Լավրովի նոր պլանը. Բեկումնային պահ

    • Մեկնաբանություն - 14 Նոյեմբերի 2017, 20:44
Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Երեւան եւ Բաքու է այցելելու ՌԴ արտգործնախարար Լավրովը: Լավրովը Բաքու, հետո Երեւան է ժամանելու Անթալիայից:

Տեղեկության մեջ ասվում է նաեւ, որ Լավրովը կամ կբերի արցախյան կարգավորման մի որեւէ նոր պլան, կամ կփորձի մշակել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման օրակարգ:

Հազիվ թե օրակարգ մշակելու համար Լավրովը հասներ Երեւան եւ Բաքու, դա հնարավոր էր անել թերեւս շատ ավելի ցածր մակարդակով, կամ նվազագույնը Մինսկի խմբի համանախագահների: Միեւնույն ժամանակ, կարգավորման ի՞նչ պլան կարող է բերել Լավրովը, որն այսպես ասած իրատեսականության կամ ընդունելիության առումով կարող է լինել նախորդ տարբերակներից կամ պլաններից առավել «հաջողակ»: Դա գործնականում անհնար հեռանկար է: Իրատեսական չէ որեւէ տարբերակ, որը կառուցված կլինի այսպես ասած «մադրիդյան սկզբունքների» տրամաբանության վրա եւ կլինի առավել կենսունակ կամ իրականանալի:

Կարգավորման այլ սկզբունք հնարավոր չէ, կամ ավելի շուտ այլ սկզբունք կարող է լինել միայն ներկայիս ստատուս-քվոյի պահպանության տարբերակների մշակումը:

Ընդ որում, մի շարք հանգամանքների եւ գործոնների հավաքականությամբ, իրատեսականության առումով շատ ավելի բարձր կարող է լինել հենց այդ տարբերակի «լիկվիդայնությունը»: Խնդիրն այն է, որ զուտ դիվանագիտական-քաղաքական հռետորաբանության տեսակետից այդ տարբերակը բավական բարդ, գրեթե առաջ մղելու անհնարինությամբ տարբերակ է: Մասնավորապես, դժվար է պատկերացնել, որ առաջիկայում որեւէ միջնորդ կամ խնդրում այս կամ այն կերպ ներգրավված սուբյեկտ կհայտարարի, որ պետք է ճանաչել ստատուս-քվոն եւ անցնել առաջ, կամ համանման մի բան:

Ավելի հեշտ է խոսել փոխզիջումների մասին: Միեւնույն ժամանակ, գործնականում ավելի դժվար է առաջ մղել այդ փոխզիջումային տարբերակը, որովհետեւ դե ֆակտո իրականության տեսանկյունից «հողին կպած» է ստատուս-քվոն, իսկ փոխզիջումները պարզապես «կենաց» են, անկախ այն բանից՝ դուր գալիս են դրանք որեւէ մեկին, թե ոչ: Առավել եւս, որ ապրիլյան պատերազմը մերկացրեց այդ սկզբունքները եւ ցույց տվեց, որ ամեն կերպ դրանք առաջ մղելու ձգտումը տանում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի:

Խաղաղության, կամ այսպես ասած հարաբերական կայունության տեւականությունն ապահովելու ճանապարհը ստատուս-քվոն թեկուզ ոչ հռետորաբանության կամ ձեւակերպումների, բայց դե ֆակտո իրողությունների միջոցով արձանագրելու ճանապարհն է:

Ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանը կարողանում է եւ պատրաստ է այդ խնդրում կատարել իր առանցքային դերը: Այդ տեսանկյունից բեկումնային նշանակություն է ունեցել ապրիլյան պատերազմը, որտեղ հայկական զինուժը պարզապես փրկել է հայկական դերը, որ մինչ այդ ուղղակի խայտառակ ձախողման էին ենթարկել տնտեսական եւ քաղաքական «էլիտաները»: Ներկայում հարցն այն է, թե «էլիտայի» մակարդակում արդյոք կա զինուժի փրկածը պահելու կամք եւ գիտակցություն, որը հնարավորություն կտա բերել նաեւ համապետական ներուժի կոնսոլիդացման: Շրջանառության մեջ դրված ազգ-բանակ հայեցակարգը գործնականում հենց այդ մեսիջն է, ավելի շատ այսպես ասած աշխարհին, հավաստիացումով, որ կա ստատուս-քվոն եւ ըստ այդմ խաղաղությունը պահելու կամք:

Ինչպե՞ս կգնահատեն այդ կամքը ուժային կենտրոնները: Նրանք ակնհայտորեն փորձում են շոշափել ներուժը: Սակայն ակնհայտ է, որ կա խնդիր ներքին, հանրային գնահատման, ավելի շուտ վստահության մասով: Ընդ որում, ակներեւ է նաեւ, որ այդ խնդիրը մոտ ապագայում հաղթահարելի չէ, թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ նկատառումներից ելնելով:

