Գագիկ Ծառուկյանի հուժկու հարվածը բոլորին

    • Մեկնաբանություն - 14 Նոյեմբերի 2017, 13:10
Ազգային Ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին Ծառուկյան դաշինքի պատգամավորները կազմակերպված գրոհի են ենթարկել կառավարությանն ու ՊԵԿ-ին, հայտարարելով, որ տոնավաճառների աշխատակիցների հանդեպ իրականացվում է հարկային տեռոր:

ՊԵԿ գործողություններից արդեն տեւական ժամանակ դժգոհում են Գագիկ Ծառուկյանին պատկանող տոնավաճառի աշխատակիցները: Ծառուկյան դաշինքի պատգամավորները քառօրյայի մեկնարկին համազարկ են տվել ՊԵկ եւ վարչապետ Կարեն Կարապետյանի ուղղությամբ, հայտարարելով, թե փող հավաքելու եւ բյուջեն լցնելու տեղը ոչ թե տոնավաճառներն են, այլ օրինակ գազի ոլորտը, որտեղ կան մեծ կոռուպցիոն ռիսկեր:

Գազի ոլորտից են թե վարչապետ Կարեն Կարապետյանը, թե ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Ծառուկյանի դաշինքը արդեն տեւական ժամանակ է սկսել է կոշտացնել իր հռետորաբանությունը կառավարության քաղաքականության հանդեպ, սակայն նոյեմբերի 14-ի խորհրդարանական քննադատությունն իր կոշտությամբ թերեւս եղել է աննախադեպ:

Արդյոք դա պայմանավորված է Ծառուկյանի հանդեպ ՊԵԿ գործողությունների աննախադեպ կոշտացումով, թե՞ այստեղ կա ավելի լայն ներքաղաքական տողատակ:

Բանն այն է, որ մի քանի ամիս առաջ տոնավաճառների հարցը վերստին ակտիվացել էր, հետո որոշակիորեն հանդարտվել: Մեկ-երկու շաբաթ առաջ այն կրկին ակտիվացավ, տոնավաճառների աշխատակիցները իրականացրին բողոքի մի քանի ակցիա: Սակայն դրանից հետո տիրեց որոշակի լռություն: Ըստ տեղեկությունների, այդ ընթացքում ներիշխանական համակարգում Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ եկել են խաղի կանոնների շուրջ որոշակի փոխհամաձայնության:

Եվ ահա Ծառուկյան դաշինքի պատգամավորները ուժգին քննադատության են ենթարկում ՊԵԿ գործողություններն ու ակնարկում Կարեն Կարապետյանին:

Հատկանշական է, որ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Սամվել Կարապետյանը եւ Հայաստանի ներդրողների ակումբը հայտարարում են առաջիկա տարիներին մեկ միլիարդ դոլարի ներդրումային մտադրության մասին:

Փաստացի, տեղի է ունենում Սերժ Սարգսյան-Սամվել Կարապետյան որոշակի փոխհամաձայնություն, որի վրա ամենայն հավանականությամբ կառուցվելու է առաջիկա տնտեսա-քաղաքական գործընթացը: Ահա այդ հայտարարության ֆոնին հատկանշական է դառնում Ծառուկյան դաշինքի հուժկու գրոհը կառավարության եւ Կարեն Կարապետյանի ուղղությամբ:

Բանն այն է, որ Սարգսյանի եւ Սամվել Կարապետյանի պայմանավորվածության հարթակը կառավարությունն է, եւ Գագիկ Ծառուկյանը հարվածում է այդ հարթակին: Ծառուկյանն ըստ երեւույթին արձանագրում է իր հետ պայմանավորվածությունների խախտում: Այդ իմաստով խիստ խորհրդանշական է նաեւ, որ դաշինքի պատգամավորները, քննադատելով ՊԵԿ եւ կառավարության գործողությունները, որպես այսպես ասած ստվերի եւ փողի աղբյուր մատնացույց են անում նաեւ Մոնումենտի դղյակները: Բանն այն  չէ, որ Մոնումենտում դղյակներ ունեն վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, կամ Սամվել Կարապետյանի եղբայրը: Այնտեղ դղյակ ունի նաեւ Ծառուկյանի խնամին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ահա այդ դղյակում 2015 թվականի փետրվարին տեղի ունեցավ ներիշխանական այսպես ասած կոլեկտիվ հաշտության ակտ՝ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Դաշնակցության ներկայությամբ:

Գագիկ Ծառուկյանն ըստ երեւույթին հիշեցնում է Մոնումենտի պայմանավորվածությունը եւ ակնարկում, որ իր դեմ քայլերով այն խախտվում է: Ծառուկյանն այդ իմաստով հարված է հասցնում բոլորին՝ Սերժ Սարգսյանին, Սամվել Կարապետյանին,  Կարեն Կարապետյանին, Հովիկ Աբրահամյանին: Իհարկե, նրա քայլը բոլորին հարված է տեսականում, այսինքն ունիվերսալ հարված է եւ կարող է ստանալ ցանկացած ուղղություն:

Ի վերջո, հնարավոր է, որ Մոնումենտի պայմանավորվածությունը խախտեն ոչ թե Սարգսյանն ու Կարապետյանը, այլ Սարգսյանն ու Ծառուկյանը, եւ Սերժ Սարգսյանը մի ձեռքով իշխանության հարցում մեկ միլիարդի փոխզիջման գնա Սամվել Կարապետյանի հետ, մյուս ձեռքով Գագիկ Ծառուկյանի օգնությամբ Կարապետյանին թույլ չտա մարսել դա:

Ամենաընթերցվածը