Ներդրողների ակումբն ու Տաշիրը մուկ ծնեցին

    • Մեկնաբանություն - 13 Նոյեմբերի 2017, 15:55
Տաշիր ընկերությունների խումբը, որը պատկանում է ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանին, եւ նրա գլխավորած Հայաստանի ներդրողների ակումբը հայտարարեցին այն մեկ միլիարդի մասին, որի «գովազդային գործակալի» գործառույթը իր վրա էր վերցրել Սերժ Սարգսյանն ու «տեղակայել» այդ «գովազդը» ռուսաստանյան մամուլին տված իր հարցազրույցում:

Տաշիրը հայտարարել է, որ Հայաստանի ներդրողների ակումբի հետ պատրաստվում է մեկ 1,1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի էներգետիկայում: Մասնավորապես, ինչպես հայտնում են լրատվական գործակալությունները, 200 միլիոն դոլար ներդրվելու է Շնող ՀԷԿ կառուցման համար, իսկ մոտ 900 միլիոն դոլար էլ ներդրվելու է Տաշիրին պատկանող Հայաստանի բաշխիչ ցանցի արդիականացման համար:

Հայտարարվել է, որ ակնկալվում է 2,5 հազար նոր աշխատատեղ:

Մեկ միլիարդ դոլարի ներդրում եւ 2,5 հազար նոր աշխատատեղ: Անկասկած խոսուն հարաբերակցություն է, որը վկայում է ներդրումային էֆեկտիվության ոչ այնքան բարձր աստիճանի մասին: Որովհետեւ Հայաստանում եղել են տարիներ, երբ կատարվել են շատ ավելի քիչ ներդրումներ, սակայն ստեղծվել են շատ ավելի մեծ թվով աշխատատեղեր:

Իսկ ներդրումային «ինդիկատորի» գլխավոր չափիչներից մեկը հենց այն է, թե ինչքան աշխատատեղ է ստեղծվում դրա արդյունքում: Այլապես, հնարավոր է օրինակ բերել, պայմանականորեն, 100 միլիոն դոլար արժողության տրանսֆորմատոր եւ հայտարարել 100 միլիոն դոլարի ներդրման մասին, որը կապահովի թերեւս մի 3-4 ժամանակավոր աշխատատեղ՝ ներկրված տրանսֆորմատորը բեռնատարի թափքից իջեցնելն ու տեղը դնելը:

Իսկ հայտարարված ներդրումային ուղղությունը վկայում է, որ ըստ էության 1 միլիարդը հենց այդպիսին էլ լինելու է, այսինքն դրա մի շոշափելի մասը թերեւս կլինեն սարքավորումները, որ կներկրվեն ՀԷԿ-ի կամ ցանցերի համար:

Ինչ խոսք, փողը Սամվել Կարապետյանինն է, եւ այն, որ նա թեկուզ այդ տարբերակով ներդրում է անում Հայաստանում, իհարկե ողջունելի եւ կարեւոր քայլ է: Բայց արժե՞ր դրա համար ստեղծել Ներդրողների ակումբ, տարածել հռչակագրեր, որոնց բնույթն այնպիսին էր, որ կարծես թե այդ ակումբը Հայաստանում պատրաստվում է անել մշակութային ու տեխնոլոգիական հեղափոխություն:

Պարզվում է, լեռը՝ տվյալ դեպքում ներդրողների ակումբը, Տաշիր գրուպի հետ միասին ընդամենը մուկ ծնեց: Համենայն դեպս, այն մարտահրավերների եւ խնդիրների համեմատ, որոնց առաջ կանգնած է Հայաստանը՝ որպես պետություն, կատավող ներդրումների որակն ու ուղղությունները ընդամենը «մուկ» են, գուցե մի փոքր «կերած-խմած» մուկ, բայց ընդամենը մուկ: Նաեւ այն ֆոնին, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում եւ աշխարհում: 

Ամենաընթերցվածը