Ուսանողները վճռում են Սերժ Սարգսյանի ճակատագիրը

    • Մեկնաբանություն - 13 Նոյեմբերի 2017, 13:53
Ուսանողները շարունակում են դասադուլը եւ մտադիր են անցնել «անակնկալ» ակցիաների: Այս մասին հայտարարել է շարժման ակտիվիստներից Դավիթ Պետրոսյանը, որը խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովին նախատել է ուրբաթ օրն անսպասելի արտահերթ նիստ հրավիրելու եւ «մթության քողի տակ» զինծառայության մասին նոր օրենքներին հավանություն տալու համար:

Այս օրենքները բխում են «ազգ-բանակ» գաղափարախոսությունից, որն ակտիվորեն առաջ է տանում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հայեցակարգը հայտարարվել է դեռ անցյալ տարի եւ հենց դա պետք է հիմք դառնա Հայաստանում իշխանության ապագա կառուցվածքի համար:

Սերժ Սարգսյանը, որի նախագահական լիազորությունները 2018 թվականին մոտենում են ավարտին, պատրաստվում է նոր սխեմա կառուցել, որտեղ նա պետք է գլխավոր տեղ ունենա: Այս տեղը պետք է կապված լինի անվտանգության ու պաշտպանության հետ, որի մասին բազմիցս հայտարարել են հայ պաշտոնյաները, եւ ինքը՝ Սերժ Սարգսյանը:

Հնարավոր է, դա կլինի վարչապետի բարձրագույն պաշտոնը, որտեղ Սերժ Սարգսյանն իր վրա կվերցնի արտաքին քաղաքականության ու անվտանգության գործառույթները, իսկ սոցիալ-տնտեսական մասը կթողնի փոխվարչապետին, որը կարող է լինել Կարեն Կարապետյանը:

Սակայն դժվար թե հնարավոր լինի զբաղվել անվտանգության հարցով, երբ տնտեսությամբ զբաղվում են այլ մարդիկ: Ահա թե ինչու մի համակարգ է պետք, որը թույլ կտա ոչ միայն ցանկացած պահի բոլոր պետական միջոցներն ուղղել «անվտանգության հուն», այլ նաեւ ամբողջ տնտեսությունը դնել ռազմական ռելսերի վրա ու ամբողջ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնել:

Այդպիսի կառուցվածքի համար պետք է «վերկառավարական» մարմին, որը հավանաբար կլինի նորացված Ազգային անվտանգության խորհուրդը: Մյուս կողմից, պետք է գաղափարախոսություն, որը թույլ կտա երկիրը քաղաքացիական ռելսերից տեղափոխել կիսառազմականի վրա:

Հայ հանրությունը միանշանակ չի ընդունել ազգ-բանակ գաղափարախոսությունը: Անկասկած, հասկանալով, որ երկիրը գործնականում պատերազմական վիճակում է, բնակչության մի մեծ հատված չի ցանկանում հրաժարվել քաղաքացիական կենսակերպից եւ իր կյանքը ծառայության դնել անվտանգությանն ու պաշտպանությանը: Մարդկանց մեծ մասը ցանկանում է համատեղել քաղաքացիական կյանքն ու հայրենիքի առաջ պարտքը, ապրել նորմալ խաղաղ կյանքով՝ չհրաժարվելով իր հայրենիքի պաշտպանությունից:

Ինչ վերաբերում է հասարակության ռազմականացմանը, ապա այն անխուսափելի է էքզիստենցիալ սպառնալիքի պայմաններում, եւ 2016 թվականի ապրիլին հանրությունն ապացուցեց, որ մտադիր չէ թաքնվել նկուղներում: Ապրիլյան պատերազմի ֆենոմենը նաեւ այն է, որ չնայած ակտիվ ռազմական գործողություններին, մարդիկ Հայաստանից Ղարաբաղ էին գնում: Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում բոլորը պատրաստ են մոռանալ քաղաքացիական կյանքը եւ մասնակցել պաշտպանությանը:

Սակայն եթե այդպիսի անհրաժեշտություն չկա, մարդիկ ցանկանում են նորմալ կյանքով ապրել, առավել եւս, որ շատերը համոզված են, որ այս պահին ռազմականացումը ոչ այնքան պետական անհրաժեշտությունից բխող գաղափարախոսւթյուն է, որքան Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ում նրա կողմնակիցների իշխանության  պահպանման քաղաքականություն:

Հնարավոր է, այդ գաղափարախոսությունը տնտեսապես ձեռնտու է երկրին, քանի որ թույլ կտա դրսից միջոցներ ներգրավել: Ներկայում անվտանգությունը, իրոք, արմատական քայլեր է պահանջում, սակայն մարդիկ, հատկապես երիտասարդները, քաղաքացիական կյանքից հրաժարվելու եւ իրենց անվտանգության խնդիրներին նվիրելու իրական պատճառներ չեն տեսնում:

Ղարաբաղում իրավիճակը փոքր ինչ այլ է: Այնտեղ հնարավոր չէ մտածել անվտանգության մասին եւ հանուն դրա հրաժարվել խաղաղ քաղաքացիական կյանքից: Այնտեղ տան լուսամուտից կարելի է տեսնել թշնամու դիրքերը: Հայաստանում այլ իրավիճակ է:

Ազգ-բանակը մինչ այժմ մեծ խնդիրների չի բախվել, սակայն ընդվզած ուսանողները կասկածի տակ են դրել Սերժ Սարգսյանի մտածածը՝ ազգ-բանակ գաղափարախոսության ու ռազմականացման միջոցով իշխանության պահպանում: Ուսանողները դա իրենց վրա են զգացել:

Ամենաընթերցվածը