«Եռյակ հրամանատարություն». Վիգեն Սարգսյանի սենսացիոն որոշումը

  • Մեկնաբանություն - 14 Նոյեմբերի 2017, 09:57

Մենք պատրաստ ենք անել հնարավորը, որ որեւէ օլիգարխի, պաշտոնյայի որդի չխուսափի ծառայությունից, ասել է ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հավաստիացրել է, թե իշխանությունը կամք ունի այնպիսի փոփոխություններ իրականացնել, որ օլիգարխների եւ պաշտոնյաների որդիները բանակ զորակոչվեն, արտոնյալներ չլինեն: Շարմազանովը դա հիմնավորել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքով, թեեւ ըստ դրա տարկետման իրավունքն է սահմանափակվում, իսկ «արտոնյալները» կարող են ազատվել օրենքում առկա սողանցքներով:

Այս հայտարարությանն իհարկե պետք է հումորով մոտենալ: Մյուս կողմից, պետք է նշել, որ Հայաստանը պետություն կդառնա, եթե այդպիսի բան կատարվի:

Աղմկահարույց այս օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունվելու է Ազգային ժողովում: Ուսանողական դասադուլը շարունակվում է, շարժման համակարգողները խոստանում են անակնկալ ակցիաներ: Հանրային շրջանակներում շարունակվում են կողմ եւ դեմ փաստարկները, որոնք բավական վիճահարույց են: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ խնդիրը «ունիվերսալ» է եւ չի առնչվում միայն զինծառայությանը, այլեւ՝ հանրային-պետական կյանքի բազմաթիվ շերտերի:

Այս պարագայում միարժեք լուծում չի կարող լինել, պետք է ստեղծվի ճկուն ու բազմակողմ ինչ որ մեխանիզմ, որը ենթադրում է թե զինծառայության, թե կրթության խնդիրների կարգավորումը առանց մեկը մյուսին վնասելու: Տալի՞ս է օրենքը այդ հնարավորությունը՝ կարծիքները տարբեր են:

Միեւնույն ժամանակ, ցանկացած օրենք կամ նախաձեռնություն, որն առնչվում է հանրային նուրբ թեմաներին, իր հիմքում պետք է ունենա վստահության ու «լեգիտիմության» մեծ չափաբաժին: Առավել եւս զինծառայության հարցում, նկատի առնելով պատերազմական իրավիճակը եւ այն խոշոր անարդարությունը, որ առկա է այդտեղ:

Պաշտոնյաների զավակները չեն ծառայում, զբաղեցնում են բարձր պաշտոններ, դառնում պատգամավորներ: Զինված ուժերի ամփոփագրերում, որոնք վերաբերվում են զոհերին ու վիրավորներին, սոցիալապես անապահով խավերի զավակներն են:

Իշխանությունն ասում է, որ այս օրենքով փորձում են վերջ տալ դրան: Սակայն կա՞ արդյոք հավատ ու վստահություն, որ այդպես էլ լինելու է: Ավելին, չնայած բանակի խնդիրների վերաբերյալ առաջարկվող իշխանական նախաձեռնությունները պարունակում են բազմաթիվ դրական պահեր, հանրության լայն շերտերում, այնուամենայնիվ, տարածված է այն համոզումը, որ դրանցով փորձ է արվում նոր իրավիճակում տարբեր մեխանիզմներ կիրառելով, այդ թվում «խրախուսական», կրկին բոլոր պարտավորությունները դնել անապահով շերտերի վրա:

Ավելորդ է ասել, որ նման պայմաննեում որեւէ նախաձեռնություն ոչ միայն չի աշխատի ու չի փոխի իրավիճակը, այլեւ կարող է ավելի խորացնել համակարգային արատները, բարձրացնելով կոռուպցիայի ու արտոնությունների «գինը»:

Ինչպե՞ս վերականգնել վստահությունը եւ օրենքի հավասար կիրառումը: Սա բարդ խնդիր է Հայաստանում, իշխանության գործունեության ֆոնին, որը տեղ չի թողել որեւէ վստահության համար:

Իսկ մինչ այդ, Վիգեն Սարգսյանը, ով այս օրերին բազմաթիվ հարվածներ ստացավ, այդ թվում յուրայիններից, առավել եւս, որ իր զինծառայության հարցն էլ բավական խնդրահարույց է, կարող է կայացնել հրաշալի որոշում. Հավաքում է պաշտոնյաների ու օլիգարխների բանակում չծառայած զավակներին, որոնց զգալի մասը կրկին պաշտոնյաներ ու պատգամավորներ են, եւ ձեւավորում է գումարտակ իր հրամանատարությամբ: Տեղակալները կլինեն Տարոն Մարգարյանն ու Էդուարդ Շարմազանովը:

Գումարտակը կիսվում է եւ մեկնում առաջնագիծ՝ Տարոն Մարգարյանի հրամանատարությամբ Եղնիկներ-Թալիշ հատված, Շարմազանովի հրամանատարությամբ՝ Հորադիզի հատված, կամ հակառակը: Աղդամ պետք չէ գնալ, այլապես կարող են լուրջ ընդունել, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, եւ հանձնել:

Երկու տարի պահում են դիրքերը, ապա վերադառնում իրենց պաշտոններին: Դրանով եւ իրենց են «մաքրում», եւ հաստատ նպաստում այդ դիրքերի նյութա-տեխնիկական հագեցածությանը, քանի որ հայրիկները նրանց կապահովեն ամեն ինչով:

Անհնա՞ր է: Գուցե: Այդ դեպքում պետք է մտածել վստահության վերականգնման այլ ձեւեր:

Շատ է խոսվում սերնդափոխության, նոր էլիտայի մասին: Իրենց հարգող երկրներում պետական-քաղաքական էլիտայի պարտադիր տարրերից մեկը զինվորական ծառայությունն է:

Ամենաընթերցվածը