Կարեն Կարապետյանին դուրս գրեցին. Անցումային փուլն ավարտվեց

    • Մեկնաբանություն - 13 Նոյեմբերի 2017, 18:12
Հայաստանի ներդրողների ակումբը նոյեմբերի 13-ին հայտարարել է այն մեկ միլիարդ դոլարի ներդրումային մտադրության մասին, որի վերաբերյալ ռուսական լրատվամիջոցներին օրերս տված հարցազրույցում խոսել էր Սերժ Սարգսյանը:

Ինքնին այն, որ Սերժ Սարգսյանն իր վրա էր վերցրել ներդրողների ակումբի ներդրումային ծրագրի կամ մտադրության ազդարարումը, այն էլ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, արդեն իսկ ուշագրավ հանգամանք էր, նկատի ունենալով այն, որ ներդրողների ակումբը վարչապետ Կարեն Կարապետյանի այսպես ասած տնտեսա-քաղաքական աջակցության ակումբն էր:

Այդ հանգամանք էլ ուշագրավ է դարձնում մեկ այլ բան՝ Կարեն Կարապետյանի բացակայությունը մեկ միլիարդի մասին ազդարարող միջոցառմանը, նաեւ Ներդրողների ակումբի լոկոմոտիվ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող առեւտրային նոր կենտրոնի բացման արարողությանը: Մինչդեռ երկու իրադարձություններին էլ ներկա է եղել Սերժ Սարգսյանը:

Գործնականում երկու իրադարձության քաղաքական հանրագումարը թերեւս այն է, որ Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը «դուրս գրեցին» վարչապետ Կարեն Կարապետյանին: Նրա տնտեսա-քաղաքական աջակցության համար ստեղծված հիմնադրամը գործնականում դարձավ Սերժ Սարգսյանի եւ Սամվել Կարապետյանի փոխհամաձայնության հարթակ, որտեղ Կարեն Կարապետյանը քաղաքական իմաստով դարձավ ավելորդ:

Դա բոլորովին չի նշանակում, որ այդպիսով օրակարգից դուրս եկավ նրա վարչապետ մնալու հարցը: Այդ տարբերակը դեռեւս կմնա օրակարգում: Կարեն Կարապետյանը կարող է մնալ 2018-ի ապրիլից հետո, վարչապետի պաշտոնում, բայց դարձյալ ընդամենը մենեջեր, ինչպիսին հանդիսացավ մի ամբողջ տարի: Պարզապես, Սերժ Սարգսյանի ճգնաժամային կառավարման մենեջերից Կարեն Կարապետյանը 2018-ի ապրիլից հետո կարող է վերածվել Սամվել Կարապետյանի «թոփ-մենեջերի», քանի որ Սարգսյանն ու Կարապետյանը պայմանավորվել են հաղթահարել ճգնաժամը՝ Սամվել Կարապետյանի ներդրումների շնորհիվ:

Ընդ որում, այստեղ ուշագրավ է այն, որ հենց Սերժ Սարգսյանը ազդարարեց մեկ միլիարդի մասին, եւ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում, Ռուսաստան նրա կատարելիք այցի շեմին: Այցը տեղի է ունենալու նոյեմբերի 15-ին:

Բանն այն է, որ Հայաստանի ներդրողների ակումբը գործնականում դարձյալ ռուսական այցից ծնված գաղափար է, պարզապես Կարեն Կարապետյանի Ռուսաստան կատարած այցից, 2017-ի հունվարին: Ընդ որում, այդ այցից ընդամենը մի քանի օր առաջ էր, որ Կարապետյանը վարչապետության մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ հայտարարել էր, թե պատրաստ է 2018-ին մնալ իր պաշտոնում:

Մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Կարապետյանը պաշտոնական այց է կատարելու Մոսկվա: Մոսկվայում նա ստացավ ՌԴ վարչապետ Մեդվեդեւի շոշափելի աջակցությունը, միաժամանակ հայտարարությամբ հանդես եկան ռուսաստանահայ երեք տասնյակ գործարարները, որոնք երկու ամիս անց ստեղծեցին Հայաստանի ներդրողների ակումբը:

Միեւնույն ժամանակ, 2018-ի մարտին՝ ներդրողների ակումբի ստեղծումից մոտ երկու շաբաթ առաջ Մոսկվա այց կատարեց Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով Հայաստանում կառավարման մոդելի փոփոխությանը, Պուտինը հայտարարեց, թե հուսով է, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը սահուն կհաղթահարի անցումային փուլը:

Գործնականում նոյեմբերի 15-ին Մոսկվա այցից առաջ Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը հայտարարում են «անցումային փուլի» սահուն հաղթահարման ճանապարհային քարտեզի մասին, որն էլ ըստ երեւույթին կներկայացվի Պուտինին նոյեմբերի 15-ի այցի ընթացքում:

Դա լինելու է Հայաստանում նոր քաղաքական իշխանության ձեւավորման փուլը, որի համար Հայաստանը Ռուսաստանից չի ակնկալի ֆինանսա-տնտեսական սնուցում, այդ դերը կկատարի Սամվել Կարապետյանը՝ Ռուսաստանի համար վստահելի եւ վերահսկելի ֆիգուր: Այդ տեսանկյունից, վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակությունը կտրուկ «տեղայնացվում» է եւ «քաղաքականազրկվում», համենայն դեպս քանի դեռ ուժի մեջ է Սերժ Սարգսյան-Սամվել Կարապետյան պայմանավորվածությունը եւ ճանապարհային քարտեզը:

Կարեն Կարապետյանին քաղաքականության մեջ այդ տարբերակում մնում է մի ճանապարհ՝ ձեւավորել ՀՀԿ ընդդիմադիր «ֆրակցիա» կամ նոր կուսակցություն: Ի դեպ, այդ տեսանկյունից հատկանշական է, որ ՀՀԿ անդամակցելու վերաբերյալ հարցին մեկ տարի առաջ Կարապետյանը հայտարարեց, թե վարչապետի պաշտոնը զբաղեցնելով կամ պետք է մտներ ՀՀԿ, կամ ստեղծեր նոր կուսակցություն, ինչը սակայն այդքան էլ նպատակահարմար չէր: Այլ կերպ ասած, Կարապետյանն ակնարկում էր, որ ՀՀԿ անդամակցությունն իր համար իհարկե չունի հեռանկար, բայց տվյալ պահին նա լուծում էր ընդամենը կարճաժամկետ խնդիրներ:

Այժմ Կարապետյանին կարճաժամկետ խնդիր թողնված չէ, եւ նա կամ ձեռնամուխ կլինի հեռանկարին, կամ քաղաքականության մեջ նա այլեւս չի ունենա որեւէ այլ հեռանկար: Կարեն Կարապետյանը գործնականում կատարել է իր կարճաժամկետ գործառույթը թե Սերժ Սարգսյանի, թե Սամվել Կարապետյանի համար:

Ամենաընթերցվածը