամբ՝ արժանի կլիներ ռուսական հեռուստաալիքով այդօրինակ վերաբերմունքի:

Ավելի լավ կլիներ իհարկե, որ Արա Աբրահամյանն ընդհանրապես չարձագանքեր, կամ նույնիսկ արդարացներ Ռուսաստանի քաղաքականությունն ինչպես միշտ, քան իբրեւ թե Հայաստանի պատիվը պաշտպաներ, տողատակում իրականում ինքն էլ խաղալով այդ պատվի հետ:

Բայց Աբրահամյանին անկասկած Հայաստանի պատիվը չէ, որ հուզել է: Խնդիրն այն է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը շփոթեցրել է շատերին: Բոլորն են հասկանում, որ Ազատ առեւտրի դրույթի բացակայությունը գործնականում չունի համաձայնագրի քաղաքական եւ քաղաքակրթական նշանակության հարցում ճակատագրական կարեւորություն: Ըստ այդմ, հասկանում են նաեւ, որ դա այն հանգամանքը չէ, որի պատճառով Պուտինը 2013-ին խոչընդոտել էր, իսկ 2017-ին դրա բացակայության պատճառով էլ որոշեց չխանգարել Հայաստանին:

Արա Աբրահամյանին թերեւս շատ բան է հայտնի 2013-ից, քանի որ մամուլում եղան հրապարակումներ, որ սեպտեմբերի 3-ի որոշումից առաջ Սերժ Սարգսյանը իրավիճակի շուրջ ՌԴ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հենց Աբրահամյանի խորվաթական ամառանոցում է ունեցել երկարատեւ քննարկում:

Ըստ այդմ, Արա Աբրահամյանը թերեւս ավելի լավ է պատկերացնում իրավիճակի որոշակի փոփոխությունն ու այն նոր իրողությունները, որ կարող են առկա լինել տողատակում: Այդ տեսանկյունից, նա չի շփոթվում, չի կորցնում իրեն եւ փորձում է տալ երկակի արձագանք, այսպես ասած խփելով թե նալին, թե մեխին:

Բանն այն է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրն անկասկած ներառում է աշխարհքաղաքական շատ ավելի լայն մի գործընթաց, որի առանցքային ակտը գործնականում տեղի է ունեցել ոչ թե դիվանագիտության, այլ պատերազմի դաշտում՝ 2016 թվականի ապրիլին: Հայաստանի ինքնուրույն դիմադրությունը բոլորին ստիպել է փոխել վարքագիծը, առաջին հերթին իհարկե Ռուսաստանին:

Ապրիլին տապալվել է ոչ միայն ադրբեջանական բանակը, այլ նաեւ Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականությունը, եւ քաղաքականությունը Կովկասում ընդհանրապես: Պարզվել է, որ Հայաստանը ՌԴ գրպանում չէ եւ չի էլ կարող լինել, թե Հայաստանն է շատ ավելի մեծ, քան թվում է, եւ թե ՌԴ գրպանն է շատ ավելի փոքր, քան թվում է: Ըստ այդմ Մոսկվան կանգնել է Հայաստանի հանդեպ քաղաքականությունը վերանայելու անհրաժեշտության առաջ: Դա իհարկե այդքան էլ դյուրին չէ, հաշվի առնելով Ռուսաստանի մասշտաբները եւ բնույթը, որոնք թույլ չեն տալիս լինել ճկուն ու կրեատիվ: Բայց չկա այլընտրանք, որովհետեւ Ռուսաստանի դեմ ոչ թե աշխատում է Հայաստանը, Արեւմուտքը Հայաստանում, կամ որեւէ այլ բան, այլ ժամանակը:

Հայաստանում Ռուսաստանի աշխատանքի մեթոդներն ու այդ մեթոդաբանության սպասարկող խմբերը սրընթաց դառնում են ժամկետանց: Հայաստան-ԵՄ համաձանագրին Պուտինի հավանությունը գործնականում դատավճիռ է այդ մեթոդաբանության եւ սպասարկող խմբերի համար:

Ռուսական մեդիադաշտում, եւ դրա նաեւ հայաստանյան որոշակի արձագանքներում ակնհայտորեն նկատելի է այդ շրջանակների խուճապն ու դիմադրությունը, նրանք փորձում են փութաջանորեն ցույց տալ, որ իրենք դեռ պետք են, որ իրավիճակը չի փոխվել, որ դուրս գրել պետք չէ:

Արա Աբրահամյանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է եւ կարող է պետք լինել նոր իրավիճակում նույն բարեխղճությամբ, ինչպես հնում էր:

Ամենաընթերցվածը