Ակամա բարեկամություն

  • Մեկնաբանություն - 12 Նոյեմբերի 2017, 16:24
Այս շաբաթ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հրավերով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնել էր այդ երկիր:

Սա Հայաստանի արտգործնախարարի՝ Իսրայել կատարած առաջին այցը չէր: Բայցեւայնպես՝ ներկա միջազգային իրավիճակում Նաթանյահուի հրավերը մի տեսակ ինտրիգային է: Հայաստանում, ավանդաբար, շատերը թերահավատորեն են մոտենում թե Իսրայել պետությանը, թե հրեական գործոնին ընդհանրապես: Տասնամյակներ շարունակ հանրային գիտակցության մեջ արմատավորվել են այն համոզմունքները, թե հայ ժողովրդի դժբախտությունների մեջ հրեաները հատուկ դեր են խաղում: Իրարից առավելագույնս հեռավորություն պահպանելու՝ Հայաստանի եւ Իսրայելի վարած երկարամյա քաղաքականությունն էլ ավելի է ամրապնդում այդ ավանդական համոզմունքները: Դե, իսկ Ադրբեջանին ժամանակակից հարձակվողական զենքի վաճառքը սպառնում է վերջնականապես ամրագրել Իսրայելի կերպարը` որպես հայ ժողովրդի թշնամու:

Հասկանալի է, որ նկարագրված հոգեբանական իրավիճակում Իսրայել պետության հետ Հայաստանի ցանկացած պաշտոնյայի շփումը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Եվ բանը սոսկ այն չէ, որ հայերի մեջ արմատացած ավանդական պատկերացումները կասկածի ալիք են առաջ բերում իսրայելական ղեկավարության անկեղծության հանդեպ: Խնդիրն այն է, որ Հայաստանի նկատմամբ Իսրայելի ցուցաբերած անսպասելի հետաքրքրության իմաստն այնքան էլ հասկանալի չէ: Զարգացած հարաբերությունների փորձի բացակայությունը մեզ թույլ չի տալիս գնահատել երկու երկրների ընդհանուր շահերի էությունը եւ իմաստը:

Բայցեւայնպես, արագ փոփոխվող միջազգային իրադրությունում պետք է ուշադրություն դարձնել բոլոր երկրների ու միջազգային կառույցների գործողություններին եւ առաջարկներին: Բավարար հիմքեր կան այն ենթադրությունների համար, որ աշխարհում եւ մեր տարածաշրջանում շատ երկրների կողմից հնարավոր է առկա դիրքորոշումների արմատական ​​վերանայում: Այն, ինչ երկար ժամանակ համարվում էր անընդունելի եւ անհնար, այս պահին արդիական իմաստ է ձեռք բերում` հակառակորդներն ակամա բարեկամանում են: Եվ դա տեղի է ունենում այն ​​պատճառով, որ շատերն ունեն ընդհանուր թշնամիներ: Իսկ միջազգային հարաբերություններում ոչինչ այնքան չի մերձեցնում հակառակորդներին, որքան ընդհանուր թշնամին:

Իրաքյան քրդերի խնդրի արդիականացման պահից տեսնում ենք մեր տարածաշրջանի երկրների դիրքերի մերձեցման այս տրամաբանությունը: Քրդստանի անկախության հանրաքվեից հետո տարածաշրջանում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. քաղաքական գործոն է հայտնվել, որը հակասում է տարածաշրջանի միանգամից մի քանի առանցքային դերակատարների`Թուրքիայի, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի շահերին: Տարբեր պատճառներով անհանգիստ են բազմաթիվ այլ երկրներ եւս. Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Ադրբեջանը եւ այլք:

Իրաքի քրդերի գործողություններում բոլորը տեսան միջազգային ինտրիգ, որն ավելին է, քան պարզապես քրդերի ինքնորոշումը: Իսկ ավելի կոնկրետ՝ այստեղ բոլորը տեսան Միացյալ Նահանգների «չար» մտադրությունները: Եվ առաջին բանը, որը սկսեց ակնհայտորեն դրսեւորվել այդ պայմաններում` տարածաշրջանի գործերում Ռուսաստանի դերի զգալի ամրապնդումն է: Իրան-Թուրքիա դիրքորոշումների մերձեցումն այս երկրներին ձգեց դեպի Ռուսաստան: Սակայն առավել հետաքրքիր երեւույթ էր Սաուդյան Արաբիայի թագավորի Մոսկվա կատարած պերճաշուք այցը: Այս այցից հետո կասկած չկա, որ տարածաշրջանային ուժերը միասին եւ առանձին-առանձին գնացին օգնություն խնդրելու Ռուսաստանից: Համենայն դեպս՝ բոլորը հույս ունեին, որ կհաջողվի Մոսկվային ետ պահել քրդերի գործողություններին աջակցելու գայթակղությունից: Առավել եւս, որ Ռուսաստանն արդեն վատ թաքցված առիթներ է տվել այդօրինակ կասկածների համար:

Ահա այստեղ է Իսրայելի դերը դառնում թափանցիկ` այս երկիրը բացեիբաց աջակցում էր քրդերի ինքնորոշմանը: Բնականաբար, նա պետք է անմիջապես լուրջ խնդիրներ ունենա տարածաշրջանի կարեւորագույն երկրների եւ Ռուսաստանի  միջեւ համագործակցության նոր, անսովոր բեւեռի հետ: Դաշնակցային հարաբերությունների ձեւավորման նախկին քաղաքականությունը կորցրել է իր արդյունավետությունը: Հակաիրանական դաշինքի ամրապնդման հետ կապված հույսերն այլեւս պատրանք են: Մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները դարձան խնդրահարույց, երբ նրանք ցույց տվեցին, որ երբեք չեն ընդդիմանա Թուրքիայի քաղաքականությանը: Այսինքն՝ հին խաղն ավարտվել է, իսկ նորը դեռ չկա: Քրդական գործոնը թաղեց տարածաշրջանում արմատավորված սովորական հարաբերություններն ու ուժերի հավասարակշռությունը: Առայժմ բոլորը հույս ունեն պատմության անիվը ետ տալ եւ վերականգնել «հին աշխարհը»: Բայց այդպես չի լինում:

Բոլորը ստիպված են վերանայել իրենց քաղաքականությունը: Առայժմ նկատելի է, որ ոչ ոք չգիտի, թե ինչպես դա անել: Նկատելի է նաեւ, որ բոլորը սկսել են ակտիվորեն փնտրել նոր հնարավորություններ: Դա կարող է անել նաեւ Հայաստանը, որի դերը զգալիորեն աճել է նոր պայմաններում: Հայաստանի հետ լուրջ խոսել ցանկացողների քանակն օրըստօրե աճելու է: Եվ խնդիրը ոչ միայն այն է, որ Հայաստանը դաշնակիցն է իր դերը շեշտակի ամրապնդած Ռուսաստանի, այլեւ Թուրքիայի եւ Իրանի մինչ այդ ունեցած ամուր հիմքերը խարխլելու հարցը: Այս երկրներն այլեւս չեն կարող իրենց հարեւաններին շատ կտրուկ պահանջներ ներկայացնել: Այսպիսի իրավիճակում տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր մեծ արժեք է ձեռք բերում: Թե ինչպես իրենց կպահեն այդ երկրները, դեռ պարզ չէ: Իսրայելը, ինչպես եւ մնացած բոլորը, Հայաստանի հետ խոսելու բան ունի: Այս հանգամանքին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել: Հասկացե՞լ է սա արդյոք Էդվարդ Նալբանդյանն իր այցի ընթացքում՝ ցույց կտա ժամանակը:

Acnis.am-ի խմբագրական

Ամենաընթերցվածը