Սակայն դրա հաղթահարման արագությունից է կախված այն, թե որքանով Հայաստանը համոզիչ կլինի ստատուս-քվոյի միջազգային դե ֆակտո ամրագրման հարցում:

Սկզբունքային, այսպես ասած «հետդարձի կետն» այն է, որ ազգ-բանակ հայեցակարգի պարագայում տեղի չունենա ռազմական եւ քաղաքացիական բաղադրիչների հակադրություն: Դրանք պետք է լինեն փոխլրացնող, եւ Հայաստանը որպես պետություն պետք է գտնի այդ մոդելը, այդ համադրությունը ձեւավորելու՝ քաղաքացիությամբ բանակը, եւ բանակով քաղաքացիությունը պաշտպանելու մոդելը:

Հայկական զինուժը կանգնած է արդիական քաղաքակրթության սահմանին, սակայն հայկական պետականությունը չի տվել դրա քաղաքական բանաձեւը աշխարհին: Աշխարհը սպասում է դրան:

Գործնականում դրանից է կախված նաեւ, թե ինչպիսի օրակարգով տարածաշրջան կայցելի Լավրովը, թե այժմ, թե հետագայում, եւ չունի սկզբունքային նշանակություն, թե ինչպիսի երթուղով:

Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը հայտնվեց կոլապսում: Մոսկվան ակնկալում էր անվտանգության կառավարչի կարգավիճակն օգտագործելով ընդլայնվել տարածաշրջանում ռազմական ներկայության առումով, դուրս գալով ղարաբաղյան գոտի՝ Իրանի եւ Ադրբեջանի սահման: Սակայն այդ ակնկալիքը չարդարացավ, փոխարենը առաջացավ իրավիճակի կառավարման լրջագույն խնդիր: Ապրիլյան պատերազմը ավելի շատ դադարեցրել է ոչ թե Մոսկվան, այլ գործոնների մի ամբողջ բազմություն:

Պատերազմից հետո Հայաստանին ցուցաբերված ռազմա-տեխնիկական օգնությունը կամ պարզապես Իսկանդերի տրամադրումը գործնականում բացի հայկական հասարակության առաջ ռեաբիլիտացվելու նպատակից, ուներ նաեւ Կովկասում անվտանգության կառավարման հարցում տապալումը վերականգնելու նպատակ, ինչը հնարավոր չէ անել առանց Հայաստանի: Հակառակ պարագայում Ռուսաստանը Կովկասում վերածվում է «դաշտագլոր» բույսի, աշխարհքաղաքական քամիների ազդեցության ենթակա, որոնք ի վերջո գլորելու են Մոսկվային Կովկասից դուրս:

Ըստ այդմ, ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը Կովկասում ունի մեկ օրակարգ՝ պահել անվտանգության կառավարչի կարգավիճակը, ինչն անհնար է առանց Հայաստանի: Խոշոր հաշվով, դա է նաեւ ղարաբաղյան ներկայիս գործընթացի տրամաբանությունը, եւ գործընթացը դե ֆակտո տեղի է ունենում ոչ թե Հայաստան-Ադրբեջան, այլ ԱՄՆ, Ֆրանսիա, Հայաստան –Ռուսաստան ձեւաչափով, երբ Մոսկվայի առաջ դրված է հարց՝ կարողանու՞մ է ապահովել Կովկասում անվտանգության կառավարչի դերը եւ վերահսկել թեկուզ հարաբերական կայունությունը, թե ոչ: Բանն այն է, որ հակառակ պարագայում Ռուսաստանը վստահության խնդիր է ունենում թե Արեւմուտքի, թե Իրանի, թե անգամ Թուրքիայի հետ: Գուցե տարօրինակ թվա, սակայն հռետորաբանության մակարդակի ներքո Անկարան գործնականում գիտակցում է, որ ստատուս-քվոյի փոփոխության առավել եւս ռազմական փորձը հղի է ընդամենը Ռուսաստանի ռազմական հաղթանակի հեռանկարով, ինչը Թուրքիային բացարձակապես պետք չէ:

Էրդողան-Պուտին հանդիպումից հետո թերեւս հենց այդ տրամաբանությունն է լինելու Լավրովի տարածաշրջանային ճանապարհորդության հիմքում:

Այս իրավիճակի մեջ է նաեւ ապրիլյան պատերազմից հետո ռուս-ադրբեջանական հարաբերության մեջ լարվածության շոշափելի նյարդի առկայության պատճառը:

Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը Ռուսաստանին թույլ չտա այլ օրակարգ, ինչն էլ կախված է այն բանից, թե ինչքանով Հայաստանի ներքին օրակարգն ու որակները կկարողանա փոխել իշխանությունը, եւ իր հերթին ինչքանով կկարողանա իշխանությանը իրավիճակին համարժեք օրակարգ եւ որակական փոփոխություն թելադրել հասարակությունը:

Ամենաընթերցվածը