Վիեննան կրկին փակեց Պուտինի եւ Էրդողանի ճանապարհը Ղարաբաղում

    • Մեկնաբանություն - 12 Նոյեմբերի 2017, 22:09
Չնայած Պուտինն ու Թրամփն առանձին չեն հանդիպել, Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահները կարողացել են Սիրիայի վերաբերյալ հայտարարության տեքստ համաձայնեցնել, որում Ռուսաստանի համար ցանկալի բառերը կան՝ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանում:

Երկու նախագահները պայմանավորվել են Իսլամական պետության դեմ պայքարն ավարտին հասցնել, համաձայնեցնել երկրի բաժանումը «ապաէսկալացված գոտիների», կամ այլ կերպ ասած՝ ազդեցության գոտիների, սակայն դրանով հանդերձ հայտարարվել է, որ Սիրիան չեն կիսելու:

Համենայնդեպս, ոչ հիմա: Հնարավոր է, եթե Իրաքյան Քրդստանի հանրաքվեն այլ ելք ունենար, Պուտինն ու Թրամփն այլ բան կպայմանավորվեին: Սակայն առայժմ որոշել են չխանգարել միմյանց ամրապնդվելու Մերձավոր Արեւելքում՝ չփոփոխելով պետական սահմանները:

Պուտինը չէր թաքցնում գոհունակությունը Թրամփի հետ պայմանավորվածության մասին պատմելիս: Ճիշտ է, դեռ հասկանալի չէ, թե ինչ է Ռուսաստանը զիջել դրա դիմաց: Պատահական չէ, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը նույն օրը հայտարարել է, որ պատրաստ է Դոնբաս խաղաղապահներ բերելու մասին բանաձեւի նախագիծը: Լրատվամիջոցները հայտնել են, որ խոսքը 20 000 միջազգային խաղաղապահների մասին է, որոնք կանգնելու են Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանին՝ ի հեճուկս Մոսկվայի:

Միայն կռահել կարելի է, թե ինչով է պայմանավորված «տարածքային» սառեցումը: Դա եւ աճող կոնֆլիկտն է Սաուդյան Արաբիայի եւ Լիբանանի միջեւ, եւ պաղեստինյան հարցը լուծելու ԱՄՆ ծրագրերը: Որոշ արեւելյան վերլուծաբաններ ենթադրում են, որ Պաղեստինի հարցը ցանկանում են լուծել եգիպտական Սինայի հաշվին՝ ոչ ի վնաս Իսրայելի: Իսկ Պաղեստինի հարցի լուծումը կարող է Մերձավոր Արեւելքում նոր կարգի սկիզբ դառնալ:

Դա սակայն, ապագայի համար: Առանց վերջնական լուծման սառեցում, հավանաբար, նաեւ Ղարաբաղին է սպասվում: Արդեն մի քանի շաբաթ արտահոսքեր են թողնվում, որ Պուտինն ու Էրդողանը որոշել են նոյեմբերի 13-ին հանդիպել Սոչիում եւ «լուծել» Ղարաբաղի հարցը: Խոսքը տարածքային զիջումների, ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության եւ ռուս խաղաղապահների վերաբերյալ ինչ-որ նախագծի մասին է:

Սակայն այդ հանդիպումից մի քանի օր առաջ Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որտեղ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Եվրամիությունն ու Հայաստանը զարմանալիորեն նման դիրքորոշում են հայտնել: Բոլոր կողմերը հայտարարել են Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ու հակամարտության գոտում հետաքննություների մեխանիզմի մասին:

Այդ մեխանիզմների ներդրումը նշանակում է հրաժարում ռազմական գործողություններից, որը կսառեցնի իրավիճակը եւ թույլ կտա շարունակել բանակցություններն արդեն նոր աշխարհակարգի մասին գլոբալ համաձայնությունների համատեքստում:

Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհուրդը, փաստացի, փակել է Պուտինի եւ Էրդողանի միջեւ անջատ պայմանավորվածությունների ճանապարհը, որին կարող էր համաձայնվել Հայաստանը: Պատահական չէ, որ ադրբեջանական մամուլում գրեթե անդրադարձ չկա ԵԱՀԿ Մշտական խորհրդում կողմերի ելույթներին: Հնարավոր է, Բաքվում եւս թեթեւացած շունչ են քաշել, որովհետեւ Էրդողան-Պուտին պլանի համաձայնեցման դեպքում տարածաշրջանում մեծ անկայունություն կարող էր սկսվել:

Անկասկած, Պուտինն ու Էրդողանը դեռ կարող են անջատ պայմանավորվել ու անգամ Հայաստանին ստիպել ինչ-որ հայտարարություններ անել, սակայն ԱՄՆ ու ԵՄ կոշտ դիրքորոշումը վկայում են, որ համաշխարհային մայրաքաղաքներում հասկանում են այդ հնարավորությունը եւ իրադարձությունների նման զարգացումը կանխելու ծրագրեր ունեն:

Ամենաընթերցվածը